Դերասաններ Լեւոն Հարությունյանը, Կարինե Բուռնազյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Նաիրա Մովսիսյանը, Նորա Գրիգորյանը եւ Դավիթ Թորոսյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմից ներկայանում են գլամուրաին չոբանների կերպարներով:
Նորա Գրիգորյանը, Նաիրա Մովսիսյանը, Լեւոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Անդրանիկ Հարությունյանը
Կատակերգությունը մեծահարուստ ընտանիքի պատմություն է, գրոտեսկային կերպարները միջանձնային խնդիրները, քաղքենիությունն ու շահամոլությունը ներկայացնում են կոմեդիայի միջոցով: Մեկ գործողությամբ եւ շուրջ երկու ժամ տեւողությամբ ներկայացման բեմադրիչը Կարո Բալյանն է, բեմանկարիչը` Տաթեւ Հովհաննիսյանը, պիեսի հեղինակը` Արմեն Վարդանյանը: Այս տարվա մայիսին Կամերային թատրոնում “Քիթ_Cut” բեմադրությունից հետո նրանք կրկին միասին են աշխատում:
Պրեմիերայից հետո BRAVO.am-ի հետ զրույցում Կարո Բալյանը հայտնել է, որ Արմեն Վարդանյանի առաջարկով է այս թեմայով ներկայացում բեմադրել.“Օնլայն ռեժիմով Արմենի հետ աշխատելով` ընթացքում ահռելի փոփոխություններ արեցինք, որ գրվածքը համապատասխանի բեմին: Պիեսն ավարտին հասցնելուց հետո սկսեցի ընտրել դերասաններին, ինչը բարդ գործ է: Երկար մտածելուց հետո եմ դերաբաշխում արել, բայց փոշմանել եմ, որ Անդոյին եմ ընտրել, վաղը կհանեմ, թող Ռաֆոն երկու դեր խաղա:)”, -կատակել է նա:
Անդրանիկ Հարությունյանը` "Գլամուրային չոբանները" ներկայացման պրեմիերային
Բեմը որպես խոշորացույց ներկայացնում է հասարակության մեջ արմատացած խնդիրները.“Ներկայացումը գլամուրային այն մարդկանց մասին է, որոնք, ցավոք, շատ են մեր իրականության մեջ: Արմենը դիպուկ վերնագիր է ընտրել, եթե մարդիկ հումոր ունեն ու խելացի են, ինչ-որ բան կքաղեն: Մենք պատրաստ ենք թեկուզ ուղղակի զվարճացնելու համար աշխատել, միայն թե գոհ դուրս գան թատրոնից: Վերնագիրը կգրավի, բայց միայն լավ ներկայացումը նրանց կբերի թատրոն. այսօր կան գովազդվող բազմաթիվ ներկայացումներ, բայց տոմսերը վաճառում են` ընկերներին խնդրելով, տեղ-տեղ պարտադրելով: Եթե ներկայացումը ստացված է, լուրը շատ արագ է տարածվում ու հանդիսատեսին թատրոն բերում, իսկ եթե չհավանեն, ուրեմն կարճ կյանք կունենա”, - կարծում է Կարո Բալյանը:
"Գլամուրային չոբանները" ներկայացման պրեմիերային
Ռաֆայել Երանոսյանը պատգամավորության թեկնածուի խորհրդականն է, նրա հավաստմամբ` սիրում է իր մարմնավորած բոլոր կերպարները.“Ամեն մեկս մեր չնչին ներդրումն ունենք ներկայացման մեջ, փորձերի ընթացքում Անդոյի հետ իմպրովիզներ էինք անում ու լկստվում:): Իմ կերպարները սիրում եմ, եթե չսիրեմ, չեմ կարող ժողովրդին հասցնել: Մեր իրականության մեջ այնքան բացասական բաներ կան, որ մարդիկ, թատրոն գալով, ուզում են ժամանակ անցկացնել, նաեւ մի բան տեսնել, քաղել, սովորել, վերլուծել: Տարիքային սահմանափակում չենք դրել, բայց ցանկալի չէ, որ 12 տարեկան երեխան գա, որովհետեւ լուրջ հումորներ կան, կարծում եմ` ուժեղ ասելիքով ներկայացում է”:
Նաիրա Մովսիսյանը քարտուղարուհի-սիրուհու կերպարում է.“Կարծում եմ` ցանկալի եմ, այդ պատճառով ինձ են բաժին ընկնում սիրուհու դերերը: Շահամոլ կանայք միգուցե տեսնեն եւ հասկանան, որ սխալ են: Արդիական թեմա է անարդարության ու ստի մասին, Քաջ Նազարի պատմությունն է կրկնվում. բախտի ու կեղծիքի շնորհիվ են ընտրվում երկրի ղեկավարները: Կուզեի, որ հենց գլամուրային չոբանները գան ու դիտեն ներկայացումը”:
Նորա Գրիգորյանը, Կարո Բալյանը եւ Նաիրա Մովսիսյանը
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նորա Գրիգորյանը` նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը, առաջին անգամ է ընդգրկվել հայկական կատակերգությունում. “Հարուստի աղջիկը ներկայացման ընթացքում ապացուցում է, որ նման ընտանիքներում կան մարդիկ, որ մաքուր խիղճ ունեն, նրանց համար առաջնայինը փողը չէ: Ես հավատում եմ, որ կան նման զավակներ”:
Թե ինչու է Անդրանիկ Հարությունյանը Մերլին Մոնրոյի կերպարում, ինչպես են հերոսները կեղծում ընտրություններն ու լցոնումներ անում, ինչ վերջաբան է ունենում պատմությունը, կարող եք դիտել Կոմեդիայի թատրոնում. հաջորդ ներկայացումը նախատեսված է դեկտեմբերի 14-ին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: