Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը նոր ֆոտոշարք ունի: Թե ինչու է որոշել նման կերպարով հանդես գալ, որքանով է այն իրեն հոգեհարազատ, եւ ինչ ֆիլմում է նկարահանվել Խորեն Լեւոնյանի հետ, նա պատմել է BRAVO.am-ին:
«Ինքս եմ ցանկություն հայտնել աշխատել լուսանկարիչ Մարիամ Ղազանչյանի հետ, ով հրաշալի ֆոտոներ է անում: Մարիամն առաջարկեց ինձ լինել խոպոպներով, դրան համապատասխան էլ ընտրեցինք հագուստը: Ի դեպ, ֆոտոշարքից հետո երեք տարբեր եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչներից ստացել եմ առաջարկ, ինչը խոսում է մեր ստացված աշխատանքի մասին»,-պատմել է Նազիկը:
Նազիկ Բաղդասարյանը
Անդրադառնալով ոճային փոփոխությանը` դերասանուհին նշել է. «Խուճուճներն ինձ շատ հոգեհարազատ են, ինստիտուտի տարիներին այնքան էի նման մազերով դասի գնում, որ բոլորը կարծում էին՝ իրականում գանգուր են: Դրանց հանդեպ սերս կրկնապատկվեց այն ժամանակ, երբ սովորելու տարիներին ֆիլմի համար ընտրվեցի եւ հենց գանգուր մազերով պետք է լինեի: Հատուկ միջոցներով իմ շատ ուղիղ վարսերից ստացան գանգուրներ, որոնք մոտավորապես երկու տարի չէին անցնում»:
Բացի ֆոտոշարքից, Նազիկը նաեւ ստեղծագործական նորություններ ունի: «Վերջերս նկարահանվեցի Հովհաննես Գալստյանի «Թողություն» ֆիլմում, որտեղ աշխատում էի Խորեն Լեւոնյանի եւ մեր թատրոնի հրաշալի դերասանուհիներից Անահիտ Ղուկասյանի հետ: Ֆիլմը շուտով հեռուստաէկրաններին կլինի սերիալի տեսքով, իսկ գարնանը մեծ պրեմիերա կունենա»,-ասել է նա եւ ավելացրել, որ Սեւանում տեղի ունեցած նկարահանումները հրաշալի են անցել. «Չնայած ցուրտ եղանակին, շատ ոգեւորված էի: Թիմը հրաշալի էր, իսկ նման ռեժիսորի հետ աշխատելը յուրաքանչյուր դերասանուհու համար երազանքի նման մի բան է»:
Խոսելով թատրոնում ունեցած դերերի մասին` Նազիկը նշել է, որ առաջիկայում պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա բեմադրություն, ինչպես նաեւ շարունակում է խաղալ «Գեղեցկուհին ու հրեշը», «Մատնաչափիկը» եւ այլ ներկայացումներում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: