×


Մամիկոն Սիմոնյանը

Մամիկոն Սիմոնյանի վերադարձը եթեր եւ հեռակա աշխատանքը Մոսկվայում

Մամիկոն Սիմոնյանը երկար դադարից հետո վերադարձել է հեռուստատեսություն: Առաջին ալիքի ուղիղ եթերում նա Մերի Ներսիսյանի հետ վարում է «Առավոտ լուսո» ծրագիրը: Մինչ այդ նա գտնվում էր Մոսկվայում եւ աշխատում այլ ոլորտում, որը նորություն էր հաղորդավարի համար: BRAVO.am-ի հետ զրույցում Մամիկոնը պատմել է երկրից մեկնելու եւ աշխատանքը փոխելու պատճառների մասին, ինչպես նաեւ մանրամասնել, թե ինչ գործով էր զբաղված Մոսկվայում ու արդյոք կվերադառնա այնտեղ:

«Ինձ մի պահ թվաց՝ հեռուստատեսությունն իմը չէ»

Դադար վերցնելն ու հեռուստատեսությունից հեռանալը հստակ ու գիտակցված որոշում էր: Նախ` ինձ համար շատ կարեւոր էր հասկանալ, թե մեդիայից դուրս ես ինչ կարող եմ անել, եւ երկրորդ` երբեմն պիտի թողնես, որ հեռուստադիտողն էլ քեզնից հանգստանա: Ես շատ երիտասարդ տարիքում եմ սկսել իմ աշխատանքը հեռուստատեսությունում: 2000 թվականից եթերում էի, եւ 14-15 տարի հետո արդեն նույնը չէի, ցանկություն կար այդ էջը փակելու: Ու եկավ մի պահ, երբ արդեն հագեցել էի, ու նոր բան չկար ինձ համար: Առաջացավ խնդիր` գուցե պետք է ոճը փոխել, գուցե աշխատանքը, ինձ մի պահ թվաց, որ հեռուստատեսությունն իմը չէ: Ցանկացած ոլորտում աշխատող յուրաքանչյուր նորմալ մարդ կարող է նման մտքեր ունենալ, դա բոլորի հետ լինում է: Ինձ համար լավ հնարավորություն էր դադար վերցնել: Ես օգտագործեցի այդ հնարավորությունը եւ վերջին երկու տարում աշխատեցի ու սովորեցի դրսում՝ Մոսկվայում:

Հեռուստատեսային դադարի տարիներն ու նոր մասնագիտությունը

Այնտեղ ես աշխատում էի մարքեթինգի, PR-ի, հաղորդակցության եւ բիզնեսի զարգացման ոլորտում: Բացի այն գործը, որով զբաղվում էի, նաեւ հասցրի ուսումնասիրել այն մասնագիտությունները, որոնցով հետագայում, կարծում եմ, պիտի ավելի շատ հանդես գամ` մասնավորապես հոգեբանությունն ու կրթական ոլորտը: Այդ երկու տարին շատ հետաքրքիր էին, ծավալուն ու տարբերվող: Կարող եմ ասել, որ վերաարժեքավորման իմաստով շատ կարեւոր տարիներ էին. երբ թողնում ես ամեն ինչ ու գնում ուրիշ երկիր, շատ բան այնտեղ սկսում ես նորից: Ինձ համար ե՛ւ քաղաքն էր նոր, ե՛ւ աշխատանքը, ե՛ւ մարդիկ ու հասարակությունը, այսինքն` ամեն ինչ նոր էր: Ու սա լավ հնարավորություն էր ինքնաբացահայտվելու, կողքից հայացք գցելու:

Մոսկվան այնպիսի քաղաք է, որտեղ դու չես կարող չսովորել: Հասցրի նույնիսկ նոր մասնագիտություն ձեռք բերել, որն այսօր շատ պահանջված է ու շատ օգտակար թե՛ բիզնեսում, թե՛ կյանքում, եւ թե՛ հարաբերություններում: Դա քոուչինգն է, որին մարդիկ երկիմաստ են վերաբերվում: Ոմանք դրան լուրջ չեն վերաբերվում, ոմանք էլ օգտագործում են որպես գործիք ու լավ արդյունքներ են ունենում: Բայց քանի որ հոգեբանությունն ինձ համար առաջնային ոլորտ է, իսկ քոուչինգը հոգեբանության ճյուղ է, ինձ համար շատ տրամաբանական էր, որ ես այդ մասնագիտությունը ձեռք բերեմ: Ու ստացվեց:

Մամիկոն Սիմոնյանը


«Ուղիղ եթերն էի կարոտում, բայց հարցազրույցների պակաս չի եղել»

Անկեղծ ասած` հեռուստատեսությունում երկու բան եմ շատ սիրում: Մեկն ուղիղ եթերն է, որը փիլիսոփայական գաղափար է ինձ համար, իսկ մյուսը հարցազրույցի ձեւաչափն է, որում ինձ շատ լավ եմ զգում: Առաջինն, իհարկե, չկար իմ կյանքում: Հնարավորություն եղել է ելույթ ունենալ կամ մարդկանց ինչ-որ բան պատմել, բայց ուղիղ եթերին, իհարկե, կարոտում էի: Դա լրիվ այլ միջավայր է, եւ ես հենց դրան էի կարոտում: Իսկ հարցազրույցների պակաս չեմ ունեցել, որովհետեւ բիզնես միջավայրում հասցրել եմ բազմաթիվ հարցազրույցներ վարել: Բազմիցս պատահել է, որ զրույցը կամ հանդիպումը հաղորդման պես եմ անցկացրել ու այդքանով բավարարել եմ իմ հեռուստատեսային հավակնությունները: Ի դեպ, բիզնեսում չափազանց օգտակար գործիք է հաղորդավարությունը, շատ օգնել է դրսում եւ բիզնեսի մեջ:

Ուղիղ եթերի զգացողությունն ընդհանրապես չի փոխվել, ու ես շատ ուրախ եմ: Դա նույն անհանգստացնող, կարեւոր ու պատասխանատու աշխատանքն է: Ուղիղ եթերի ընթացքում դու կարեւոր ինչ-որ բան ես անում, որն այդ պահին մարդիկ լսում են: Դու քո մեջ որակներ ես բացահայտում, որոնք, սովորաբար, չես տեսնում, օրինակ` հավաքվածություն, երբ մի կողմից հարց ես մտածում, մի կողմից ռեժիսորն ականջիդ ինչ-որ բան է հուշում, մյուս կողմից պիտի զրույցը ճիշտ վարես եւ այլն: Դա այն հազվադեպ աշխատանքներից է, երբ ավարտում ես ու մեծ բավարարվածություն զգում, եթե գործդ լավ ես արել: Զգացողությունն աննկարագրելի է, ես շատ եմ սիրում ուղիղ եթերը: Այն շատ անկեղծ է. ինչ կաս, այդ ես, թաքցնել չես կարող:

«Դժվարությամբ եմ պատկերացնում, որ կարող եմ հեռու լինել որդուցս»

Մոսկվայում աշխատելու փուլն էլ հիմա կարծես ավարտվեց: Գիտեք, ոչ մի պահ չհամակերպվեցի դրսում ապրելու մտքին: Ես գիտեի, որ գնացել եմ ու գալու եմ, որովհետեւ իմ տունը Երեւանում է, ու շատ ուրախ եմ դրա համար: Դժվարությամբ եմ պատկերացնում, որ կարող եմ հեռու լինել որդուցս նրա այս տարիքում: Տարեվերջին էլ շատ պատահական խոսակցություն եղավ, եւ առաջարկ ստացա եթեր վերադառնալ, որն իմ պլաններին շատ համահունչ էր: Ճիշտ է՝ երկրում չէի, բայց այդ ընթացքում պարբերաբար գնացել-եկել եմ: Մի քանի անգամ հնարավորություն է եղել, որ շփվեմ հեռուստատեսության գործընկերներիս հետ: Թեեւ առավոտյան ծրագրում աշխատելը պատահական ստացվեց, բայց առհասարակ եթեր վերադառնալու մասին խոսակցությունները երբեք չեն դադարել, ոչ էլ իմ հետաքրքրվածությունն է մարել:

Ամեն ինչ անում էի, որ գործերս տեղափոխեմ Երեւան ու շարունակեմ համագործակցությունը ռուսական այն ընկերության հետ, որտեղ աշխատում էի: Ես փաստացի երբեք չեմ էլ գնացել Հայաստանից, ուղղակի բացակայել եմ: Հիմա շարունակում եմ աշխատել նրանց հետ ու նախագծեր անել, պարզապես այլեւս կապված չեմ տեղին: Ու դեռ շատ հետաքրքիր գաղափարներ կան, որ ցանկանում եմ կյանքի կոչել: Այսօր ամենակարեւոր խնդիրն է ժամանակի ճիշտ բաշխումը: Հեռուստատեսությունը դրա համար լավ հնարավորություն է, հաղորդակցության մի ձեւ, որին զուգահեռ զարգանում են համացանցն ու սոցիալական ցանցերը:

Հանրայինն ինձ համար ամենահարազատն է եւ շարունակում է մնալ որակի չափանիշ: Անկեղծ ասած՝ հիմա լրիվ նոր միջավայր է ինձ համար, քանի որ նախկինում նման հնարավորություն չի եղել որակյալ ծրագիր ստեղծել, միաժամանակ կայք եւ յութուբյան ալիք ունենալ, այդ ամենը նաեւ համացանցում տարածել: Սա նոր դաշտ է, եւ հուսով եմ` նոր արդյունքներ կլինեն:

Մամիկոն Սիմոնյանը


«Մարդիկ ուրախ են, որ վերադարձել եմ»

Մոսկվա միայն գնում են, Մոսկվայից չեն վերադառնում: Այսինքն` եթե կյանքում մի անգամ գնացել ես Մոսկվա, էլ երբեք չես կարող կտրվել այնտեղից, ու պետք էլ չէ: Ինձ համար Մոսկվան արդեն ռազմավարական քաղաք է, որտեղ ես սովորել եմ, ընկերներ ու գործընկերներ եմ ձեռք բերել, աշխատել եմ մեծ ընկերությունում ու մեծ մարդկանց հետ եւ հիմա չեմ ուզում կտրվել այդ ամենից: Ի սկզբանե էլ իմ նպատակն է եղել աշխատել Երեւանում եւ համագործակցել դրսի հետ:

Առաջիկա ծրագրերումս շատ բան կա, այդ թվում՝ ոչ միայն հեռուստատեսային նախագծեր: Որոշակի ժամանակ է պետք այդ ամենն իրագործելու համար, առայժմ վայելում եմ ծանոթներիս, բարեկամներիս ու հարազատներիս ներկայությունը, անծանոթներիս ու համաքաղաքացիներիս այն դրական ազդակները, որ փոխանցում են ինձ: Մարդիկ ուրախ են, որ վերադարձել եմ, ինչը ինձ համար չափազանց հաճելի է, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար: Հիմա պիտի փորձեմ հետ փոխանցել այդ ամենը, որովհետեւ եթե մարդիկ ուրախ են, նշանակում է` պետք է արդարացնել նրանց հույսերը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW