Դերասան Սամվել Թոփալյանն այժմ սերիալում չի խաղում, որոշել է նոր ոլորտ “գրավել”:). որպես հաղորդավար՝ այսուհետ իր գործընկերների հետ առավոտյան բարի լույս կմաղթի “Հանրային”-ի եթերից: Նրա համար հարազատ ու առաջնային են թատրոնն ու բեմը, այս պատճառով էլ պայմանավորվեցինք հանդիպել “Գոյ” թատրոնում, որտեղ էլ ներկայացման հերթական փորձին էր պատրաստվում:
"Ժամանակը ցույց կտա, թե ուր կհասնես".Սամվել Թոփալյան
Հետեւելով եղանակի խորհրդին` Սամվելին լուսանկարեցինք նաեւ թատրոնի այգում: Տարված լինելով “ձյունոտ” ֆոտոսեսիայով՝ դերասանը չէր նկատել, որ իր ավտոմեքենայի բանալիները հայտնվել էին ձյան հաստ շերտի տակ… Փնտրտուքներից հետո վերջապես գտնվեցին դերասանի` այս օրվա դրությամբ նյութական ամենամեծ ձեռքբերման բանալիները:): BRAVO.am-ի հետ դերասանը զրուցել է սերիալներից, թատրոնից եւ ոչ միայն:):
Ես կլինեմ իմ դատավորը. Առաջարկ ստացա այլ դերասանների հետ վարել “Առավոտ լուսո” ծրագիրը: Բայց բուն մասնագիտությունս հաղորդավարության հետ այնքան էլ կապ չունի, մանավանդ հյուրերի հետ հարցազրույց վարելը: Նախապես ասել եմ, որ կփորձեմ, տեսնենք` ինչպես կստացվի. ուրախ կլինեմ, եթե կարողանամ լավ աշխատել: Առաջին հերթին ես կլինեմ իմ դատավորը ու կփորձեմ շտկել թերի կողմերը: Որպես հաղորդավար ավելի լավ եմ զգում, երբ իմ բնագավառի մարդիկ են հյուրընկալվում:
Ցանկացած նոր գործից առաջ ռիսկի ես դիմում, թատրոնում էլ չգիտես` նոր ներկայացման արդյունքն ինչպիսին կլինի, բայց պետք է առաջ քայլես. ժամանակը ցույց կտա, թե ուր կհասնես:
"Ֆինանսական խնդրի պատճառով սկսեցի նկարվել սերիալներում".Սամվել Թոփալյան
Ավելի հղկվում եմ. Որեւէ սերիալում հիմա չեմ նկարվում, զբաղվածությունս հիմնականում թատրոնում է: Ուսանողական տարիներից սկսել եմ խաղալ “Գոյ” թատրոնում, 2007-ից` նաեւ “Մալյան” թատրոնում: Ինձ համար իրարից շատ տարբեր երկու թատրոն են, գեղարվեստական ու մտածողության տարբերությունների մեջ որպես դերասան ավելի եմ հղկվում: Երկու տեղում էլ դրական միջավայր է, հավես է աշխատելը ե՛ւ “Մալյան”, ե՛ւ “Գոյ” թատրոնում: Չգիտեմ ինչու՝ առաջինը “Մալյան” թատրոնի անունն եմ տալիս, բայց այնպես չէ, որ տարբերություն եմ դնում, հավասարաչափ սիրում եմ:):
Բեմը շատ կոնկրետ “կհարվածի” դեմքիդ. Անկեղծորեն ասում եմ, որ ֆինանսական խնդրի պատճառով սկսեցի նկարվել սերիալներում: Թատրոնի աշխատավարձով մարդ ինքնուրույն չի կարող ապրել մեր երկրում: Ընտրել եմ դերասանի մասնագիտությունն ու ուզում եմ իմ գործով գումար վաստակել: Թատերական ինստիտուտն ավարտել եմ որպես թատրոնի եւ կինոյի դերասան, բայց ուսման տարիներին բացարձակ չեմ աշխատել տեսախցիկի հետ, սերիալում ունեցա այդ պրակտիկան: “Հանուն սիրո” սերիալի հետեւանքով խաղացի “Խաչագողի հիշատակարանը” ֆիլմում:
Սերիալում նկարվելու մասին չէի երազում, բայց այն դրական մի քանի կողմ ունի. դերասանին “ֆորմայի” մեջ է պահում` անընդհատ տեքստ ես սովորում, արագ ես աշխատում: Բայց արագ աշխատելու մեջ թափթփվածություն կա, որը չպիտի տեղափոխես թատրոն: Եթե թատրոնում էլ արագության վրա հիմնվես, բեմը շատ կոնկրետ “կհարվածի” դեմքիդ:
"Հավես է աշխատելը ե՛ւ “Մալյան”, ե՛ւ “Գոյ” թատրոնում".Սամվել Թոփալյան
Անձնական քմահաճույքը պետք է մի կողմ թողնես. Հենրիկ Մալյանի անվան թատրոնում զբաղված եմ “Ամուսնություն”, “Ցեղի ֆիզիոլոգիան”, “Պատմություններ գնացքում” ներկայացումներում, այս պահին “Գոյ” թատրոնի “Սկապենի արարքները” ներկայացման փորձերն ենք անում. գլխավոր դերակատարն եմ, հետաքրքիր ներկայացում է:
“Գոյ” թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանի հետ մտերիմ ենք, բայց չեմ կարծում, որ այս կամ այն գործն ինձ վստահում է այն փաստի համար, որ իր ուսանողն եմ եղել կամ միասին ենք աշխատում: Թող մեծամտություն չլինի, բայց իր ուսանողները, որոնք հիմա ասպարեզում են, ոչ պրոֆեսիոնալ ու անգրագետ մարդիկ չեն:
Թատրոնում էլ եղել են դերեր, որ չեմ հավանել, բայց եթե դերասան ես, անձնական նախասիրություններն ու քմահաճույքը պետք է մի կողմ թողնես: Երբեմն ինքս ինձ համոզում եմ, գտնում կերպարի հետաքրքիր կողմերը, կոպիտ ասած` ինչից կարող եմ “բռնվել”:):
"Կուզենայի, որ բոլորիս կյանքն ավելի լավը դառնա".Սամվել Թոփալյան
Կենցաղային տարրական խնդիրներ. Մեր ոլորտում այնքան խնդիր կա... Դերասանը գալիս է ներկայացման փորձի, բայց մտքում հազար պրոբլեմ ունի: Կենցաղային ու ֆինանսական խնդիրները դերասանի աշխատունակության արդյունավետությունը 70 տոկոսով կրճատում են, իսկ լավ բան ստեղծելու հավանականությունը նվազում է: Միայն թատրոնում չէ, ցանկացած ոլորտում մարդիկ կենցաղային տարրական խնդիրներ ունեն: Եթե մարդն ապահոված լինի, չեմ ասում` միլիոններ ունենա, զուտ կենցաղային խնդիր չունենա, օրինակ՝ չմտածի ջրի, լույսի վարձը մուծելու մասին, պարտք անելու մասին, շատ ավելի լավ կկենտրոնանա աշխատանքի վրա: Կուզենայի, որ բոլորիս կյանքն ավելի լավը դառնա:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: