×


Սեքսուալ խառնաշփոթ Երեւանում :)

“Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում”. այսպես է կոչվում Կամերային երաժշտական թատրոնի նոր կատակերգությունը, որի պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Արա Դեղտրիկյանն ու Գայանե Ավետիսյանը


Անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունիի ստեղծագործությունն այսուհետ թատրոնի խաղացանկում է: Ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Անգլիա, բեմը տեղի հյուրանոցներից մեկի 48 համարի սենյակն է, որտեղ էլ կատարվում են գործողությունները:


Վարչապետի օգնականը՝ Ռիչարդ Ուիլը, սենյակ է վարձակալում իր եւ ընդդիմության առաջնորդի քարտուղարուհու համար, բայց իրադրությունների արդյունքում սենյակում են հայտնվում քարտուղարուհու ամուսինը, վերջինիս վարձակալած լրտեսը, Ռիչարդի կինը, տեղակալն ու նրա մորը խնամող բուժքույրը, հյուրանոցի կառավարիչը, մատուցողը, սպասուհիները: Ստեղծելով իսկական խառնաշփոթ ու ստերի կծիկ՝  հերոսները խճճվում են, չեն հասկանում՝ ով ում բարեկամն է:


Ներկայացման մեջ խաղում են Արա Դեղտրիկյանը, Արմեն Մարգարյանը, Սուրեն Առուստամյանը, Գայանե Ավետիսյանը, Արտակ Հովասափյանը, Տաթեւ Այվազյանը, Կարինե Ծատուրյանը, Ներսես Մարկոսյանը, Լաուրա Բաբայանը եւ այլ դերասաններ: Բեմադրիչը թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանն է:

“Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում” ներկայացման պրեմիերային


Գլխավոր դերակատարին՝ վարչապետի տեղակալին մարմնավորող Արա Դեղտրիկյանն այս թատրոնում սկսել է աշխատել այս տարվանից, փորձերի ընթացքում էլ ծանոթացել է երիտասարդ գործընկերների հետ:

“Ճիշտ է, մի քիչ շատ են “ուտում” Հակոբյանի նյարդերը, բայց հետաքրքիր ու աշխույժ երիտասարդներ են:): Կարծում եմ՝ որպես առաջին ներկայացում վատ չէր, որովհետեւ պրեմիերային թերություններ լինում են: Պիեսում ընդամենը թեթեւակի փոփոխություններ կան”,-պրեմիերայի ավարտին պատմել է Արա Դեղտրիկյանը:

Դերասանի խոսքով՝  իր նոր դերերն արագ է յուրացնում, տեքստերն էլ հեշտությամբ է անգիր սովորում.“Նոր կերպարս ինձ դուր է գալիս: Առհասարակ, կատակերգությունը պետք է շատ լուրջ խաղաս, որ ծիծաղելի լինի: Հաճախ գռեհիկ հումորն ու ցինիզմն անվանում են կատակերգություն: Այս գործը դասական օրինակ է, թե ինչպիսինն է իսկական կատակերգությունը: Մատչելի է գրված, բայց էժանագին հումոր չէ”:


Քարտուղարուհուն մարմնավորող Գայանե Ավետիսյանը նշել է, որ Կամերային երաժշտական թատրոնի համար այս ներկայացումը նորություն է. “Ինձ համար դեռ լիովին չեմ բացահայտել Ջեյնի կերպարը, բայց կնոջ այս տեսակը ծանոթ է ինձ: Ինչպես ասում են՝ ոչ խելք ունի, ոչ մեղք: Ջեյնը փորձում է կարիերայում առաջ գնալ, բայց ձախողվում է:)”:

“Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում” ներկայացման պրեմիերային



“Ուզում ենք հանդիսատեսին 2 ժամ կտրել առօրյա հոգսերից ու լիցքաթափել: Պիեսը խտացված է, իմպրովիզի տեղեր  չկան, ամեն մեկի մուտքը հստակ է, ռեպլիկը ճիշտ պահին պետք է ասես, հակառակ դեպքում կատակերգության իմաստը կկորչի”,-նշել է Գայանեն:


Դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը, որն այս թատրոնում աշխատում է մայիսից, ներկայացման մեջ զբաղեցնում էր հյուրանոցի կառավարչի “պաշտոնը”. “Առաջին ընթերցումից հետո հավանեցի, սրտիս կպավ դերս, մի տեսակ խարակտերային ու կատակերգական է, իսկ այս ժանրում խաղալը հեշտ չէ, բայց միակ դժվարությունը զբաղված լինելս էր, որովհետեւ քիչ էի գալիս փորձերին:)”, - խոստովանել է Սուրենը:


“Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում” երկու գործողությամբ կատակերգությունն անգլիական հումորի սիրահարների համար է եւ ոչ միայն: Ցանկության դեպքում կարող ես այցելել թատրոն, դիտել ու կիսվել տպավորություններով մեր մեկնաբանությունների հատվածում ;):


Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW