Մոդել Մարիամ Մելյանն ամիսներ անց մեկնելու է Չինաստան` մասնակցելու “Miss Tourism Queen International” գեղեցկության մրցույթին: Իսկ մինչ այդ նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նախասիրությունների, տղամարդու իր իդեալի, համարձակ լինելու անհրաժեշտության մասին եւ ոչ միայն:):
Մարիամ Մելյանը
Մոդել դառնալ մանկուց եմ երազել, սակայն ամեն ինչ շատ պատահական է սկսվել. այլ գործով այցելելով նորաձեւության առաջատար կենտրոններից մեկը` տեղեկացա, որ մոդելինգի դասընթացներ են կազմակերպում եւ որոշեցի առաջին քայլերս անել: Այնտեղ ուսանելու մեկ տարվա ընթացքում մասնակցեցի մի շարք նկարահանումների ու ցուցադրությունների, սակայն ամեն ինչ էլ ավելի լրջացավ, երբ ստացա “Miss Europe Junior” մրցույթում Հայաստանը ներկայացնելու հրավեր, որը տեղի է ունեցել Չեխիայում:
Սկզբնական շրջանում ընտանիքս դեմ էր իմ` մոդել դառնալու որոշմանը: Նրանք հասկանում էին, որ այս աշխատանքը բարդ է ու երբեմն անգամ հիասթափեցնող: Սակայն իմանալով, թե որքան եմ ձգտել գոնե մեկ անգամ պոդիում բարձրանալ, նրանք ոչ միայն չարգելեցին, այլեւ աջակցեցին բազում հարցերում:
Մարիամ Մելյանը
Ավարտել եմ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Թարգմանչուհի-լեզվաբան եմ ու արդեն 4 տարի է` աշխատում եմ իմ մասնագիտությամբ, իսկ մոդելային աշխատանքն ընդամենը հոբբի է:
Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, ցուցադրությունների, նկարահանումների ինչպես Հայաստանում, այնպես էլ` Չինաստանում, Չեխիայում, Կիպրոսում, Մալայզիայում, Հունաստանում, Գերմանիայում, Թունիսում: Արտերկրում աշխատելիս երբեք ավելորդ լարվածություն չեմ զգացել: Թե′ հայրենիքում, թե′ արտերկրում, անկախ աշխատանքի տեսակից, պատասխանատվության մեծ զգացում եմ ունենում:
Մարիամ Մելյանն ընկերուհու հետ
Ինձ համար շատ կարեւոր է մինչեւ մրցույթի մեկնելը ծանոթանալ պայմաններին եւ կազմակերպիչների աշխատանքին: Առաջիկա մրցույթին մասնակցության առաջարկը ստացել եմ “Միս եւ Միստր աշխարհ” կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանից եւ “Miss Tourism Queen International” մրցույթի կազմակերպիչներից, որոնց հետ մեկ անգամ արդեն իսկ առիթ ունեցել եմ կրկին Չինաստանում համագործակցել ու շատ գոհ մնալ:
Կյանքում ամենակարեւորն ինձ համար միշտ եղել է ընտանիքը: Անձնական երջանկության համար ես պատրաստ եմ զիջման գնալ, քանի որ ընտանիքի սերը հավետ է ու առաջնային, իսկ մոդելի աշխատանքը ժամանակավոր է. այս ուղին ինձ համար վաղ թե ուշ ավարտվելու է:
Մարիամ Մելյանը
Հակառակ սեռի մեջ ես առավել գնահատում եմ խելքը, կամքի ուժը, աշխատասիրությունը, կնոջը հասկանալու եւ գնահատելու ունակությունը:
Ինձ համար կնոջ իդեալը մայրս է: Կարծում եմ, որ կատարյալ կինը լիարժեք երջանիկ կինն է, այն կինը, որը բարի է, ուժեղ, գեղեցիկ, նպատակասլաց, որը կյանքում հասել է որեւէ հաջողության, սիրված է ու գնահատված ամուսնու ու երեխաների կողմից:
Փորձում եմ լինել համարձակ, սակայն ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի: Առհասարակ կարծում եմ` համարձակություն անհրաժեշտ է ոչ միայն հանրային, այլ ցանկացած մարդու, որն ունի նպատակներ եւ ավելիին հասնելու ձգտում:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Մելյանի անձնական ախիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: