×


Met Gala 2024. ամենաքննարկված հյուրերն ու Քայլի Ջենների հետ կապված միջադեպը

Երեկ մայիսի առաջին երկուշաբթին էր, իսկ դա նշանակում է, որ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի է ունեցել նորաձեւությանը նվիրված ամենամեծ միջոցառումը՝ Met Gala-ն:

Այս տարի այն անցել է «Ժամանակի այգի» խորագրով՝ ոգեշնչված բրիտանացի գրող Ջեյմս Բալլարդի համանուն պատմվածքից: Աննա Վինտուրի հետ երեկոյի համանախագահներն էին Քրիս Հեմսվորթը, Ջենիֆեր Լոպեսը, Զենդայան եւ Բեդ Բաննին:


Կարմիր գորգին նախ հայտնվել է երեկույթի կազմակերպիչը՝ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը՝ Ջոնաթան Անդերսոնի Loewe ապրանքանիշի ծաղկային զգեստով: Այն ոգեշնչված է անգլիական ծագմամբ ֆրանսիացի դիզայներ Չարլզ Ֆրեդերիկ Ուորթի՝ 1889 թվականի հավաքածուից:


Դերասանուհի Նիկոլ Քիդմանն ընտրել է 1951 թվականի Balenciaga-ի զգեստի կրկնօրինակը, Քենդալ Ջենները նախապատվությունը տվել է 1999-ին Givenchy-ի համար Ալեքսանդր Մակքուինի ստեղծած զգեստին:


Իզաբել Յուպպերը եւս շեշտադրումն արել էր անցյալի վրա ու հագել Callot Soeurs-ի 1930 թվականի զգեստի կրկնօրինակը: Իսկ ահա Ռիտա Օրայի զգեստի ուլունքները հավաքել են աշխարհի տարբեր երկրներից. որոշ դետալներ նույնիսկ 1000 տարեկան են:


Քիմ Քարդաշյանը ներկայացել է Maison Margiela-ի արծաթագույն զգեստով, որը պատվերով է կարվել: Նրա քույր Քայլին ընտրել է վարդագույն Oscar de la Renta, որը լրացրել է մազերին ամրացված վարդով:


Զենդայան հայտնվել է Maison Margiela-ի կանաչ երկար զգեստով, Ջենիֆեր Lոպեսը՝ Schiaparelli-ի արծաթագույն եւ բաց ուսերով շքեզ երեկոյան զգեստով, որն, ի դեպ, նրա սիրելի «մերկ» հագուստների շարքից է:


Մարմինը բաց հագուստով ցուցադրել են նաեւ Էմիլի Ռատակովսկին, Դուա Լիպան, Գրետա Լին, Մարի Էլ Ֆենինգը, Ժանել Մոնեն, Քայլի Մինոուգն ու ուրիշներ:


Արծաթագույն երանգին են նախապատվությունը տվել Իրինա Շեյքը, Կարա Դելեւինը, Ամանդա Սեյֆրիդը եւ օսկարակիր Միշել Յեոն: Ամենածավալունն ու հսկայականը Քարդի Բիի սեւ զգեստն էր, իսկ կարմիր կրող քչերից մեկը՝ Շակիրան:


Հյուրերից մի քանիսը հավատարիմ եմ մնացել թեմային ու ներկայացել հենց «ծաղկային» հագուստով: Դերասանուհի Ամելիա Գրեյը Undercover-ի զգեստով էր, Լիլի Ջեյմսը նախապատվությունը տվել էր սեւ կակաչներով մինիմալիստական Erdem-ին, իսկ Ջիջի Հադիդը՝ դեղին ծաղիկներով Thom Browne-ին: Նախկին թենիսիստուհի Մարիա Շարապովայի զգեստը ծաղկի տեսքով էր, իսկ Նիքի Մինաժի զգեստը պատված էր գույնզգույն ծաղիկներով: Ծաղկային պրինտով էր նաեւ Դեմի Մուրի զգեստը:


Լանա Դել Ռեյը 2018 թվականից հետո առաջին անգամ վերադարձել է Met Gala ու տպավորիչ կերպար ընտրել՝ ոգեշնչված 2006 թվականի Մակքուինի աշնանային հավաքածուի արխիվային զգեստից, որը հատուկ երգչուհու համար ստեղծել է բրենդի ստեղծագործական տնօրեն Շոն ՄաքԳիրը:


Երեկոյի ամենակարեւոր թեմաներից մեկը ժամանակն էր, որն իր արտացոլանքն է գտել հարավաֆրիկացի երգչուհի Tyla-ի կերպարում, իսկ որպես աքսեսուար՝ նա ավազի ժամացույց էր ընտրել:


Իրենց հագուկապով առանձնացել են Ջուդ Լոուն, Աշերը, Ջոնաթան Բեյլին, Բարրի Քեոգանը, Հյու Ջեքմանը, Ջեյմի Դորնանը, Բեդ Բաննին, որն ամենատարբերվողներից մեկն էր:


Միջոցառումն առանց ինտրիգների չի անցել. իտալացի մոդել Էուջենիո Կասնիգին հայտնել է, որ արդեն երկրորդ տարին պետք է դիմավորեր Met Gala-ի հյուրերին, սակայն իրեն հեռացրել են աշխատանքից: 2023-ին նա ուղեկցել է Քայլի Ջեններին, ինչը պետք է աներ նաեւ այս տարի, սակայն միջոցառումից 2 օր առաջ հայտնել են, որ նրա ծառայության կարիքը չկա: 26-ամյա մոդելը որպես պատճառ նշել է իր հմայքը, ինչի շնորհիվ մեծ ուշադրություն է գրավել համացանցում եւ «խամրեցրել» Ջեններին:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW