×


Մաշա Մնջոյան.«Ես ինձ օտար չզգացի...»

«Հայաստանի ձայնը 1»-ի հաղթող Մաշա Մնջոյանի համար աշունը բուռն է ճամփորդություններով ու ելույթներով։ Նա սեպտեմբերին իր ազգականների հետ հասցրել է հանգստանալ Դուբայում եւ Սինգապուրում, այնուհետեւ մեկնել է Ավստրալիա։ 20-ամյա երգչուհին այժմ Սիդնեյում է, որտեղ պատրաստվում է հոկտեմբերի 9-ին կայանալիք իր առաջին մենահամերգին։ Փորձերին զուգահեռ նա պատասխանել է BRAVO.am-ի հարցերին։

Մաշա Մնջոյանը


-Ճամփորդությունդ ինչպե՞ս է անցնում:

- Նախորդ տարի եւս եղել եմ Ավստրալիայում, բայց այս անգամ ավելի շատ հնարավորություն ունեցա շրջել, ծանոթանալ մարդկանց հետ, ինչպես նաեւ այցելել քաղաքի տեսարժան վայրերը։

-Նախորդ հարցազրույցի ժամանակ պատմել էիր, որ նախատեսում ես հանդիպել ազգականներիդ: Ովքե՞ր են քեզ ուղեկցում:

- Այո, ինչպես արդեն ասել էի՝ ճամփորդում եմ իմ ազգականների ու հարազատ դարձած մարդկանց հետ։

Մաշա Մնջոյանը


- Որպես զբոսաշրջիկ ի՞նչ բացահայտումներ ես արել Դուբայում եւ Սինգապուրում:

- Դուբայում ծանոթացա արաբական մշակույթին, իսկ Սինգապուրում երկու օրվա ընթացքում շատ բան հասցրի տեսնել, հասկացա նաեւ, որ հայերը մեծ դեր ունեն Սինգապուրի պատմության մեջ։

- Որո՞նք են այն վայրերը, որ ամենից շատն ես հավանել։

- Դուբայում իսկապես մեծ հաճույք ստացա Սաֆարի Ռալիից, Սինգապուրում տպավորիչ էր հայկական եկեղեցին, 1887 թվականին բացված «Raffles» հյուրանոցը, որ հայերն են հիմնել, ինչպես նաեւ բուսաբանական այգին։

- Սիդնեյում առաջին ելույթդ արդեն կայացել է: Ի՞նչ երգեր ես կատարել հայ հանդիսատեսի համար:

- Մասնակցեցի տեղի «Նաիրի» հայկական պարախմբի համերգին, որը կայացավ ամենամեծ դահլիճներից մեկում։ Երգել եմ «Մշո դաշտ» եւ «Սարերի աղբյուր» երգերը։ Շատ ջերմ ու հիշարժան համերգ էր։  

Մաշա Մնջոյանը` մտերիմների հետ


- Իսկ առաջին մեծ մենահամերգիդ փորձերն ինչպե՞ս են անցնում: 

- Փորձերն ընթանում են շատ բուռն: Այն տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։ Անհամբեր սպասում եմ։ Մենահամերգս վերջին ելույթս է, այդքանով կեզրափակեմ։ 

- Առիթ ունես շփվելու հայ համայնքի հետ: Ինչպիսի՞ն են հայերը Սիդնեյում:

- Ես ինձ օտար չզգացի, հակառակը՝ կարծես, հարազատներիս մոտ էի եկել։ Սիդնեյի հայերն ինձ շրջապատել են ջերմությամբ:)։ Պիտի նշեմ, որ չնայած Հայաստանից հեռու են, բայց հոգով ու սրտով կապված են հայրենիքին։ Շատ շնորհակալ եմ Սիդնեյի հյուրասեր հայությանը։

Մաշա Մնջոյանը


- Ե՞րբ ես վերադառնալու Երեւան եւ ե՞րբ է հաջորդ ուղեւորությունդ դեպի Լիբանան:

- Երեւան վերադառնում եմ հոկտեմբերի 20-ին։ Երեւան հասնելուց երկու օր հետո  «Գոհար» երաժշտախմբի հետ որպես մենակատար կմեկնեմ Բեյրութ։ 

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մաշա Մնջոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին