Մինչեւ սեպտեմբերի 25-ը “Մոսկվա” կինոթատրոնում կներկայացվեն Կաննի` այս տարվա միջազգային կինոփառատոնի ընթացքում արված լուսանկարներ, որոնց հեղինակը Վահան Ստեփանյանն է: “12 days of Fest de Cannes” ցուցահանդեսը կազմակերպել է “PanArmenian Photo” գործակալությունը` “Deem Communications” ընկերության աջակցությամբ:
Վահան Ստեփանյանը
Հիշեցնենք, որ Կաննի փառատոնի աշխարհահռչակ հյուրերը կրկին Վահանի լուսանկարների տեսքով առաջին անգամ Երեւան են ժամանել նախորդ տարի:): Այս անգամ ցուցահանդեսին ներկայացված է 123 լուսանկար, որոնք ամսի 25-ից հետո “կուղեւորվեն” “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կաննում անցկացրած օրերի մասին Վահան Ստեփանյանը պատմել է BRAVO.am-ին:
“Կաննի փառատոնը կարծես վարձով տունս լիներ”
Այս անգամ Կաննի փառատոնը կարծես վարձով տունս լիներ. դեռեւս սեփական բնակարանս չէ:): Արդեն լավ ծանոթություններ ունեմ այնտեղ ու ավելի շատ վայրերում եմ կարողանում ներս ու դուրս անել:
“12 days of Fest de Cannes” խորագրով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից
“Այս տարվա Անջելինա Ջոլին Սթինգն էր”
Անցյալ տարվա ամենահիշվող ու տպավորիչ հայտնի մարդը, որին լուսանկարեցի, Անջելինա Ջոլին էր: Այս տարվա Անջելինա Ջոլին Սթինգն էր:): Որեւէ մեկի ֆանատը չեմ, բայց կան մարդիկ, որոնց արվեստը շատ եմ գնահատում ու սիրում: Սթինգն էլ հենց այդ մարդկանցից է, որի այցելության մասին նախապես որեւէ հայտարարություն չէր եղել: Հերթական հայտնիին լուսանկարելուց հետո լուսանկարիչները շտապեցին համակարգիչների մոտ՝ լուսանկարներն իրենց գործակալություններ ուղղարկելու համար: Ես նման խնդիր չունեի եւ դանդաղ հավաքվում էի` կարմիր գորգի մեջտեղում կանգնած: Լսեցի` ինչ-որ մեկը ասաց` Սթինգը: Պայուսակից բնազդաբար հանեցի ֆոտոխցիկս ու պտտվեցի, իսկ դիմացս Սթինգն էր՝ կնոջ հետ: Անվտանգության աշխատակիցները շրջապատեցին մեզ` երգչին անհասանելի դարձնելով մյուս լուսանկարիչների համար: Սթինգն ինձ ասաց` կլուսանկարվի ցանկացած դիրքով :):
Վահան Ստեփանյան. "Սթինգն ինձ ասաց` կլուսանկարվի ցանկացած դիրքով:)"
“Մեյսի Գրեյը կողքիս նստեց”
Բոլորը սպասում էին Մեյսի Գրեյին այլ մուտքի մոտ, ես՝ ուրիշ: Նա իմ մուտքից դուրս եկավ. ավտոմեքենայի էր սպասում, քանի որ իրեն փոխադրող ավտոմեքենան փչացել էր: Գետնին նստած էի, տեսա ու կանգնեցի: Ասաց, որ չկանգնեմ ու կողքիս նստեց: Լուսանկարեցի, հետո արդեն ինչ-որ բաներից սկսեցինք խոսել: Նման հաջողություններ հաճախ չեն լինում, բայց պատահում է…
“Հաջորդ տարի ավելի շատ բեյջեր կունենամ”
Բեյջերը ցանկացած վայր մտնելու անվանաքարտերն են: Նախորդ տարվա համեմատ, այս տարի դրանք արդեն շատացել էին: Հույս ունեմ, որ հաջորդ տարի կկրկնապատկվեն: Յուրաքանչյուր տարի հարկավոր է կրկին հավատարմագրվել, այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է: Նոր հայտ կներկայացնեմ արդեն 2013 թվականի փետրվարին: Ի դեպ, Կաննի փառատոնի` այս տարվա կատալոգում ներառվել են նաեւ իմ հեղինակած լուսանկարներից:
“12 days of Fest de Cannes” խորագրով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից
Օլիվիա Ուայլդին ու Շանին Սոսամոնին եմ ուզում լուսանկարել
Երկու դերասանուհի կա, որ շատ եմ ուզում լուսանկարել՝ Օլիվիա Ուայլդն ու Շանին Սոսամոնը: Կուզեի լուսանկարել նաեւ Լեոնարդո ԴիԿապրիոյին, Քվենտին Տարանտինոյին, Մարտին Սկորսեզեին: Նրանք մարդիկ են, որոնց ներկայացրած ինչ-որ բաներ ինձ շատ են դուր եկել, մարդիկ են, որոնց գնահատում եմ, որոնց ֆիլմերը ինչ-որ դեր են ունեցել իմ կյանքում:
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Mana Litta-ի /Bravo.am/


×
4,120






