Մարջան Ավետիսյանի համար տարին բավական հագեցած է ստեղծագործական նորություններով: Նրա մասնակցությամբ 4 գեղարվեստական ֆիլմերից մեկը` «Հյուսիս-հարավ»-ն արդեն մեծ էկրաններին է, շուտով տեղի կունենա «Որոգայթ» -ի պրեմիերան, Արցախում նա նկարահանվել է Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում, իսկ այժմ խաղում է Սարիկ Անդրեասյանի «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում: Դե, իսկ «Ֆուլ հաուս» սիթքոմում նրա կերտած կերպարն, անշուշտ, սիրված է հեռուստադիտողի կողմից: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ, ինչպես նաեւ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում:
Մարջան Ավետիսյանը
- Եթե ոչ դերասանուհի, ապա…
- Բազմազավակ մայր:
- Այս շրջանում նկարահանվում եք «Ֆուլ հաուս» հումորային նախագծում: Եղե՞լ է շրջան, որ միայն թատրոնն էր Ձեր կյանքում:
- Եղել է եւ կլինի շրջան, երբ լիովին ժամանակս կտրամադրեմ թատրոնին: Այսօր թատրոնի բեմից հոգեվիճակովս մի փոքր հեռու եմ, դեռ հասունացած չէ կարոտը, երեւի թե մի օր այդ կարոտը կարտահայտեմ մի լավ ներկայացման պրեմիերայով:
-Կարծում եմ` դժվար կլինի միայն թատրոնի` բոլորիս հայտնի աշխատավարձով ապրելը:
-Իհարկե, դժվար կլինի: Փառք Աստծո, այսօր հնարավորություն ունեմ իմ մասնագիտությամբ այլ նախագծերում վաստակել:
Մարջան Ավետիսյանը
-Գործընկերներիցդ շատերը դերասաններ չեն, դժվարություններ չե՞ք ունենում այդ առումով:
- Այո, գործընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր դերասանական կրթություն չունեն, սակայն հաճախ գերազանցում են անգամ լավ կրթություն ստացած դերասաններին:
-«Ֆուլ հաուս»-ում Ձեր կերպարը` Թամարան, շատ է սիրվել հեռուստադիտողների կողմից: Տպավորություն ունեմ, որ նաեւ Ձեր սիրելի դերերից է:):
-Իմ խաղացած բոլոր կերպարներն էլ սիրում եմ, Թամարան եւս:
-Թամարան փորձում է փոխել կարգավիճակը, իսկ Դուք կարծես չեք շտապում ամուսնության հարցում:
-Երբեւէ որեւէ հարցում չեմ շտապել, նույնիսկ մասնագիտության ընտրության հարցում: Առավել եւս չեմ շտապի կողակից ընտրելու հարցում:
-Հիասթափություններ հաճա՞խ եք ունենում, ինչի՞ց կարող եք սրտնեղել:
-Էլ չեմ հիասթափվում ոչնչից ու ոչ ոքից, որովհետեւ եւ ինձ, եւ մարդկանց լավ եմ ճանաչում:
Մարջան Ավետիսյանը
-Իսկ թուլության պահերի մասին ի՞նչ կասեք:
- Իհարկե, լինում են: Իմ տեսակով սարսափելի զգայուն եւ տպավորվող մարդ եմ: Շուրջս կատարվող իրադարձություններն ինձ կարող են հեշտ խոցել, անգամ եթե դրանք ուղիղ կերպով չեն առնչվում ինձ:
- Ի՞նչը կարող է Ձեզ կոտրել, մտորելու առիթ տալ, որից հետո կսկսեք այլ կերպ նայել կյանքին, մարդկանց:
- Չգիտեմ, թե ինչ տեսակ երեւույթներից ու դեպքերից են ուրիշ մարդիկ կոտրվում, բայց կարծում եմ` մարդուն կարելի է կոտրել նույնիսկ հայացքով, խոսքով. ձեւերը շատ են: Ինձ այլեւս դժվար կլինի կոտրել, իմ վերքերը շուտ սպիանալու հատկություն ունեն, բայց հիշողությունս միշտ թարմ է:
- Այնքան էլ չեք սիրում դիմահարդարվել, թեեւ տարածված կարծիք կա, որ երբ կինը շպարվում է, ավելի ինքնավստահ է դառնում:):
- Շպարի բացակայությունը երբեք չի պակասեցրել ինքնավստահությունս: Այո, շպարվել չէի սիրում, բայց մասնագիտության բերումով ստիպված էի խնամված տեսք ունենալ: Այժմ դա ինձ հաճույք է պարգեւում, իհարկե, երբեք չափը չեմ անցնում:
-Հետաքրքիր է, երբ տանն եք, տեսախցիկներից հեռու, ի՞նչ եք անում աշնանային այս եղանակին:
- Ֆիլմեր եմ դիտում, կարդում եմ ու հաջորդ օրվա անելիքներիս մասին մտածում: Երբեք ազատ չեմ լինում, պարապությունը չարիք է ինձ համար, ուստի կարողանում եմ միշտ զբաղմունք գտնել:
Մարջան Ավետիսյանը
-Գիտեմ, որ Ձեր ծնողներից հեռու եք. նրանք մարզում են ապրում: Ինչպե՞ս եք մեղմում կարոտը:
- Ծնողներիս ու եղբորս, իհարկե, շատ եմ կարոտում, որովհետեւ ֆիզիկապես ամեն օր կողքիս չեն, սակայն հանդիպումները հաճախակի են լինում:
- Անձնական կյանքում փոփոխություններ չկա՞ն, դեռ չե՞ք գտել Ձեր ասպետին:
- Փոփոխություններ չկան: Գիտեմ, որ կա իմ ասպետը ու մի օր կգա:
-Ինչպիսի՞ն պետք է լինի նա, որ կարողանա գրավել Ձեզ:
- Նրա կերպը չգիտեմ, երբ գա, կիմանամ: Իդեալներ չունեմ:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի / BRAVO.am /
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի / BRAVO.am /
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: