×


Նառա Նոյանի երաժշտական ճամփորդությունը` հանուն Արցախի

Գեղեցիկ երաժշտություն, հոգեհարազատ երգեր եւ մտերմիկ միջավայր` այսպիսի մթնոլորտում կայացավ բելգիաբնակ հայ երգչուհի Նառա Նոյանի համերգը Փարիզում։  «Անակո» կոչվող նավը, որը մշակութային հանդիպումների յուրօրինակ վայր է Սենա գետի վրա, օրերս հյուընկալել էր երգչուհուն եւ նրան նվագակցող եւս երկու հայ երաժիշտների` դուդուկահար Վարդան Հովհաննիսյանին եւ կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանին։ Բելգիայում ստեղծագործող հայ երաժիշտներն իրենց ելույթը նվիրեցին Արցախին. համերգի հասույթը Կապույտ խաչի միջոցով կտրամադրվի Արցախում զոհվածների ընտանիքներին։

Նառա Նոյանը


Համերգից անմիջապես առաջ BRAVO.am-ի փարիզյան թղթակիցը զրուցել է Նառա Նոյանի հետ։

-Ի՞նչ նպատակով եք այսօր Փարիզում հանդես գալիս եւ ի՞ նչ ծրագիր եք ներկայացնում։


- Սա մեր կողմից մի փոքրիկ օժանդակություն է լինելու Արցախին։ Նոր եւ հին ալբոմներից կատարումներ են լինելու, պահպանելու ենք արեւելյան շունչն այնպես, որ հանդիսատեսը ճամփորդի։ Իմ հեղինակային երգերից եմ ներկայացնելու, երգերս խառնում եմ մեր հայկական ժողովրդականի հետ, եւ մարդիկ չեն զգում, թե ինչպես անցանք մի թեմայից մյուսին: Երեւի դա է հետաքրքիր. այնպես ես գործիքավորում եւ մատուցում, որ լինի այսօրվա երաժշտություն, չնայած` գալիս է դարերից։ Կլինի նաեւ մորս` Ժաննա Բլբուլյանի ստեղծագործություններից «Իմ Հայաստան»-ը. այս երգի բառերը գրել է իմ ֆրանսիացի աշակերտուհին, ով երբեք Հայաստանում չի եղել, բայց ես այնքան եմ խոսել հայրենիքիս մասին, որ նա տպավորվել եւ գրել է այս տեքստը։ Բոլոր համերգներիս կատարում եմ այն, եւ մարդիկ ճամփորդում են դեպի Հայաստան։

Նառա Նոյանի փարիզյան համերգին


- Իսկ ինքներդ ե՞րբ եք Հայաստան մեկնելու, գուցե համերգո՞վ հանդես գաք։

- Ես միշտ եմ պատրաստ Հայաստանում հանդես գալ, բայց կազամակերպչական հարցերը բարդ են, ֆինանսական խնդիրներ են առաջանում։ Վերջին անգամ 2010-ին մորս եւ քեռուս հեղինակային համերգին եմ հանդես եկել, շատ հաճելի էր, մեծ սիրով մենահամերգով կներկայանամ։ Իսկ մինչ այդ մեր երաժիշտների հետ փորձում ենք հայկական երաժշտությունը ներկայացնել Եվրոպայում։ 

- Այսօր Ձեր խմբի միայն մի մասն է ներկա։ Ինչո՞ւ հենց երեքով։

- Այսօր ներկայանում ենք մեր կորիզով, սակայն սովորաբար ավելի մեծ խմբով ենք հանդես գալիս։ Երեքով ենք, որովհետեւ հատուկ նպատակով ենք եկել եւ ավելի ճիշտ էր, որ հայերով ներկայանայինք։ Հետաքրքիրն այն է, որ բոլորս Հայաստանից ենք, բայց իրար հանդիպել ենք Բրյուսելում եւ արդեն տասը տարուց ավել իրար հետ աշխատում ենք։

Նառա Նոյանը


- Հաճախ համագործակցում եք տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ո՞ ր ազգի երաժիշտների հետ է ավելի դյուրին աշխատելը։

- Երաժշտությունը հոգուց է բխում, եթե մեկը կարողանում է մեղեդի զգալ` ազգությունը կապ չունի։

- Ի՞ նչն է ոգեւշնչում Ձեզ ստեղծագործելու համար։

- Ինձ ոգեւշնչում է կյանքը, այն բոլորովին ուրախ չէ եւ մեզանից է գալիս, թե ինչպիսի գույներով կարող ենք տեսնել այն։ Այն ամենը, ինչ կատարվում է կյանքում, երաժշտի մոտ հետք է թողնում եւ հետո պետք է որեւէ կերպ դուրս գա` դա էլ լինում է ստեղծագործությունների միջոցով։ Հավաքում ես այդ ամենը, հոգեբանի մոտ գնալու, բողոքելու եւ թեթեւանալու կամ բուժվելու փոխարեն երաժշտությամբ դուրս ես բերում եւ հանգստանում ես։ Վերջին տխուր դեպքերից հետո կյանքը երեւի այնպիսին չի լինի, ինչպիսին կար նախկինում: Երբ հետ ես նայում, տեսնում ես, որ մարդկությունը ոչինչ չի հասկացել եւ շարունակում է նույն սխալները կրկնելով առաջ գնալ, այնինչ մենք ընդամենն անցորդներ ենք այս կյանքում եւ կարող ենք անցնել իրար սիրելով։ Մարդիկ մտածում են, թե կարող են ինչ-որ բան տանել իրենց հետ, բայց ոչինչ քեզ չի պատկանում այս կյանքում, դու ես պատկանում աշխարհին։

Նառա Նոյանի փարիզյան համերգին


-Կա՞  ինչ-որ տեղ կամ անձ, որ կարող է ոգեշնման աղբյուր լինել Ձեզ համար։

- Ուր էլ որ գնանք, մենակ ենք մնում։ Անգամ երբ փոքր էի, ինձ իմ տանը չէի զգում, շատ հետաքրքիր երեխա էի, ինձ անգամ թվում էր, որ ինձ երեւի որդեգրել են (ծիծաղում է)։ Ես սլավոնական, գնչուական երաժշտություն էի գրում, թափառական կյանքին ինձ շատ մոտ էի զգում։ Վերջերս Բրյուսելից տեղափոխվել ենք Լիեժ, ամուսինս հենց այնտեղից է ծնունդով, իր ծնողներն այնտեղ են ապրում, Բրյուսելը դարձել է մի այնպիսի խառը քաղաք, որ շատ դժվար է մի կետից մյուսը հասնել։ Ինձ տարածություն է անհրաժեշտ, իրար վրա շենքեր չեմ ուզում տեսնել, ավելի խաղաղ տեղ է ու ստեղծագործելու համար շատ ավելի ոգեշնչող միջավայր։

- Ի՞ նչ կուզենայիք ասել մեր ընթերցողներին։


- Հոգով, սրտով սիրում եմ հայերին։ Կցանկանայի իմ կողմից որքան հնարավոր է ջերմություն ուղարկել նրանց եւ ասել, որ մեր հայրենակիցների կողքին ենք, թեկուզ հեռու ենք, բայց մեր սրտերն ու մտքերը մոտ են։ Ինձ հետ նվագող երաժիշտներն այնքան էլ երիտասարդ չեն, որ պատերազմ գնան, բայց իրենք էլ իրենց երաժշտական գործիքներով են «կռվում»․ յուրաքանչյուրս պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մեր Հայրենիքի։

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը /Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարիչ` Ֆիլիպ Սիմոն (Philippe Simon)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW