×


Նատալի Աուադ Փոլադյան. «Միսս Լիբանան 2018»-ի լավագույն տասնյակում հայտնված հայ գեղեցկուհին

Լիբանանում այս ամիս տեղի է ունեցել «Միսս Լիբանան 2018» գեղեցկության մրցույթը, որում փայլեց մեր հայրենակցուհի Նատալի Աուադ Փոլադյանը: Նա ընդգրկվեց լավագույնների տասնյակում` միավորներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Այդ օրվանից Նատալիի լուսանկարները տարածվում են սոցցանցերի տարբեր հարթակներում: Նշենք, որ նա գործունեություն է ծավալում որպես սննդաբան. Լիբանանում հիմնադրել է դիետոլոգիական կլինիկա:

BRAVO.am-ը զրուցել է Նատալի Աուադ Փոլադյանի հետ եւ հետաքրքրվել, թե երբվանից է սկսել զբաղվել մոդելինգով, եւ որքանով են արդարացել իր սպասումները հայտնի մրցույթից:

Նատալի Աուադ Փոլադյանը


Նա պատմեց, որ «Միսս Լիբանան 2018»-ին մասնակցելու համար 500 դիմում-հայտ է ստացվել տարբեր քաղաքներից ու մարզերից, բայց երկու ամսվա նախապատրաստական աշխատանքների արդյունքում ընտրվել են միայն 30-ը: Հենց նրանց միջեւ էլ ընթացել է հիմնական մրցակցությունը, որի արդյունքում Նատալին հայտնվել է լավագույն տասնյակում: Խոստովանեց՝ սպասելիքներն ավելին էին, հատկապես, որ հարց ու պատասխանի փուլում լավագույնն է ճանաչվել.«Կարծում էի, որ պիտի ավելիին հասնեմ: Դա միակ բանն էր, ինչից նեղսրտեցի, բայց ընդհանուր առմամբ, մրցույթը շատ լավ անցավ, շատ բան սովորեցի»:

Նատալին նշեց, որ արդեն 4 տարի է, ինչ մոդելինգով է զբաղվում: Մասնագիտությամբ դիետոլոգ է, զբաղվում է նաեւ ֆիթնեսով, ինչի շնորհիվ էլ գեղեցիկ կառուցվածք ունի: Ըստ այդմ էլ որոշել է ուժերը փորձել նոր ոլորտում՝ որպես մոդել: Հաճախ նրան կարելի է տեսնել նաեւ հեռուստատեսությամբ իր մասնագիտական խորհուրդներով կիսվելիս: Այս պահին նա որպես դիետոլոգ նաեւ վարպետության դասեր է անցկացնում Լիբանանի ամերիկյան համալսարանում: Ասաց՝ շատ կցանկանար Երեւանում էլ բիզնես ունենալ, որի շնորհիվ հաճախ կգար Հայաստան:

Նատալի Աուադ Փոլադյանը


«Մայրս լիբանանահայ է, հայրս՝ լիբանանցի: Նախկինում շատ չեմ եղել Հայաստանում, բայց այս տարի արդեն երկու անգամ այցելել եմ, մեկ անգամ էլ հավանաբար ձմռանը կգամ: Ի դեպ, սեպտեմբերին նաեւ Հայաստանի քաղաքացիություն ստացա եւ Լիբանան վերադարձա հայկական անձնագրով: Շատ եմ սիրում Երեւանը, գեղեցիկ քաղաք է, եւ շատ կցանկանայի այդտեղ էլ որեւէ գործ ունենալ, որպեսզի ավելի շատ առիթներ ունենայի վերադառնալու: Հույս ունեմ՝ շուտով այդ նպատակս իրականություն կդառնա»:

Պարզվում է՝ Նատալին ցանկանում է Հայաստանում ճանաչված լինել ոչ միայն որպես դիետոլոգ կամ գործարար, այլեւ որպես մոդել: Ասաց՝ շատ կուզեր այստեղ էլ նման գործունեությամբ զբաղվել եւ հայտնի լինել հայերի շրջանում: Ի՞նչ խոսք, դա այնքան էլ դժվար չէ, հատկապես երբ խելացի ես, հաջողակ ու գեղեցիկ:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նատալի Աուադ Փոլադյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին