×


Մերկացնելով խորհրդավորը. Արվին Քոչարյանի «Mysticus» նախագծի ցուցահանդեսի հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

Լուսանկարիչ Արվին Քոչարյանի «Mysticus» ֆոտոնախագիծն արդեն տասը տարեկան է, եւ այդ առիթով նա մեծ ցուցահանդես է կազմակերպել Երեւանում` ներկայացնելով վերջին տարիներին արված լավագույն աշխատանքները: Ցուցահանդեսի բացումն ուղեկցվել է նաեւ համանուն պատկերագրքի շնորհանդեսով: Երեւանի կամերային թատրոնում տեղի ունեցած միջոցառմանը ներկա է եղել BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին, ինչպես նաեւ զրուցել հեղինակի հետ:

Արվին Քոչարյանը


Լուսանկարիչն ասում է, որ միստիկայի ժանրն իրեն մանկուց է հետաքրքրել՝ չբացահայտված թեմաներ, ներքին միստիկա, հոգեբանություն, գաղտնիքներ, որոնցով մարդը երբեք չի կիսվում ոչ ոքի հետ: Այդպես, 2009 թվականից սկսել է համադրել լուսանկարչության ու գրաֆիկական դիզայնի ուղղությունները՝ ստեղծելով ինքնատիպ մի ֆոտոնախագիծ, որը տարիների ընթացքում էլ ավելի է ընդլայնվել` իր շուրջը համախմբելով աշխատանքային մի մեծ թիմի: Այս տասը տարիների ընթացքում Արվին Քոչարյանը հասցրել է ցուցահանդեսներով ներկայանալ ինչպես Երեւանում, այնպես էլ Բեռլինում, Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում:

Դեռ երկու ամիս առաջ արդեն պատմել էինք, որ «Mysticus»-ի 10-ամյակի առթիվ լուսանկարիչը նույնիսկ երգ էր հեղինակել, որպեսզի այն հնչեր ցուցահանդեսի բացման ժամանակ: Ամեն ինչ հենց պլանավորածի պես էլ եղավ. մինչ հյուրերը կլուսանկարվեին միասին, կօգտվեին հայ-շվեյցարական արտադրության «Noa Noah of Areni» գինիների հյուրասիրությունից եւ կուսումնասիրեին բոլոր լուսանկարները, ցուցասրահում հնչում էր Արվին Քոչարյանի եւ Արմեն Շահվերդյանի կատարմամբ նոր երգը: Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված էր ավելի քան 60 աշխատանք, որոնցում նախագծի հերոսները ներկայացել են հիմնականում ավելի անկեղծ կերպարներով:

Արվին Քոչարյանի «Mysticus» նախագծի ցուցահանդեսին


Իսկ ինչ վերաբերում է պատկերագրքին, ապա այն ընդգրկում է «Mysticus»-ի լավագույն 124 լուսանկարները՝ Արվին Քոչարյանի ընտրությամբ: Գիրքն աչքի է ընկնում նաեւ նորարար տեխնոլոգիական լուծումներով, որոնք ստեղծվել են «Arloopa» ընկերության հետ համագործակցությամբ: Այսինքն՝ լուսանկարներից մի քանիսն ունեն QR կոդ, որի օգնությամբ հնարավոր է կարդալ տվյալ նկարի հերոսի հարցազրույցը բջջային հավելվածի միջոցով: Նման հնարավորություն կա նաեւ ցուցասրահում ներկայացված նույն լուսանկարների դեպքում:

«Mysticus»-ը, որպես գրանցված բրենդ եւ նախագիծ, տարեցտարի ընդլայնվում է` ներառելով նաեւ այլ ուղղություններ: Օրինակ՝ երեւանյան ցուցահանդեսի ընթացքում Արվինը ներկայացրեց նաեւ իրենց հեղինակած արծաթե զարդերը: Այն զարդը, որը երեք օրինակով ցուցադրված էր սրահում, կրում է նաեւ պատկերագրքի շապիկի հերոսուհին:

Արվին Քոչարյանը եւ Էվա Խաչատրյանը


Ի դեպ, «Mysticus» ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ հունիսի 27-ը, այնպես որ շտապեք տեսնել հայտնի ու անհայտ հերոսների միստիկական կողմը, որ Արվին Քոչարյանն է պատկերել իր աշխատանքներում: Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլոր այցելուների համար:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին