81 տարեկանում կյանքից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանի մահվան 40-րդ օրը նրա ղեկավարած Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում իր իսկ բեմադրած «Հիշատակման աղոթք» ներկայացումն էր:
Դուստրը՝ Նորա Գրիգորյանը, BRAVO.am-ին հայտնել է, որ ՀՀ ժողովրդական արտիստի հիշատակին նվիրված ներկայացման ավարտին ընթերցել է նրա վերջին նամակը.«Մահվանից մեկ ամիս առաջ, երբ հիվանդությունը երկրորդ անգամ սրացավ, ինձ խնդրեց, որ գրեմ այն, ինչ կթելադրի, չէի համաձայնում, բայց ուզում էր իր վերջին խոսքը փոխանցել, ասում էր, որ կյանքին հրաժեշտ չի տալիս, ուղղակի հանգիստ կլինի, եթե իր խոսքն ասի։ Ուժեղ մարդ էր, մինչեւ վերջին րոպեն պայքարում էր ու հավատում, որ կհաղթի հիվանդությանը, մեզ էլ ոգեւորում էր»։
Ալեքսանդր Գրիգորյանը նամակում անդրադարձել է ընտանիքին, զավակներին, թոռներին, թատրոնի բոլոր անդամներին, ընկերներին.«Ոչ ոքի չի մոռացել, նա յուրահատուկ կերպով, խոսքով շոյում էր մարդկանց, դրական հույզեր հաղորդում։ Նույնիսկ այն մարդիկ, որ իրեն նեղացրել էին, դժվարությամբ, բայց ներեց. հիշաչար չէր։ Նա ասում էր՝ «Շնորհակալություն իմ ընտանիքին, իմ երեխաներին՝ Զառային, Աննային, դուք իմ խելացիներն ու գեղեցկուհիներն եք, որ կարողացել եք շատ բան ապրել ինձ հետ եւ առանց ինձ: Սրտով եւ մտքով ես միշտ ձեզ հետ եմ՝ Սամսոն, Ստեփան եւ իմ ամենափոքր, բայց արդեն չափահաս Սաշա՝ իմ թանկ, ես շատ եմ ցավում, որ չհասցրի ուրախանալ քո հարսանիքին: Հուսով եմ՝ ինձ կներես: Ուժեղ եղի՛ր։ Շնորհակալություն իմ անփոխարինելի, համարձակ, հպարտ եւ զգացմունքային կնոջը: Իմ ամենամոտ մարդուն, որն արդեն քանի տարի է՝ անհնարինը դարձնում էր հնարավոր: Բուժում էր ինձ, աջակցում, հասկանում։ Տոմչկա, եթե ինձ երբեւէ հարցնեն՝ ո՞վ է իմ հերոսը, իմացիր, որ պատասխանը կլինի՝ Թամարան է»»։
Ալեքսանդր Գրիգորյանը՝ կնոջ եւ թոռների հետ
Ալեքսանդր Գրիգորյանի մահվանից հետո քննարկվող հարցերից մեկն է՝ ով է դառնալու ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը. «Խոսակցություններն այնքան շատ են, նույնիսկ մարդկանց անուններ եմ լսել, որ կապ չունեն թատրոնի հետ, անհեթեթություն է թվում։ Իմ թեկնածությանը կողմ է նաեւ Ֆրեդ Դավթյանը, որ զարգացնեմ պապայի գործը։ Ես ցանկանում եմ թատրոնի գլխավոր ռեժիսորը լինել, իհարկե, նաեւ այլ մարդիկ ցանկություն ունեն դառնալ գեղարվեստական ղեկավարը։ Քանի որ հայրս 50 տարուց ավելի ղեկավարել է, հիմա առաջին անգամ ենք այս իրավիճակում։ Կարծում եմ՝ նոր նշանակումները կլինեն Ամանորից հետո, դեռ աշխատում ենք այն զգացողությամբ, որ հայրս կա»։
Ռուսական թատրոնը շարունակում է բնականոն աշխատել, նոյեմբերին կայացել է «Կատարյալ տղամարդը» ներկայացման պրեմիերան, որի բեմադրիչը ռուսական թատրոնի, ՀՀ վաստակավոր դերասանուհի Վերոնիկա Սարոյանն է, իսկ դեկտեմբերի 22-ին կկայանա «Շելկունչիկ» երաժշտական ներկայացման պրեմիերան, որում ընդգրկված են Թատերական ինստիտուտում Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարած դերասանական 4-րդ կուրսի ուսանողները։ Կուրսին դասավանդում է նաեւ Նորա Գրիգորյանը, որն էլ ներկայացման բեմադրիչն է.«Մանկական է, սակայն ձեւաչափով տարբերվում է: Տեսնում եմ, որ դերասանները մեծ հաճույքով են աշխատում։ Իմ մեջ կուտակված էներգիան՝ թե լավ, թե վատ, ուղղել եմ այս ներկայացմանը։ Ուսանողներն իրենց խաղով ու պլաստիկայով թարմություն են բերել, նրանց եռանդի ու էներգիայի շնորհիվ հեշտ ենք աշխատում, ռեժիսորի համար իրական հաճույք է։ Նոր տարուց հետո ողջ կուրսով կխաղան որպես դիպլոմային աշխատանք»։
Նորան մեզ հետ զրույցում պատմել է նաեւ իր երկվորյակների եւ հոր ջերմ հարաբերութունների մասին.«Երեխաներս սովոր էին ամեն առավոտ գնալ պապիկի սենյակ ու նրան քնից արթնացնել։ Պապայիս մահվանից հետո առաջին օրերը շատ դժվար էին, որովհետեւ վազում էին այդ սենյակ ու դատարկություն էին տեսնում… Շատ դաժան է, հիմա խոսելիս հուզվում եմ։ Տան ամեն անկյունում նրա նկարներն են, ես նրանց ամեն օր ցույց եմ տալիս նկարները, ուզում եմ՝ իմանան, թե ով է եղել իրենց պապիկը», - եզրափակել է նա։
BRAVO.am
Լուսանկարները` Նորա Գրիգորյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: