×


Շարժվող հսկա դինոզավրերը՝ նորաբաց «Դինոլենդ»-ում:)

Մի պահ պատկերացրեք, որ դինոզավրերը վերադարձել են դարերի խորքից եւ բնակություն հաստատել Հայաստանում: Վախենալու պատճառ չկա, քանի որ դինոզավրերը մեր երկիր են եկել միայն երեխաներին ու մեծերին հաճելի ժամանց պարգեւելու նպատակով: Քաղաքի կենտրոնից ու աղմուկից հեռու՝ Երեւան-Արտաշատ մայրուղու 1-ին կիլոմետրի վրա, բացվել է «Դինոլենդը»՝ դինոզավրերի յուրօրինակ այգին: Այստեղ կարելի է հանդիպել բուսակեր ստեգոզավրից մինչեւ հանրահայտ գիշատիչ տիրանոզավրին, որոնք շարժվում են, շնչում, թարթում, ձայներ հանում եւ անգամ ձու ածում։ Այգու պաշտոնական բացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Հայաստանում դինոզավրերի այգի է բացվել


«Դինոլենդ»-ում (DinoLand) պատմության անիվը ետ է պտտվել միլիոնավոր տարիներով, ինչը հնարավորություն է տալիս ճանաչողական էքսկուրսիաներ անցկացնել տարբեր խմբերի համար: Այստեղ ներկայացված է դինոզավրերի 8 մոդել, որոնցից մեկին երեխաները նույնիսկ կարող են հեծնել եւ շրջել այգու տարածքում: Հանգստի եւ ժամանցի նորաբաց կենտրոնը բաժանված է մի քանի գոտիների՝ դինոզավրերի, խաղային, բացօթյա սրճարան եւ տաղավարներ, որտեղ կարելի է ընտանեկան ժամանցն անցկացնել, ծննդյան տոներ կազմակերպել եւ դպրոցականների համար տարբեր ծրագրեր իրականացնել: Այգու հիմնադիր-տնօրեն Մարինա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց՝ ամեն ինչ արված է, որ բացի զվարճանքից, մարդիկ նաեւ հետաքրքիր տեղեկություններ ստանան:

«Դինոլենդ»-ի հիմնադիր-տնօրեն Մարինա Գրիգորյանը


««Փոքրիկ Էյնշտեյն»-ից հետո մեզ մոտ ավանդույթ է ձեւավորվել զվարճանքը դարձնել իմաստալից: Երբ լսեցինք, որ տարբեր երկրներում կան նման այգիներ, մտածեցինք՝ ինչո՞ւ ոչ, կարելի է նաեւ այստեղ նման հետաքրքիր նախագիծ իրականացնել երեխաների համար: Չէ՞ որ բոլորին հետաքրքիր են դինոզավրերը: Իհարկե, տեղը փոքր-ինչ հեռու է քաղաքի կենտրոնից, բայց կարծում եմ՝ նախընտրելի է նման կենտրոնն ավելի հանգիստ վայրում կառուցելը: Բացի այդ, Երեւանի կենտրոնում նման տարածք գտնելը գրեթե անհնար է, վարձակալությունն էլ շատ թանկ արժե: Մենք այս տարածքը շատ հավանեցինք, սիրեցինք եւ բավական մեծ աշխատանք կատարեցինք վերջնական տեսքի բերելու համար: Այսօր հասկացանք, որ եթե գաղափարը յուրօրինակ է, ապա այցելուներ անպայման կլինեն՝ անկախ այգու գտնվելու վայրից»,- նկատեց Մարինա Գրիգորյանը:

Հայաստանում դինոզավրերի այգի է բացվել


Նա նշեց, որ երկար փնտրտուքներից հետո դինոզավրերին բերել են Չինաստանից: Այգում ցուցադրված են մինչեւ 7 մետր բարձրության դինոզավրերի անիմացիոն նմուշներ: Այստեղ կարող եք հանդիպել վելոսիրապտորին, որն ապրել է մոտ 75 միլիոն տարի առաջ, զրահապատ ստեգոզավրին, գիշատիչ տիրանոզավրին, բուսակեր եռաեղջյուրին, դեյնոնիկոսին եւ դինոզավրերի այլ տեսակների: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այգին սեզոնային է եւ գործելու է մինչը ձմեռ, ապա Մարինա Գրիգորյանն ասաց՝ նախատեսում են ամբողջ տարին գործել.«Իհարկե, առջեւում ամառ է, եւ բացօթյա տարբերակը շատ ավելի հաճելի է, բայց ընթացքում մենք կկառուցենք նաեւ փակ տաղավարներ, որոնց ներսում նախատեսված կլինի ջեռուցում: Ծրագրեր ունենք ձմռան հետ կապված, այնպես որ, ցանկանում ենք՝ այգին ամբողջ տարվա ընթացքում աշխատի»:

Հայաստանում դինոզավրերի այգի է բացվել


Հավելենք, «Դինոլենդը» գործում է ամեն օր, իսկ գնային քաղաքականությունը տարբերվում է՝ ըստ օրերի: Աշխատանքային օրերին այգու մուտքավճարը մեծահասակների համար կլինի 1000 դրամ, երեխաների համար` 2500 դրամ, իսկ շաբաթ-կիրակի, տոն եւ ոչ աշխատանքային օրերին տոմսի արժեքը մեծերի համար կլինի 2000 դրամ, երեխաների համար՝ 3500 դրամ: Աշխատանքային օրերին այգին գործում է առավոտյան ժամը 12:00-ից մինչեւ երեկոյան 21:00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչեւ երեկոյան 22:00-ն: Մաղթում ենք հաճելի ժամանց դինոզավրերի ընկերակցությամբ :):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին