×


Շուշաննան, Ալինան եւ մյուսները պատմում են այն, ինչ մնացել է “Տնփեսա”-ի կադրից դուրս :)

BRAVO.am-ը “Տնփեսա”-ին անդրադարձել է մինչ սիթքոմի եթերում հայտնվելը` նախ ընթերցողների համար բացահայտելով, որ հումորային նախագծի դերասանական կազմում է նաեւ Շուշաննա Թովմասյանը, հետո վերջինս, Ալինա Մարտիրոսյանը եւ Կայա Խուրշուդյանը պատմել են իրենց կերպարների մասին, իսկ այսօր ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք արվել են ամանորյա նկարահանումների ժամանակ, ինչպես նաեւ դերասաններից մի քանիսի զվարճալի պատմությունները:

"Տնփեսա" սիթքոմի ամանորյա նկարահանումներին


Շուշաննա Թովմասյան - Անուշիկ


Անուշիկի նման ժպտերես, աշխույժ եմ, սակայն ոչ` միամիտ: Կարծում եմ` կերպարս սիրվել է, այդ են վկայում դրական արձագանքները:

Թե՛ նկարահանման ժամանակ, թե՛ կադրից դուրս հումորային տրամադրություն է տիրում, կատակների պակաս չունենք: Պատահում է, որ սխալմամբ միմյանց իրական անուններով ենք դիմում, երբեմն էլ զավեշտալի դեպքեր են գրանցվում: Հիշում եմ` տեսարանի մի մասը նկարելուց հետո միայն Մկոն նկատեց, որ ակնոցս չեմ դրել, եւ ստիպված կրկնեցինք:):

Մեր թիմում Մկոն ամենաճշտապահն է, Ալինան` ամենականացին, իսկ, դե, Հովոն էլ նկարահանումներից ուշացողներից է, որովհետեւ սիրում է երկար քնել:):

Հովհաննես Ազոյանը եւ Ալինա Մարտիրոսյանը


Ալինա Մարտիրոսյան - Էդիտա

Էդիտային եւ ինձ միավորում է միայն խնամված արտաքինը. ես առանց սիրո երբեք չեմ ամուսնանա:

Շատ հաճելի է ուրախ եւ ջերմ մթնոլորտում աշխատել: Զավեշտալի ու ծիծաղելի  իրավիճակներից չեմ խոսափել նաեւ ես: Նկարահանումներից մեկի ժամանակ Կորյունի փոխարեն անընդհատ Մանուկ էի ասում, իսկ խաղընկերս` Մկոն` Էդիտայի փոխարեն` Սիլվա:): Մի քանի դուբլ սխալվելուց հետո, ի վերջո, հաջողվեց ստանալ անհրաժեշտ տեսարանը:

Ուրախանում եմ, երբ անծանոթներն ինձ Էդիտա են դիմում, նամանավանդ, երբ դրան հաջորդում են ջերմ ու բարի խոսքերը:

Վահագն Գալստյանը եւ Շուշաննա Թովմասյանը


Վահագն Գալստյան - Սաքո

Տանը, երբ “Տնփեսա”-ն սկսելուն պես հավաքվում ենք հեռուստաէկրանի առջեւ, որդիս` Հայկը, նայում է ինձ ու կրկնում սաունդթրեքի բառերը` “Ո՞վ է սա, ո՞վ է սա, տնփեսա”:):

Չնայած` աշխատանքային լուրջ գործընթացին, զավեշտալի դեպքեր, այնուամենայնիվ, պատահել են: Հիշում եմ` դրվագներից մեկում պետք է Կորյուն Անուշավանիչին ասեի` “Շեֆ ջան, Մանուկի հետ խաղ ենք խաղում”, բայց Մանուկի փոխարեն Հովո ասացի:
 
Վերջերս էլ փողոցում մի տղամարդ մոտեցավ` կերպարիս մասին խոսելու: Թեեւ ասացի իրական անունս, նա մինչեւ հրաժեշտի պահն էլ ինձ համառորեն Սաքո էր դիմում:

Շուշաննա Թովմասյանը, Ալինա Մարտիրոսյանը եւ Լուսինե Արշակյանը


Լուսինե Արշակյան - Սիլվա

Հետաքրքիր եւ հաճելի է նման միջավայրում աշխատել: Այնքան ենք տարվում կերպարներով, որ ընդմիջման ժամանակ էլ միմյանց հերոսների անուններով ենք դիմում:):

Հաճախ փողոցում կամ խանութում ինձ մոտենում են կանայք եւ լուրջ դեմքով հարցնում` “Ինչպե՞ս եք հասցնում այդքան ճաշատեսակներ պատրաստել, Սիլվա ջան, երեւի, նկարահանման վայր շուտ եք գնում, այո՞”:

Տանն իմ գլխավոր խորհրդատուն, երբեմն էլ քննադատը որդիս է` Զորայրը: Նա սանրվածքիս, հարդարանքիս եւ հագուստիս իր գնահատականն է տալիս:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի եւ Ալինա Մարտիրոսյանի “ֆեյսբուքյան” էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW