×


Նարինեն տղամարդու դերում եւ սիրո խոստովանություն կատարելիս :)

“Ռոսինանտ” նոր մեկնաբանությամբ ներկայացումը հունիսի 26-ից Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բեմում է: Դերերում են Նարինե Գրիգորյանը, Մարիամ Մելիքսեթյանը, Գեորգի Հովակիմյանը, Սամվել Թոփալյանը, Աստղիկ Աբաջյանը, Քրիստինե Հովակիմյանը եւ ուրիշներ: Բեմական զգեստներով զբաղվել է Գայանե Սարիբեկյանը:

"Ռոսինանտ" ներկայացման պրեմիերային


Բեմադրության ռեժիսորը Խաչիկ Չալիկյանն է, որը երկար տարիներ բեմադրություն չանելուց հետո որպես իր գործունեության վայր ընտրել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնը. “Մտնում ես այս թատրոնի շենք, որ բամբասանքով, չարախոսությամբ լցված չէ, հաճելի մթնոլորտ ու մարդիկ կան: Այստեղի աշխատող չեմ, բայց նախապատվությունս տվեցի այս թատրոնին”:

Պարոդիայի ժանրում արված ներկայացման հիմքում Սերվանտեսի “Դոն Կիխոտ”-ն է, որտեղ ասպետական ժամանակաշրջանի հետ մեկտեղ ներկայացված են ժամանակակից տարրեր, ինչը, բեմադրիչի բնորոշմամբ, “դոնկիխոտյան մեծ գաղափարները հակադրելն է այժմյան գաղափարազուրկ աշխարհին”:

Մարիամ Մելիքսեթյանը


Ըստ Խաչիկ Չալիկյանի` ստեղծագործության մեջ ամենահզոր գաղափարը հետեւյալն է. “Գնանք կռվենք հողմաղացների դեմ, որ աշխարհը վերագտնի արդարությունը: Չի ասվում` կռվենք չար ուժերի կամ հրեշների դեմ: Հանուն արդարության պայքարը գիտակցված պայքար է”:

Ներկայացման բեմադրիչի համոզմամբ` այսօր թատրոնով զբաղվելը մեծ շռայլություն է. “Այն թատրոնը, որ գոյություն ունի, մասնագիտական ինչ-որ խնդիրներ է լուծում. առանց հեգնանքի եմ ասում: Ամենաբարդ խնդիրը հանդիսատեսի` թատրոնի մասին պատկերացումը փոխելն է: Մենք այս երկրի քաղաքացի լինելով` խաղում ենք այն քնձռոտ ձիու դերը, որը կրկնակի պարոդիայի է ենթարկում Դոն Կիխոտի արկածները: Մեր խնդիրն այսօր հայտնաբերելն է Դոն Կիխոտի գաղափարները, որոնք իր ձին` Ռոսինանտն է ծաղրում: Սանչոն փոխաբերական իմաստով ժողովրդի մարմնացումն է, որը պատրաստ է հայտնվել ու ծառայել Դոն Կիխոտին”:

Սամվել Թոփալյանը "Ռոսինանտ" ներկայացման պրեմիերային


Խաչիկ Չալիկյանի “Անպոչ ճգնավորը” վերնագրով ֆիլմում, որի պրեմիերան դեռ չի կայացել, խաղում են ներկայացման դերասաններից երկուսը` Մարիամ Մելիքսեթյանն ու Նարինե Գրիգորյանը: Ռեժիսորի հրավերով նրանք միացել են թատրոնի դերասաններին եւ զբաղված են այս ներկայցման մեջ:

Մարիամի խոսքով` Դուլսինեայի կերպարն իր հետ այնքան էլ կապ չունի, բայց գործընկերների շնորհիվ կարողացել է իրեն զգալ այդ կերպարում. “Շատ լարված էի, որովհետեւ փորձառության պակաս ունեմ: Երբ առաջարկը ստացա, սարսափելի անսովոր միջավայր էր, բայց քիչ-քիչ հասկացա բեմի պահանջները”:

Աստղիկ Աբաջյանը եւ Գեորգի Հովակիմյանը


Իր խաղընկեր Նարինե Գրիգորյանը, որը ձիուն եւ Դոն Կիխոտին է մարմնավորում, ավելացրել է, որ բազմաթիվ դերերի շարքում այս նոր կերպարը փոքր-ինչ արտասովոր է. “Այնքան հետաքրքիր էր, որ ես աղջիկ եմ, խաղում եմ Դոն Կիխոտ, պետք է սիրո խոստովանություն անեմ: Զգացի, որ մարմնավորում եմ տղամարդու իմ իդեալին եւ մեկ բան հասկացա. սիրո իմպուլսը բոլոր մարդկանց մեջ նույնն է: Սկզբում մտածում էի` ինչպես եմ տղամարդու դեր խաղալու, բայց շատ հետաքրքիր  թվաց: Իմ կարծիքով` համաշխարհային գործերում լավագույնը տղամարդկանց դերերն են: Կարեւորը ռեժիսորն էր տեսնում, ես ինձ չէի պատկերացնում, դա էլ ինձ համար նորություն էր”:

Մեկ գործողությամբ “Ռոսինանտ” ներկայացումը դերասանները խաղալու են նաեւ հուլիս ամսին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW