×


Սիրուշոն, Հովոն, Նազենին, ՀՀ նախագահի թեկնածուներն` ըստ Tiqs-ի :)

ՀՀ նախագահի թեկնածուների, հայկական ու արտասահմանյան շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, գրողների, դերասանների ծաղրանկարներն այսօրվանից մինչեւ փետրվարի 15-ը կներկայացվեն “Հայ Արտ” մշակութային կենտրոնում: Երիտասարդ նկարիչ Տիգրան Հակոբյանը, նույն ինքը` Tiqs-ը, իր անհատական երկրորդ ցուցահանդեսին ներկայացրել է 41 աշխատանք:  

Ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանը` Tiqs-ը


Չնայած` նախորդ ցուցահանդեսի ժամանակ ծաղրանկարների հեղինակը մեզ հետ զրույցում խոստացել էր այս անգամ Լեդի Գագային ներկայացնել հայկական ոճում, ցուցասրահի պատերին տարազով երգչուհուն մենք չտեսանք:). “Տեսա, որ նկարիչ ընկերներիցս մեկն այդ գաղափարն արդեն իսկ իրականացրել է ու փորձեցի չկրկնվել. նկարել եմ այլ ոճում` ավելի կենտրոնանալով ոչ թե նրա դիմագծերի, այլ հագուստի դետալների վրա”:

Հովհաննես Ազոյանի ծաղրանկարը


Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ Էմի Ուայնհաուսի, Սիրուշոյի, Հովհաննես Ազոյանի, Հրաչ Մուրադյանի, Նազենի Հովհաննիսյանի, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի, Սիլվա Կապուտիկյանի, Վահան Տերյանի, Մհեր Մկրտչյանի, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Սալվադոր Դալիի, Ֆրիդա Կալոյի եւ այլոց ծաղրանկարները:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ծաղրանկարը


Այցելուների ուշադրությունը թերեւս ամենից շատ գրավել են առաջիկա նախագահական ընտրությունների ՀՀ նախագահի թեկանծուներ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի, Անդրիաս Ղուկասյանի, Հրանտ Բագրատյանի եւ Արամ Հարությունյանի ծաղրանկարները:

Տիգրան Հակոբյանը եւ Արմինե Հովհաննիսյանը


Tiqs-ը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ աշխատանքները ստեղծել է ոչ միայն նկարչական նյութերով, այլեւ սուրճով, մատնահարդարման համար նախատեսված լաքերով, ինչպես նաեւ արյունով.“Իհարկե, ոչ իսկական, այլ ֆիլմերի նկարահանումների համար նախատեսված արյունով:): Կարմիր գույն այլ կերպ էլ է հնարավոր ստանալ, բայց եթե ես այդ պահին ուզում եմ օգտագործել արյուն, ապա պետք է անպայման օգտագործեմ այն”:

Շուշան Պետրոսյանի ծաղրանկարը


Մեր հարցին, թե ինչպես է Տիգրանն ընտրում իր աշխատանքների հերոսներին, երիտասարդ նկարիչը պատասխանել է, որ վերջիններս պետք է ինչ-որ կերպ ոգեշնչեն իրեն.“Չեմ նկարում անհետաքրքիր մարդկանց ու չեմ նկարում բոլոր հետաքրքիրներին. եթե զգում եմ, որ ընտրածս հերոսը չի հասկանալու հումորն ու աշխատանքս ընդունելու է որպես վիրավորանք, խուսափում եմ նրան նկարել”:

Սիրուշոյի ծաղրանկարը


Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության նախագահ Մանուկ Նիգոյանն էլ մեզ հետ զրույցում ասել է` եթե, այնումաենայնիվ, կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր կվիրավորվեն արված ծաղրանկարներից, խնդիրը պետք է փնտրեն ոչ թե աշխատանքների, այլ իրենց մտածելակերպի ու աշխարհայացքի մեջ:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/ եւ Տիգրան Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW