“Սիրո կամուրջ”-ը փետրվարի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմ կբարձրանա հոբելյանական 25-րդ անգամ: 2013-ի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած պրեմիերային BRAVO.am-ն անդրադարձել է: Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված մյուզիքլը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Մեզ հետ զրուցում գործադիր պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը պատմել է սցենարային փոփոխությունների եւ մյուզիքլի մոտիվներով նկարահանված ֆիլմի մասին:
"Սիրո կամուրջ" մյուզիքլը
Երաժշտական ներկայացման գլխավոր դերակատարներն են Սոնա Ռուբենյանը, Մարտա Կիրակոսյանը, Վլադիմիր Բարխոյանը, Նարեկ Բավեյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Արման Մարգարյանը, Սուրեն Առուստամյանը, այժմ ընդգրկված են նաեւ Շողեր Գրիգորյանը, Արա Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք:
Մյուզիքլի գլխավոր հերոսը ցանկանում է հաղթել երաժշտական մրցույթում եւ ըմբոշխնել իր սիրո բերկրանքը: Սակայն երազանքների իրագործման ճանապարհին բախվում է կյանքի անարդարություններին ու թեւաթափ լինում…
Նարեկ Բավեյանը եւ Շողեր Գրիգորյանը
Արմեն Համբարձումյան.Մոնումենտալ դեկորներով, երաժշտությամբ ու պարերով շոուի համար գրվել են նոր սցենար եւ երգեր: Մեզ համար կարեւոր էր այն փաստը, որ կարող ենք Երեւանում մեծամասշտաբ մյուզիքլն իրականություն դարձնել: Բավական մեծ ներդրումներ ենք արել, պատրաստել թանկարժեք պտտվող դեկորներ` տեխնիկայի որոշ մասը ներկրելով արտասահմանից: Ողջ տեխնիկան եւ դեկորները նախապես ստուգվել են անվտանգության տեսանկյունից, որ թերություններ հանկարծ չլինեն: Ցավոք, չէինք կարող օգտագործել թատրոնի տեխնիկական պաշարը, որը շատ քիչ ու հին է եւ մնացել է դեռ Խորհրդային միությունից:
Մեկ բեմում հանդես են գալիս տասնյակ դերասաններ, երգիչներ ու պարողներ` տարբեր բնավորությամբ ու ճաշակով: Նրանց հարկավոր էր համախմբել, որ բեմում շնչեին միասին: Իհարկե, ընթացքում եղել են խոչընդոտներ, բայց առանց դրա հետաքրքիր էլ չէր լինի. կարողացել ենք եղած խնդիրները հարթել ու առ այսօր խաղալ ներկայացումը:
Թատրոնը շնչող օրգանիզմ է. երբ հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացվում, սկսում է նրա հետ խմորվել, փոխվել ու աստիճանաբար հարմարվել: Նախապես բեմադրված սյուժեն այս մեկ տարվա ընթացքում ենթարկվել է որոշ փոփոխությունների:
Վլադիմիր Բարխոյանը
Առաջիկայում մյուզիքլի կազմը միգուցե մեկնի հյուրախաղերի: Հրավերներ ենք ստացել նույնիսկ անսպասելի երկրներից, օրինակ` Քաթարից: Հիմա քննարկման փուլում ենք. հարկավոր է հասկանալ մեծ թիմի ծախսերը` ավիատոմսեր, հյուրանոցներ եւ այլն: Հուսով եմ` շուտով մեր հաշվարկներն ու ցանկությունները կհամընկնեն, կմեկնենք Ռուսաստան կամ Քաթար:
Մյուզիքլը շուտով կունենա իր ֆիլմային տարբերակը, որի գաղափարն ունեցել ենք դեռ փորձերի ընթացքում: Նախորդ տարվա ամռանը նույն սցենարի հիման վրա ռեժիսոր Դավիթ Բաբայանը նկարահանել է ֆիլմ, որն այժմ մոնտաժման փուլում է: Նկարահանումները տեղի են ունեցել տարբեր վայրերում եւ, իհարկե, բեմում. այդ համադրությամբ կստանանք նոր ֆիլմ-ներկայացում: Երբ հրաժեշտ կտանք բեմին, ֆիլմը կբարձրանա մեծ էկրան, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ զգանք, որ այլեւս հետաքրքրություն չկա:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` “Շարմ Հոլդինգի”
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: