×


Մարտինաս Լեւիցկիս.«Ակորդեոնը հավատարիմ ընկերս է»

Լիտվացի ակորդեոնահար Մարտինաս Լեւիցկիսը բավական երիտասարդ տարիքում հասցրել է մեծ նվաճումներ գրանցել եւ արժանանալ վիրտուոզի կոչմանը: 25-ամյա երաժիշտն այն եզակի ակորդեոնահարներից է, ով կատարում է Բեթհովենի ստեղծագործությունները: Երաժիշտը երեկ Երեւանում մասնակցել է Լիտվայի անկախության տարեդարձին նվիրված համերգին, սակայն մինչ այդ BRAVO.am-ը հասցրել է զրուցել նրա հետ եւ լուսանկարել:

Մարտինաս Լեւիցկիս


-Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք երաժշտության ուղին:

- Շատ փոքր էի, մի անգամ հեռուստացույցով դաշնամուրի կոնցերտ էին ցուցադրում, ես էլ սկսեցի մատներով սեղանի վրա նվագել: Մայրս ու մորաքույրս միանգամից նկատեցին, որ երաժշտության հանդեպ հակումներ ունեմ, սակայն դաշնամուրը բավական թանկ արժեր, ու ինձ համար ակորդեոն գնեցին: Երեք տարեկան էի, երբ սկսեցի ակորդեոն նվագել: Իհարկե, այդ ժամանակ դեռ չէի գիտակցում, որ իմ մասնագիտությունն է դառնալու:

Ինը տարեկանում արդեն սկսեցի ակորդեոնի դասընթացների հաճախել: Չէի սիրում սովորելու ընթացքը` սոլֆեջիոն, տեսությունը եւ այլն, նույնիսկ գործնական մասն էր դադարել հետաքրքրել ինձ, բայց մոտ երկու տարի անց` 11 տարեկանում, սկսեցի մասնակցել տարբեր փառատոնների, մրցույթների: Հենց առաջին փորձերս բավական հաջող էին: Բեմում ունեցած այդ հաջողության համը ստիպեց ինձ հասկանալ` այս ուղին իմն է:

-Ձեր ընտանիքում, կարծես, երաժիշտներ չեն եղել:

-Ճիշտ եք` ես առաջինն պրոֆեսիոնալ երաժիշտն եմ: Փոքր տարիքում երբեմն մորաքրոջս դստեր հետ էի մնում, մինչ մայրս աշխատանքի էր: Նա կարողանում էր ակորդեոն նվագել, երբեմն էլ ստիպում էր, որ ես էլ նվագեմ: Խելագարվում էի նվագելու եւ ընդհանրապես երաժշտության համար, բայց տանել չէի կարողանում, երբ ինձ սովորեցնում էին կամ ստիպում նվագել, եւ մենք անդադար կռվում էինք այդ պատճառով: Նախորդ տարի Ամանորին նա ներկա էր համերգիս. երկար ժամանակ չէինք տեսնվել եւ երբ հանդիպեցինք, այնքան ուրախացա. հիշեցի, որ հենց նա է արել ինձ նվագել սովորեցնելու առաջին փորձերը:

Մարտինաս Լեւիցկիս


-Ո՞վ է ազդել Ձեր` որպես երաժշտի կայացման վրա:

-Մորեղբայրս: Հենց նա էլ գնեց ինձ համար առաջին ակորդեոնը: Նա քանդակագործ է: Քեռիս հավատաց ուժերիս. ինձ հույս էր տալիս ու խրախուսում, որ շարունակեմ նվագել:

-Իսկ համաշխարհային երաժիշտների ազդեցությունը զգացե՞լ եք:

-Շատ տարբեր երաժիշտներ կան, որոնց ուսուցիչ եմ համարում: Մանկությանս տարիներին ինձ ոգեշնչում էր Ռիշար Գալիանոյի գործունեությունը, բայց տարիների ընթացքում երաժշտական նախասիրություններս փոխվում են, ուստի ազդեցություն ունեցող մարդիկ շատ են: Հիմա կառանձնացնեմ Պատրիսիա Կոպաչինսկայային, Մաքսիմ Վենգերովին, Դանիել Բարենբոյմին: Նրանց անձամբ չեմ ճանաչում, բայց հենց նրանք են ոգեշնչում ինձ:

-Ինչպե՞ս եք ընտրում ստեղծագործությունները:

-Կատարումներն ընտրելու երկու ձեւ կա. նախ`այն պետք է հուզի ինձ: Երբ հնչում է երաժշտությունը, օրինակ` ջութակով, հանկարծ հասկանում եմ, որ ակորդեոնով էլ գեղեցիկ կկարողանամ ներկայացնել: Երկրորդ ձեւը պարտադիր ծրագիրն է, նաեւ դասախոսների հանձնարարած ստեղծագործությունները. ես դեռ շարունակում եմ սովորել: Պարտադիր ծրագիր ասելով` նկատի չունեմ, թե այն ինձ հաճույք չի պարգեւում: 

Երազում եմ մի օր Դեբյուսիի, Ռախմանինովի ստեղծագործությունները ներկայացնել, բայց պիտի զգույշ լինեմ. ինձ դեռ ժամանակ է հարկավոր, քանի որ տեխնիկապես ամեն ինչ էլ կարելի է նվագել, կարեւորը` հաջողվի փոխանցել հուզական աշխարհը:

Մարտինաս Լեւիցկիս


-Երաժիշտներն իրենց գործիքներին տարբեր բնորոշումներ, անուններ են տալիս, Դուք ինչի՞ հետ կհամեմատեք ակորդեոնը:

-Նա հավատարիմ ընկերս է, միշտ ինձ հետ է ճանապարհորդում ու ինքնաթիռում առանձին աթոռի վրա նստում: Տեսնո՞ւմ եք, ասացի` նա: Մի քանի ակորդեոն ունեմ, յուրաքանչյուրն էլ իր բնավորությունն ունի, բայց այդքան չեմ խորացել, որ անուններ տամ: Վերջիվերջո ակորդեոնը պարզապես գործիք է:

-Բեմում առավելագույնս հուզական եք: Հանդիսատեսի գնահատականը Ձեզ համար կարեւո՞ր է:

Ընդհանրապես, ինձ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել: Ուսուցիչս միշտ ասում էր` որքան շատ են շուրջս տեսախցիկները, այնքան ավելի լավ եմ նվագում: Բեմում հաճախ աչքերս փակ եմ նվագում, բայց նույնիսկ այդպես զգում եմ ուշադրությունն ու լիցքավորվում դրանից:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW