Երեւանի կամերային թատրոնի խաղացանկում ընդգրկվել է ներկայացման ռիմեյք, որի պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը: “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ” վերնագրով հոռետեսական կատակերգության հեղինակն ու բեմադրիչը Արա Երնջակյանն է:
“Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ” ներկայացմանը
Խաղում են Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը եւ Անի Գրիգորյանը: Ներկայացումը սկսվում է եգիպտական բուրգերից, Մաշտոցի ստեղծած այբուբենից, Ամերիկայի հայտնագործումից եւ ձգվում մինչեւ 21-րդ դար:
Հոռետեսական կատակերգության մեջ խոսվում է տարբեր թեմաների` սիրո, կրոնի, փողի, հոմոսեքսուալների, ֆեմինիստների մասին: “Կյանքն ու ժամանակը բոլորիս բռնաբարելու են: Այլասերված է ամեն ինչ` մշակույթը, պատմությունը, կրոնը”, - բեմից հնչեցնում են դերասանները:
“Կյանքն ու ժամանակը բոլորիս բռնաբարելու են: Այլասերված է ամեն ինչ",-բեմից հնչեցնում են դերասանները
Այս ներկայացումը խաղացվել է խորհրդային տարիներին ռուսերենով լեզվով, այժմ, ինչպես նշել են դերասանները, փոփոխված են շատ դետալներ: “Այն ժամանակ երեք աղջիկ ու երեք տղա են խաղացել, հիմա միայն երեքով ենք”, - ասել է Անի Գրիգորյանը:
Բեմադրիչի հավաստմամբ` նախկին ռուսերեն եւ ներկայիս հայերեն տարբերակները միմյանցից շատ են տարբերվում: “Բավական ժամանակ է անցել, շատ բան է փոխվել, հանդիսատեսն էլ ուրիշ է: Ռուսերեն տարբերակը գրված էր բառախաղով, հնարավոր չէր նույնությամբ թարգմանել հայերեն”, - ասել է Արա Երնջակյանը:
Կամերային թատրոնի խաղացանկում ներկայացման ռիմեյք է ընդգրկվել
Սենիկ Բարսեղյանն էլ նշել է, որ հնչող տեքստերն են ավելի մատչելի դարձրել. “Ժամանակակից էլեմենտներ ենք մտցրել, երգերն ենք թարմացրել, բայց գաղափարական առումով նույնն է մնացել: Փորձերին միշտ վախենում էինք, որ կարող է ինչ-որ բան հասկանալի չլինի: Իմ հատվածում դժվար տեքստեր կային, Անին մտածում էր` ինչ լավ է ինքը չի ասելու, այդ պահին Արա Երնջակյանը մտափոխվեց՝ նշելով, որ Անին կխոսի, իսկ ես կերգեմ այդ հատվածում:)”:
Ներկայացման թույլ կողմը Սենիկը համարում է ռիթմի տատանողականությունը, իսկ Արա Երնջակյանը հետեւյալ կարծիքին է. “Այսօր անհաջող փորձ արեցինք. առանց բարձրախոսի լավ չէր, պետք է ամբողջ ընթացքում օգտագործվեն միկրոֆոնները”:
Սենիկ Բարսեղյանը եւ Անի Գրիգորյանը
Հոռետեսական կատակերգությունը 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար է, թեեւ չեն արգելում երեխաների մուտքը. “Հանդիսատեսի որոշ մասը կգա երգերը, պարերը նայելու համար, մի մասն էլ ավելի խորը կտեսնի, կարեւոր բաներ կընկալի”:
“Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ” վերնագիրը բեմադրիչի ցանկությամբ է որոշվել, նրա խոսքերով` մի քիչ երկար կստացվեր, եթե վերնագրում ավելացվեր նաեւ տիկնայք բառը. “Եթե մեր բարքերով փչացնենք մեր երկիրը, մոլորակը, վաղ, թե ուշ կգա աշխարհի վերջը. սա ներկայացման կարմիր թելն է”:
Դերասանուհի Անի Գրիգորյանը
Արա Երնջակյանի կարծիքով` յուրաքանչյուր ներկայացում կոմերցիոն է, սա եւս բացառություն չէ. “Եթե տոմս է վաճառվում, ուրեմն կոմերցիոն է: Սկսած Շեքսպիրի ողբերգություններից՝ բոլորն էլ կոմերցիոն նպատակ ունեն”: Թատերական փառատոնի մասնակցելու մասին էլ դեռ չի մտածում. “Փառատոնն առավելություն չի տալիս, մասնակցում ես, մի թղթի կտոր են տալիս: Խուսափում ենք, բայց եթե լավ առաջարկներ լինեն հետագայում, երեւի կմասնակցենք”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: