×


Ջորջ եւ Ամալ Քլունիները մասնակցել են 100 Lives նախագծի շնորհանդեսին

Մարտի 10-ի երեկոյան Նյու Յորքում տեղի է ունեցել 100 LIVES նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Վարդան Գրեգորյանի նախաձեռնած ծրագրի բաղադրիչներից մեկն «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունն է, որն առաջին անգամ տեղի կունենա 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում` Էլի Վիզելի ու Ջորջ Քլունիի մասնակցությամբ:

Ամալ եւ Ջորջ Քլունիները` "100 Lives" նախագծի շնորհանդեսին


Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմությունները ոգեշնչել են նախագծի նախաձեռնողներին գործարկել ամենամյա մարդասիրական մրցանակ` “Aurora Prize for Awakening Humanity”: 1 մլն դոլարի չափով մրցանակն ամեն տարի շնորվելու է Երեւանում այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք մեր օրերում պայքարում են դաժանության եւ անարդարության սոսկալի դրսեւորումների դեմ:
 
Տպավորիչ է  “Ավրորա”-ի ժյուրիի կազմը, որի համանախագահներն են հոլիվուդյան դերասան, «Օսկար»-ի մրցանակակիր Ջորջ Քլունին եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը:

Ռուբեն Վարդանյանը եւ Ջորջ Քլունին


Ջորջ Քլունին միջոցառման ընթացքում ասել է, որ իր համար մեծ պատիվ է միանալ 100 LIVES նախաձեռնությանը, որն ինչպես իր Not On Our Watch հիմնադրամը, իր ուշադրությունը սեւեռում է ցեղասպանության հետեւանքների վրա, ինչպես նաեւ միջոցներ է հատկացնում աշխարհում զանգվածային ոճրագործությունների դադարեցման համար.«Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում»:

Դերասանն ասել է, որ Հայաստանի պատմությամբ սկսել է հետաքրքրվել մի քանի տարի առաջ` նրբանկատորեն ակնարկելով, որ ամերիկյան որոշ սենատորներ իրեն խորհուրդ էին տալիս չմոռանալ ԱՄՆ-ի ու Թուրքիայի շահերի մասին: «Այդպես ես իմացա, որ մենք «Ինջիրլիկ» ռազմաօդային բազա ունենք Թուրքիայում»,- ժպտալով ասել է Քլունին:

Խոսելով 1915թ. Ցեղասպանության մասին` դերասանը ընդգծել է. «Այն, որ «ցեղասպանություն» տերմինը սկսել է շրջանառվել այդ սարսափելի դեպքերից մի քանի տասնյակ տարի անց, չի նշանակում, որ դրանք տեղի չեն ունեցել»:

Ջորջ Քլունին


Ջորջ Քլունին նաեւ պատմել է ներկաներին, որ կինը՝ Ամալ Ալամուդին-Քլունին, որը պաշտպանել է Հայաստանի շահերը «Դողու Փերինչեք ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործում, մինչեւ վերջերս չգիտեր իր ամուսնու ու Ռուբեն Վարդանյանի համատեղ ծրագրերի մասին.«Փոխարենը դատական նիստից հետո շատ հայեր Լոս Անջելեսում խոստովանում էին ինձ, որ կուզեին ջերմ համբուրել իմ կնոջը»:

Նշենք, որ մրցանակն անվանվել է Արշալույս Մարդիկյանի պատվին, որը 1915թ. Ցեղասպանությունից եւ դեգերումներից հետո հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղ ընդունել է Ավրորա Մարդիգանյան անունը: Աղջիկն այդ սարսափելի դեպքերի մասին գիրք է գրել՝ Ravished Armenia («Հոշոտված Հայաստան»): Գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, որում Ավրորայի դերակատերը հենց ինքն է: Մի քանի տարի շարունակ ֆիլմն ամենաեկամտաբերն է եղել ԱՄՆ-ում, այն խոշոր դեր է խաղացել Ցեղասպանության հարցում տեղեկատվության տարածման գործում:

BRAVO.am
Աղբյուրը` Mediamax.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW