“Ուշադրություն, ժպիտ”. այսպես է կոչվում Եվրամիության նոր նախագիծը, որի նպատակն է նպաստել Արեւելյան համագործակցության երկրներում` Բելառուսում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում եւ Մոլդովայում, լուսանկարչական արվեստի զարգացմանը: Նախագծի մասնակիցները համագործակցության համաձայնագիրը կնքել են այս հունվարին Բելառուսում կայացած հանդիպման ժամանակ, քննարկվել են նաեւ համատեղ աշխատանքի մանրամասները:
“Հայ լուսանկարիչներ” ազգային ասոցիացիայի նախագահ, լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը
Եվ այսպես, 2 եւ կես տարի տեւողությամբ ծրագրի շրջանակում մասնակից երկրներում կկազմակերպվեն սեմինարներ, բիզնես-ֆորումներ, ֆոտոմրցույթներ, ցուցահանդեսներ եւ ոչ միայն: Կստեղծվի վիրտուալ ֆոտոդպրոց, ինչպես նաեւ Արեւելյան համագործակցության “ընտանեկան լուսանկարչական ալբոմ”, որը կներառի մասնակիցների լավագույն աշխատանքները:
Արեւելյան համագործակցության երկրները մասնակցում են "Ուշադրություն, ժպիտ" նախագծին
“Ուշադրություն, ժպիտ” նախագծում հայկական կողմը ներկայացնում է “Հայ լուսանկարիչներ” ազգային ասոցիացիան, որի նախագահ, լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը BRAVO.am-ին տեղեկացրել է` Եվրամիությունը 622 հազար եվրո կհատկացնի ծրագրի իրականացման համար. “Դրանից մեզ կտրամադրվի 60 հազար եվրո”:
Խոսելով Ադրբեջանի մասնակցությունից` Սերգեյ Հակոբյանը հետեւյալն է նշել. “Նրանք չեն մասնակցի ծրագրերի իրականացմանը, բայց դիտորդի կարգավիճակում կարող են ներկա գտնվել միջոցառումներին”:
Սերգեյ Հակոբյանի աշխատանքներից
Վիրտուալ ֆոտոդպրոցին կմասնակցի նախապես ընտրված 10-ից 15 լուսանկարիչ, որոնց անունները հայտնի կդառնան 2013 թվականի վերջին. “Մենք կլուսանկարենք “մեր” Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, նրանք էլ` “իրենց” Հայաստանը, եւ կտպագրվի մոտ 9000 տպաքանակ ունեցող ֆոտոալբոմ: Մասնակիցները համատեղ ցուցահանդեսով կշրջագայեն գործընկեր երկրներով, այդ թվում` կհյուրընկալվեն Երեւանում”:
“Հայ լուսանկարիչներ” ազգային ասոցիացիայի նախագահի խոսքով` նաեւ հարցում է իրականացվում` Արեւելյան համագործակցության երկրներում լուսանկարչության մակարդակը գնահատելու նպատակով, որին կարելի է մասնակցել մինչեւ փետրվարի 28-ը:
Սերգեյ Հակոբյանի աշխատանքներից
Նախագծին մասնակցել ցանկացողները կարող են կապվել “Ուշադրություն, ժպիտ”-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ` զանգահարելով (091) 547 894 հեռախոսահամարին կամ գրելով hakser@inbox.ru հասցեին:
Ի դեպ, պահանջվում են նաեւ PR մասնագետներ, ովքեր կամավորության սկզբունքով կաջակցեն նախագծի իրականացմանը: Ցանկացողները կարող են զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարին:
Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սերգեյ Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: