Մարինա Մարտիրոսյանն ամուսնությունից հետո մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում: Պարուհի-հաղորդավարուհին այժմ մեծացնում է երեխաներին` Ռաֆայելլային եւ Առնոյին: Ընտանեկան երջանկությունը վայելող մայրիկն անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ, նաեւ տրամադրել է իրենց նոր ֆոտոշարքը:
Մարինա Մարտիրոսյանն` ամուսնու հետ
Ընտանիքի եւ աշխատանքի մասին
Մեծ քաղաքն առանձնապես չի փոխել ինձ: Նույնն եմ, միայն երեւի թե էլ ավելի արագաշարժ եմ դարձել: Երբեք դանդաղկոտ չեմ եղել, պարզապես Մոսկվան ավելի արագ տեմպ է ենթադրում: Իմ կյանքում իսկապես մի հրաշալի էտապ է: Ամեն օր վայելում եմ փոքրիկներիս ներկայությունը, տեսնում նրանց քայլերը, առաջադիմությունը, նոր, խենթուկ արարքներն ու անհոգ ժպիտները: Մարդու կյանքում ամենամեծ հրաշքը հենց սա է:
Մինչեւ երկրորդ երեխայիս ծնվելը, 1 տարի աշխատել եմ Մոսկվայի հայկական «ARM TV» հեռուստաընկերությունում: Երբ բալիկներդ փոքր են եւ ամեն վայրկյան քո կարիքն ունեն, պետք է լինես նրանց կողքին, այլապես տուժում են թե՛ նրանք, թե՛ աշխատանքդ: Ես սիրում եմ ամեն ինչ լիարժեք անել, հետեւաբար, աշխատանքի կվերադառնամ որոշ ժամանակ հետո:
Մարինա Մարտիրոսյանի որդին եւ դուստրը
Պարարվեստի դեպքում, երբ դադար ես առնում, մի քիչ դժվար է վերադառնալ նախկին գրաֆիկին, հատկապես, երբ 20 տարեկան չես: Չեմ կարծում, որ պարն այլեւս անցյալում է, չնայած` գիտակցում եմ, որ ամեն դեպքում նախկինի պես ակտիվ չեմ լինի: Որպես խորեոգրաֆ-պարուսույց` ամեն ինչ դեռ առջեւում է: Ունեմ պլաններ, ցանկություններ, եւ տա Աստված, որ դրանք իրականանան:
Աշխատանքային առումով պասիվ շրջան է: Ամբողջությամբ բալիկներիս դաստիարակությամբ եմ զբաղված, բայց արդեն մտածում եմ այնպիսի աշխատանքի մասին, որն ինձնից շատ ժամանակ չի խլի: Գործնական առաջարկներ կան, որոնք դեռ քննարկման փուլում են: Ժամանակ է պետք հստակ պատասխանելու համար: Առայժմ փակագծեր չեմ բացի: Մեծ ցանկություն ունեմ սովորել «Օստանկինո»-ի բարձրագույն դպրոցում:
Տարեդարձը չնշելու մասին
Այս տարեդարձս շատ տխուր լուրերով սկսվեց, եւ որոշեցինք այն չնշել: Խոր կսկիծ եւ մեծ ցավ ապրեցի Արցախի ապրիլյան պատերազմի օրերին: Հիշեցի 90-ականների սկիզբը, երբ ծնողներս բազմաթիվ այլ կամավորականների հետ ոտքի կանգնեցին հայրենիքի պաշտպանության համար: Հայրս առաջնագծում էր, մայրս` թիկունքում: Ուզում եմ, որ այս ամենը շուտ ավարտվի, այլեւս ոչ մի զոհ չունենանք: Իսկ մարտի դաշտում ընկածներին հավերժ փառք ու պատիվ: Ուզում եմ մեր երկրին մաղթել խաղաղություն: Խոնարհվում եմ բոլոր մայրերի առջեւ, ովքեր առյուծ զավակներ են լույս աշխարհ բերել ու, ցավոք, կորցրին: Նրանց ցավը ոչնչով չենք կարող փարատել: Սահմանում կանգնած բոլոր տղաներին ուժ եւ կորով եմ մաղթում: Մեր աղոթքներն առ Աստված նրանց համար են: Աստված բոլորին պահապան: Նրանք բոլորն են հերոս:
Մարինա Մարտիրոսյանի ընտանիքը
Ընտանեկան ֆոտոշարքի մասին
Մենք պարբերաբար ընտանեկան ֆոտոշարքեր ենք կազմակերպում: Նկարներն ինձ համար ամենալավ հիշողություններն են: Լուսանկարիչը բավական չարչարվեց: Երեխաների հետ շատ դժվար է, հատկապես, երբ նրանք շարժուն են: Աղջկաս բռնում էինք, տղաս էր փախչում: Տղայիս էինք համոզում, աղջիկս էր փախչում: Ֆոտոշարքը տարեդարձիս առթիվ էինք կազմակերպել: Թեեւ չնշեցի, այնուամենայնիվ, ամուսինս եւ ընկերներս այդ օրն անմոռանալի դարձրին: Սիրում եմ նրան եւ շնորհակալ եմ իր սիրո եւ հոգատարության համար:
Երեխաների մասին
Բալիկներս իմ աշխարհն են, մեր ամենամեծ գանձերը: Տղաս արդեն մեկուկես տարեկան է, աղջիկս`շուտով 4: Մեծ հաճույքով մանկապարտեզ է հաճախում: Սիրում է պարել, սակայն կդժվարանամ ասել, թե իմ ուղին կընտրի: Առավել սիրում է նկարել եւ խմորից ու պլաստիլինից տիկնիկների համար շորիկներ պատրաստել: Այստեղ արդեն ամուսնուս գենն է խոսում. նրա ընտանիքում բոլորը դիզայներ են:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`«Գասոյան» փրոդաքշնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: