×


«Eyes-Wired-Shot». փորձարարական նորաձեւությունն ու իրերի երկրորդ կյանքը

CreLab by Made-vel-e × FCA նախագծի «Eyes-Wired-Shot» հավաքածուում արհեստագործական ավանդույթները միահյուսվում են փորձարարական նորաձեւությանը։ Անսովոր կերպարների միջոցով հեղինակներն անդրադառնում են այն հարցին, թե ինչպես ենք մենք նայում շրջապատող աշխարհին, ինչն ենք նկատում եւ ինչն ենք նախընտրում անուշադրության մատնել։


Նատաշա Գալֆայանի հիմնադրած Made-vel-e-ն գործում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Հարթակը սկսել է արհեստագործական իրերի, զարդերի եւ աքսեսուարների ստեղծմամբ, այդ թվում՝ վերամշակված նյութերից, եւ նպատակ ունի պահպանել ավանդական հմտությունները՝ աջակցելով տեղի վարպետներին։ CreLab-ն իր հերթին զարգացնում է ստեղծագործական ձեռնարկատիրությունը Հայաստանի մարզերում՝ օգնելով կանանց եւ երիտասարդներին իրենց հմտությունները վերածել ժամանակակից արտադրանքի։


Հավաքածուի հեղինակներից Մանե Մելիքյանը պատմեց, թե ինչպես է նախագիծը միավորել ստեղծագործությունը եւ Հայաստանի մարզերի կանանց ուսուցումը։


«CreLab-ը նորաձեւության պալատի ու Made-vel-e ապրանքանիշի նախագծերից է: Այն ստեղծագործական տարածք է, որտեղ կանայք հիմնականում զբաղվում են ձեռքի աշխատանքով, իսկ մենք նրանց համար տարբեր դասընթացներ ենք անցկացնում։ Այս կանանց մեծ մասը մարզերից է, քանի որ Made-vel-e-ն Դիլիջանում է, իսկ CreLab-ը՝ Կոտայքի մարզում։ Այս տարվա ընթացքում տարբեր դասընթացների մասնակցած կանայք մեզ հետ պատրաստեցին հավաքածու Նորաձեւության շաբաթվա համար։ Մենք միշտ ստեղծում ենք շատ էքստրա հավաքածուներ, ինչը նաեւ օգնում է այդ կանանց նոր հմտություններ ձեռք բերել»,- նշեց դիզայները։


Մանե Մելիքյանն ու Նատաշա Գալֆայանն արդեն երրորդ տարին է՝ ստեղծում են հավաքածուներ, որոնց հիմքում էկոլոգիապես մաքուր նորաձեւության գաղափարն է։ Նոր հավաքածուի բոլոր իրերի 90%-ը պատրաստված է թափոններից, վերամշակված իրերից եւ արդեն գոյություն ունեցող նյութերից, որոնց վրա պահպանվել են նախկին օգտագործման ակնհայտ հետքերը։ Այսպիսով՝ հագուստը դառնում է ոչ թե պարզապես նոր արտադրանք, այլ իրերի արժեքի եւ նորաձեւության ոլորտի էկոլոգիական հետեւանքների մասին պատմելու միջոց։


«Eyes-Wired-Shot» հավաքածուի ոգեշնչման աղբյուրը Սթենլի Կուբրիկի «Լայն փակ աչքերով» ֆիլմն է, որի վերնագրի հետ արձագանքում է հավաքածուի անվանումը։ Փորձարարական ձեւերի եւ անսովոր տեսողական լուծումների միջոցով հեղինակները կոչ են անում մտածել այն մասին, թե ինչպես ենք ընկալում իրականությունը, ինչին ենք ուշադրություն դարձնում եւ ինչը գերադասում չնկատել։ Այսպես արհեստագործական մոտեցումը դուրս է գալիս հագուստի սովորական ընկալումից եւ դառնում ավելի լայն գեղարվեստական ասելիքի մաս։


Անսովոր էր նաեւ ցուցադրության համար ընտրված տարածքը։ Արհեստական լուսավորության եւ սովորական դեկորների փոխարեն՝ մեծ, դատարկ տարածք՝ սառը բետոնե պատերով, սյուներով, անհարթ հատակով եւ պատուհաններով, որոնցից ներս էր թափանցում վառ ցերեկային լույսը։ Այստեղ չփորձեցին թաքցնել տարածքի անկատարությունը գեղեցիկ դեկորացիաների հետեւում, ընդհակառակը, դրա անմշակ տեսքը դարձավ ցուցադրության մթնոլորտի մասը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW