×


Շողեր Գրիգորյան. “Ես հղիանալու եմ ու Դավիթ եմ ծնելու”

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում երեկ` ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի օրը, նոր ներկայացման պրեմիերա էր, որի հեղինակները խորհրդանշանական են համարում առաջնախաղի օրը: “Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա” ներկայացման հերոսուհին կանգնած է երկընտրանքի առջեւ` գնա՞լ, թե՞ մնալ Հայաստանում: 

Շողեր Գրիգորյանը “Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա” ներկայացման պրեմիերային


Մեկ գործողությամբ հոգեբանական դրամայի գլխավոր դերակատարը 24-ամյա դերասանուհի Շողեր Գրիգորյանն է: Նա օդանավակայանում սպասում է Երեւան-Կուրիլյան կղզիներ չվերթին, որը մի քանի ժամով հետաձգվել է, ինչը վերջինիս ստիպում է հանդիսատեսի հետ կիսվել իր խոհերով ու մտահոգություններով:

Շողեր Գրիգորյանը “Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա” ներկայացման պրեմիերային


Հերոսուհին ուզում է փախչել երկրից, նոր կյանք սկսել, քանի որ “ուժեղ է ու հմայիչ”, բայց չի կարողանում զսպել իրեն ու բողոքելիս ակամա երգում է հայկական ժողովրդական երգեր. “Կարծես, Հայաստանը դարձել է սպասասրահ, որտեղից մարդիկ ուզում են գնալ, իսկ կոմպարսիդան երաժշտական այն ձեւն է, որի մեջ դրել ենք այս մելոդիկ հրաժեշտը: Հերոսուհին կորցրել է իր երեխային եւ մեղքի զգացում ունի: Հայրենիք ու երեխա կորցնելու միջեւ զուգահեռներ եմ տանում”, - BRAVO.am-ին ասել է Շողեր Գրիգորյանը` հավելելով, որ փորձերի ընթացքում խոսքին միաձուլվել են երգերը. “Ոչ թե հաշվարկել ենք հայկական երգեր ընդգրկել, այլ հոգու թելադրանքով այդ երգերը դարձել են ներկայացման կարեւոր մասնիկը”:

Շողեր Գրիգորյանը “Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա” ներկայացման պրեմիերային


Նորաստեղծ “Անեկա” թատերախմբի ներկայացրած բեմադրության հեղինակը Արտաշես Արամն է, կոմպոզիտորը` Վաչե Շարաֆյանը, սաքսոֆոնահարն է Արա Առաքելյանը, նկարիչ-ձեւավորողը` Հասմիկ Ղազարյանը, խորեոգրաֆը` Գոհար Հովհաննիսյանը:

Ի դեպ, դերասանուհին միայն առաջնախաղից հետո  է գլխի ընկել, որ ներկայացման որոշակի հատված բաց է թողել, սակայն BRAVO.am-ի ընթերցողների համար ներկայացրել է բաց թողած ասելիքը. “Երեւի ինչ-որ մեկի բախտը դահլիճում բերել է, որ այդ սուր տողերը չասացի: Խոսքս ուղղված էր այն մարդկանց, որոնք իրենց հարստությունը բացարձակ չեն ուզում կիսել: Կոնֆուցիոսն ասում է` չի կարելի լավ ապրել այն երկրում, որտեղ տիրում են աղքատությունն ու թշվառությունը: Հերոսուհու բողոքը նաեւ այդ հակադրության դեմ է”:

Շողեր Գրիգորյանն ու Արա Առաքելյանը


“Ինձ թվում է` այս ներկայացումը հենց իմ մասին է”. Շողեր Գրիգորյան

Շողեր Գրիգորյանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո Ֆրանսիայում եւս ստացել է դերասանական կրթություն: Այս մոնոներկայացումը նրա խաղացանկում երրորդն է, առաջին երկու մոնոներկայացումը խաղացել է Փարիզում:

Շողերի եւ իր կերտած կերպարի միջեւ ընդհանուր գիծ կա. երկուսն էլ երկրից հեռանալու խնդիրն ունեն. “Շատ բարդ հարցադրում է, ինքս անցել եմ այդ ամենի միջով: Երբ քննություններս հանձնում էի, որպեսզի ընդունվեմ Սորբոնի համալսարանի թատերական բաժնի մագիստրատուրա, Արտաշեսն առաջարկեց այս դերը: Ինձ թվում է` այն հենց իմ մասին է, բայց կարեւոր է հասկանալ` ինչի համար ես գնում: Եթե գնում ես, հայրենիքիդ օգուտ տալու համար, ոչ թե ուղղակի լքում ես երկիրը, դա փախուստ չէ, իսկ եթե իմ մնալը պիտի օգնի երկրիս, ես զոհաբերելով պետք է մնամ: Ներկայացման որոշ հատվածներում իմ սրտից ես եմ խոսել, ոչ թե կերպարս: Ի վերջո, հերոսուհին որոշում է մնալ. մեր կոչն է հանդիսատեսին չգնալ հայրենիքից”:

Շողեր Գրիգորյանը “Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա” ներկայացման պրեմիերային


“Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու, ճանապարարհն ինձ ոչ մի տեղ չի տանելու: Ես մնալու եմ ու հրաշք է լինելու. ես գտնելու եմ այն մեկին, ում փնտրել եմ ողջ կյանքիս ընթացքում, նա ինձ սիրելու է, ես հղիանալու եմ ու Դավիթ եմ ծնելու, ով դառնալու է այս երկրի իսկական տերն ու անդավաճան բերդակալը”, այս խոսքերով էլ ավարտվում է մոնոներկայացումը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին