×


Նոտր Դամը՝ հրդեհից հետո. մարդիկ իրենց հետ տանում են տաճարից պոկված կտորներ

Փարիզն այսօր անհանգիստ էր արթնացել, ֆրանսիացիներն անհամբերությամբ սպասում էին տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա հրդեհի զոհ դարձած Աստվածամոր տաճարը, կարողացել է արդյոք հրդեհին դիմակայել քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը` «Նոտր Դամը»։ Բազմաթիվ քաղաքացիներ եւ զբոսաշրջիկներ եկել էին տաճարի մոտ՝ իրենց աչքերով տեսնելու հրաշքով փրկված կառույցը։ Ֆրանսիայի մայրաքաղաքը հրդեհի ճիրաններում կորցրեց Աստվածամոր տաճարի մի մասը, սակայն հրշեջներին հաջողվեց փրկել հիմնական կառույցն ու երկու սյուները, հնարավոր եղավ դուրս բերել մեծարժեք գանձեր։


Կրակը մարված է, բայց հրշեջները դեռ շարունակում են իրենց աշխատանքը, մասնագետներն այժմ կատարում են մանրակրկիտ ուսումնասիրություն՝ հասկանալու համար` արդյոք փրկված կառույցն իրոք ամուր է եւ փլուզման վտանգ չի սպառնում։


Ապրիլի 15-ի երեկոյան տաճարի վերնամասում բռնկված կրակի հետեւանքով ամբողջությամբ այրվել է փայտյա գագաթը, փլուզվել ամենաբարձր աշտարակը։ Բազում փարիզեցիների եւ զբոսաշրջիկների աչքի առջեւ հսկայական սյունը գետնին տապալվեց։ Ամենաերկար այս սյունը տաճարի սկզբնական կառույցում չի եղել, կառուցվել է 19-րդ դարում, սակայն դարձել է եկեղեցու անբաժանելի մասն ու խորհրդանիշը։



Հրդեհի մարման ընթացքում հարյուրավոր մարդիկ փողոցում ծնկաչոք աղոթում ու երգում էին՝ հավատալով, որ տաճարը կփրկվի։ Հաջողվել է փրկել «Սուրբ պսակը», նաեւ կարեւոր նշանակության գանձեր, որոնք այժմ գաղտնի վայրում են պահպանվելու։

Հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ հանվել էին փլուզված աշտարակի կողքի սրբերի արձանները, որոնք երբեք չեն հանվել եւ չեն վերականգնվել։ Առաջին անգամ վերականգնողական աշխատանքների ուղարկվելուց առաջ դրանք պետք է ցուցադրվեին տաճարի ներսում` սեպտեմբեր ամսին։ Իսկ երբ կվերաբացվի տաճարը, առայժմ անհայտ է, պարզ չէ նաեւ, թե երբ հնարավոր կլինի մտնել տաճար եւ հասկանալ վնասների չափը։

Լուսանկարը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի արխիվից, 2014 թ.


Հավատացյալները մխիթարվում են՝ ասելով, որ միայն քարերն են վնասվել, իսկ հավատքը հոգում է, ոչ թե քարերում...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անմիջապես չեղյալ հայտարարեց նույն երեկոյան սպասվող իր կարեւոր ելույթը ուղիղ եթերում եւ կնոջ հետ շտապեց դեպքի վայր։ Աստվածամոր տաճարի տարածք այցելելով երկու անգամ` նախագահն իր ելույթում երախտագիտություն հայտնեց հրշեջներին, որոնց հերոսական աշխատանքի շնորհիվ մարվում էր կրակը։ «Մենք կվերակառուցենք տաճարը` բոլորս միասին։ Սա են ակնկալում բոլոր ֆրանսիացիները, սրան է արժանի մեր հնադարյա պատմությունը»,- հայտարարեց նա։

Դեռ հրդեհը չմարված` սկսվել էր հանգանակություն, եւ նվիրատուների մեծ գումարների մասին է խոսվում։

800 տարվա մեջ առաջին անգամ է, որ այս տաճարում հրդեհ է բռնկվել, մինչ այժմ որեւէ դեպք չի պատահել բազում վերականգնողական աշխատանքների եւ շինարարությունների ընթացքում։ Սակայն հրդեհի առաջացման առաջին վարկածը հենց շինարարության հետ է կապվում:


«Կրակի զինվորները» ջանքեր չխնայեցին փրկելու Եվրոպայի ամենաշատ այցելուներ ունեցող տեսարժան վայրը, սակայն շատերը, այդ թվում եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարց էին տալիս, թե ինչու չի կիրառվում հրշեջ-օդանավ` կրակը վերեւից մարելու նպատակով։ Ֆրանսիական անվտանգության մասնագետները պարզաբանում են, որ ջրի ահռելի մեծ շիթերը ամբողջությամբ կքանդեին կառույցը, տաք քարերը պարզապես չէին դիմանա։

Կաթոլիկների, ինչպես նաեւ ոչ հավատացյալ զանգվածի համար մեծ նշանակություն ունեցող այս տաճարի տարածքը բացվել է այսօր առավոտյան, հուզված այցելուների հոսքը չի դադարում, զբոսաշրջիկները իրենց հետ են տանում տաճարից պոկված կտորներ, որոնք ցիրուցան են եղել գետնին։ Շատերն են մխիթարվում, տեսնելով, որ տաճարն իր «դեմքը» չի փոխել, աննկուն է նաեւ տաճարի մուտքի դուռը, որը մի օր կրկին կբացվի հավատավորների առջեւ։

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի եւ համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին