×


Ջանլուկա Մարչիանոն Երեւանում ‹‹Տրավիատա››-ն կներկայացնի նորովի

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կներկայացվի Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերան: Նվագախումբը կղեկավարի իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ով սպասված ու սիրված է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում` նաեւ Հայաստանում:

‹‹Տրավիատա›› օպերայի փորձերին


Փաստեր ‹‹Տրավիատա›› օպերայի մասին

Ջուզեպպե Վերդիի ‹‹Տրավիատա››-ն չորս գործողությամբ օպերա է,  իտալերեն լիբրետոն` Ֆրանչեսկո Մարիա Պիավեի` ըստ Ալեքսանդր Դյումայի ‹‹Կամելիազարդ տիկինը›› պիեսի: Այն համարվում է կոմպոզիտորի գլուխգործոցներից մեկը: Չնայած, որ օպերայի առաջին բեմադրությունը տապալվել է (կոմպոզիտորին մեղադրել են հասարակության կողմից մերժված հերոսուհու կերպարը բեմ հանելու համար), այնուամենայնիվ, ‹‹Տրավիատա›› -ն մինչ օրս չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից: Անառակ  կնոջ սիրո, հիվանդության, ճակատագրի մասին պատմող դրամատիկ այս ստեղծագործությունն ավելի քան մեկուկես հարյուրամյակ հուզել է եւ շարունակում է հուզել բազմաթիվ ունկնդիրների սրտերը: Առաջնախաղը կայացել է 1853 թվականին` Վենետիկի ‹‹Լա Ֆենիչե›› օպերային թատրոնում, իսկ Երեւանի ազգային ակադեմիական օպերային թատրոնի կողմից բեմադրվել է 1936-ին:

‹‹Տրավիատա›› օպերայի փորձերին


Ջանլուկա Մարչիանո.‹‹Կապվածություն զգացի այս երկրի հետ››

Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն հայտնել է, որ շատ է սիրում Հայաստանը եւ հիացած է հայ երաժիշտներով.‹‹Զգացված եմ, քանի որ հրավիրել է Գեղամ Գրիգորյանը, ով, իմ կարծիքով, լավագույն ռեժիսորներից է: Եվ երբ դուք մտնում եք Լոնդոնի մետրո եւ տալիս եք նրա անունը, բոլորը ճանաչում են նրան: Երբ ապրիլի 24-ին եկա Հայաստան, կապվածություն զգացի այս երկրի հետ: Հայաստանը երկիր է, որտեղ շատ են տաղանդները եւ հատկապես երաժշտության ոլորտում: Ես ճանաչում եմ նրանցից շատերին: Ինձ համար շատ մեծ փորձ է կիսել գիտելիքներս նման երաժիշտների եւ երգիչների հետ: Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի հրաշալի ելույթ ունենանք: Մենք ունենք կարճ ժամանակ, եւ ես վայելում եմ այն: Փորձում եմ նրանց տալ իմ էներգիան, արագությունը, տեմպը: Նրանք նույնպես աշխատում են անել հնարավորը, որպեսզի գոհացնեն ինձ, ես դա զգում եմ: Շատ բաներ եմ փոխել այս օպերայում. հանդիսատեսը կտեսնի իմ ինտերպրիտացիան: Կարծում եմ` յուրաքանչյուր ստեղծագործություն կամ օպերա պետք է մշակվի հատուկ կարգով ու յուրաքանչյուրին պետք է տալ յուրահատուկ ձեռագիր: Այս թիմը հրաշալի է: Ես շատ եմ հավանում նրանց: Այստեղ կան բազում հրաշալի երաժիշտներ: Ես հիացած եմ, խոսքեր չկան››:

Հասմիկ Թորոսյան.‹‹Ջիանլուկայի մոտեցումները բոլորովին նոր են››

Մինչ դերակատարները պատրաստվում էին իրենց հերթական փորձին, զրուցեցինք գլխավոր հերոսուհու` Վիոլետայի դերում հանդես եկող Հասմիկ Թորոսյանի հետ: Մեր հարցին` հեշտ է արդյոք Ջանլուկա Մարչիանոյի հետ համագործակցելը, Հասմիկը պատասխանեց.‹‹Առաջին հերթին շատ պարտավորեցնող է նման աշխարհահռչակ դիրիժորի հետ աշխատելը: Բոլորիս համար շատ կարեւոր է յուրաքանչյուր բառը, խոսքը, հնչյունը եւ պարզապես իրավունք չունենք սխալվելու:  Ունենք տեմպային փոփոխություններ, քանի որ Ջանլուկայի մոտեցումները բոլորովին նոր են: Ափսոսում եմ, որ շատ կարճ ժամանակ ունեինք, բայց հուսով եմ` մեր առջեւ դրված պահանջները գոնե կիսով չափ կբավարարենք, պատվով դուրս կգանք››:

‹‹Տրավիատա›› օպերայի փորձերին


Խոսելով իր կերպարի բարդությունների մասին` Հասմիկն ասաց, որ երկրորդ անգամ է այս դերերգը կատարում.‹‹Շատ դժվար է Վիոլետային մարմնավորելը, քանի որ օպերան սկսվում եւ ավարտվում է նրանով, բայց ես այս դերերգը շատ-շատ եմ սիրում, երկար տարիներ եմ սպասել այս կերպարը մարմնավորելուն, քանի որ, իմ կարծիքով, այն կատարելու համար առաջնահերթ պիտի լինես շատ հասուն: Իհարկե, չեմ հանդգնի ասել, որ այս կերպարը կարող եմ ներկայացնել այնպես, ինչպես ուզում եմ, քանի որ յուրաքանչյուր անգամ նորովի եմ իմ մեջ բացահայտում կերպարին բնորոշ առանձնահատկությունները››:

Հավելենք նաեւ, որ այսօր ‹‹Տրավիատա›› օպերայի գլխավոր դերերում հանդես կգան Հասմիկ Թորոսյանը(Վիոլետա), Լիպարիտ Ավետիսյանը(Ալֆրեդ), Առնոլդ Քոչարյանը (Ժերմոն): Ներկայացման ռեժիսորն է Գեղամ Գրիգորյանը:

Տեքստը` Լիլիանա Օսիպյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարինե Մելիքյանի/Bravo.am/
Թոփ լուսանկարը` Էդգար Բարսեղյանի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW