Նիմֆոմանուհի` հունարեն nymphe` հարսնացու, եւ mania` մոլուցք, բառերից… Գեղեցկագույն, հոգեէրոտիկ բառ, որը բզկտում է տղամարդկանց երեւակայությունը. նիմֆոմանուհին երբեք չի մերժում սեքսի առաջարկը, Կամասուտրան նրա սեղանի գիրքն է, եւ, ի վերջո, նիմֆոմանուհիները գեղեցկուհի են: Իսկ եթե դու, տղամա՛րդ, հանկարծ սիրես նիմֆոմանուհուն, ուզես մարդավարի ապրել հետը, կհանդուրժե՞ս նրա սեքսով զբաղվելն ամենատարբեր տեսքի, տարիքի ու նույնիսկ սեռի մարդկանց հետ, կդիմանա՞ս նրա տեմպերին ու ամենակուլ ցանկությանը: Դե, իհարկե՝ ոչ:
Երեւանը ոչ վաղ անցյալում լրջորեն ցնցվեց նիմֆոմանիա բառից, երբ կինոթատրոններից «անպատկառ» մեկը որոշեց հրամցնել հռչակավոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի»-ն: Ընդ որում, Թրիերը շատ խորամանկ է. նա գերգայթակղիչ ու սեքսուալ ներկայացրեց թրեյլերը` համեմված BDSM տարրերով ու Ռամշտայնով: Հայերն ագահաբար գրավվեցին` կարծելով, թե գեղարվեստական պոռնոգրաֆիա են նայելու, գաղափար չունենալով, որ Թրիերն ավելի շատ սիրում է հոգեվերլուծություն, սրված իրականություն ու մահ:
Ինչեւէ, ֆիլմը դիտողների մեծ մասը խորապես հիասթափված էր. «էդ ինչ ապուշություն էր», «առաջ տալով եմ նայել, մի հատ սեքս չկար»: Ու ոչ ոք չնկատեց, որ Լարսի նիմֆոմանուհին ամենասովորական, միջին գեղեցկության ու սեքսուալության տեր տանջվող կին էր: Նա չէր կարողանում ապրել, սիրել ու վստահել մարդկանց, նա չխնայեց նույնիսկ սեփական երեխային ու դարձավ մարդասպան: Նրա բոլոր հաճույքներն ու խնդիրները փարատվում էին սեքսով, եւ իրականում սա դաժան է:
Տղամարդկանց նիմֆոմանիայից վերջնականապես սթափեցնելու եւ սեքսուալ երկինքներից իջեցնելու համար սահմանենք այն: Նիմֆոմանիան պաթոլոգիկ հիպերսեքսուալություն է, որն ուղեկցվում է կպչուն մտքերով, ագրեսիվ վարքով, կինը համակվում է մշտական, ուժգին, տանջալից սեքսուալ ցանկությամբ: Նիմֆոմանիան կարող է զարգանալ 2 ուղղությամբ` որքան հնարավոր է շատ օրգազմ ապրել կամ որքան հնարավոր է շատ զուգընկեր ունենալ: Եթե պաթոլոգիայի առարկան օրգազմն է, նիմֆոմանուհին իր զուգընկերոջը հասցնում է ֆիզիկական հյուծվածության. տղամարդը սպառվում է նաեւ հոգեբանորեն, քանի որ «ունակ չէ բավարարելու կնոջը»: Եթե առարկան տղամարդկանց քանակն է, ապա նիմֆոմանուհուն չեն հետաքրքրում ոչ արտաքին, ոչ ներքին որակներ. միայն առնանդամի չափս եւ հզոր պոտենցիա:
Եվ վերջում՝ ամենահետաքրքիր փաստերը նիմֆոմանիայի մասին:
1.Նիմֆոմանիան կարող է զարգանալ ուժեղ սթրեսի հիմքի վրա, օրինակ` բռնաբարությունից հետո: Կարող է եւ լինել հոգեկան հիվանդության, օրինակ` սկսվող շիզոֆրենիայի նշան:
2. «Նիմֆոմանուհի» տերմինն այլեւս ընդունված չէ արեւմտյան բժշկությունում, քանի որ հնարավոր չէ գծել չափազանց մեծ սեքսուալ ցանկության սահմանը: Դրա փոխարեն շրջանառվում է «հիպերսեքսուալություն» տերմինը: Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում կանանց ընդամենը 3%-ն ունի այս խնդիրը:
3.Իրականում, նիմֆոմանուհին սեքսից հաճույք չի ստանում: Տրամաբանական է. եթե դուք շատ եք սիրում պաղպաղակ, միեւնույն է՝ ոչ մի հաճույք չեք ստանա, եթե սկսեք ամբողջ օրը, ամեն շաբաթ ուտել այն: Բազմաթիվ նիմֆոմանուհիների համար սեքսը հիվանդագին վիճակը, միայնակությունն ու այլ խնդիրներ խեղդելու միջոց է:
4.Նիմֆոմանիան կարելի է բուժել: Դեղորայքային միջամտությունն ու հոգեթերապիան միասին կարող են լավ շտկումներ ու դրական արդյունքներ տալ նիմֆոմանուհու վարքում:
5. Բարեհաջող բուժումից հետո միշտ գալիս է վերականգնման ծանր շրջանը: Սեքսուալ ախորժակի վրա վերահսկում ձեռք բերելուց հետո կինը հիշում է իր անցյալն ու սարսափում: Սա ամենածանր պահն է, երբ նա ստիպված է հաղթահարել մեղքի ու ամոթի զգացումները:
...Եվ ես համոզված եմ, որ նույնիսկ այսքանը կարդալուց հետո կգտնվեն տղամարդիկ, ովքեր կասեն.«Այ մարդ, գժվե՞լ եք, ինչպե՞ս կարելի ա բուժել էդ հրաշքը»:
Աուրա Ֆ.
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: