×


Նանա Արամյանի “մանուշակագույն կրքի հեղեղը” Դալանում :)

Մանուշակագույնով ու սեւով հեղեղված կանանց պատկերներ, մարմնի մասեր, ուրվականներ, կմախք, չղջիկ, գանգ, սարդ, մողես, թիթեռ, դիմակ… Այս ամենը մեկտեղ գույների գայթակղիչ համադրությամբ վիզուալացնելը Նանա Արամյանի ձեռագիրն է:

Նկարչուհի Նանա Արամյանը


Նկարչուհու նոր` “Մանուշակագույն հեղեղ” խորագրով ցուցահանդեսի բացումն երեկ էր` նոյեմբերի 22-ին` “Դալան” ցուցասրահում: Նանան անդավաճան է իր սիրելի մանուշակագույնին, թեեւ կան կտավներ, որոնցում այս գույնը չի օգտագործել: Այցելուներից շատերն, իմանալով նրա նախասիրությունը, ոչ միայն հագնվել էին մանուշակագույնի երանգներով, այլեւ ծաղիկներ ու նվերներ ընտրելիս առաջնորդվել էին նկարչուհու սիրելի գույնով:

Նանա Արամյանի կտավներից


Այս ցուցահանդեսն 2011-ին կայացած Սեւ մանուշակագույն զրույցներ ցուցահանդեսի յուրօրինակ շարունակությունն է: Նանա Արամյանն այն համարում է շարքի ամփոփում, բայց միգուցե նորից շարունակի մանուշակագույն հեղեղը.“Նոր նկարած գործերս կրկին նույն ոճի ու թեմայի մեջ են` մթության հետ առնչվող էմոցիոնալ զգացողություններ, սյուրռեալ մարմնական կերպարներ: Ամռան, կրքի, գլխապտույտ թռիչքի, արեւի ներկայությունը չի անհետանում եւ ոչ մի վայրկյան: Ինչպես նաեւ ամառային հորդառատ հեղեղի զգացողությունը, քանզի մթության մեջ շողացող մանուշակագույն կրքի կաթիլները հենց այդ նույն ամառային անձրեւի կաթիլներն են”:

Նարեկ Ավետիսյանը, Նանա Արամյանը եւ Վաղարշակ Ավետիսյանը


Նկարիչ, գրաֆիկ դիզայներն իր ապրումներն ու մտքերն արտահայտում է ոչ միայն կտավների, այլեւ դրանց անվանումներն ընտրելու միջոցով.“Սեւ մանուշակագույն կիրք”, “Կրքի քարտեզագրում”, “Գիշերային նատյուրմորտ”, “Կորուսյալ մայրամուտներ”, “Անհանգիստ գիշեր”, “Գիշերային բնապատկեր”, “Գիշերային նամակներ”, “Այս աներեւակայելի բժիշկ Ժանտախտը” եւ այլն:

Նանա Արամյանի կտավներից


Նանան իր մտքերն ու զգացողությունները կտավին է հանձնում հիմնականում գիշերը` ռոք երաժշտության ներքո.“Կերպարներին տալիս եմ այն էմոցիաներս, որոնք ունեցել եմ, ու այս կերպ արտահայտում եմ իմ հոգեվիճակը: Այս նկարները շատ եմ սիրում, չնայած` դրված են վաճառքի, բայց կան հարազատ գործեր, որոնցից չեմ ցանկանա բաժանվել”:

Մինչեւ դեկտեմբերի 6-ը “Դալան” ցուցասրահում կարող ես անձամբ դիտել ու գնահատել “Մանուշակագույն հեղեղը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW