×


«Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերային

Սուրեն Շահվերդյանը չի սխալվել

Մինչ շատերը փորձում էին հաղթահարել Մաշտոցի պողոտայի խցանումներն ու ժամանակին հասնել «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերային, Լուիզա Ղամբարյանը Բլանշի կերպարում բեմից հետեւում էր դահլիճ մտնող հանդիսատեսին: Իհարկե, դերասանուհին ստիպված եղավ նախատեսվածից մի փոքր ավելի սպասել, բայց դա նրան չխանգարեց նաեւ նախատեսվածից ավելի լավ հանդես գալ ներկայացման առաջնախաղին: Ովքեր ներկա էին Դրամատիկական թատրոնում կայացած մեծ պրեմիերային, կփաստեն, որ իրենց համար բացահայտեցին մի նոր Լուիզա Ղամբարյանի, եւ ընդհանրապես նորովի հանդես եկան ներկայացման բոլոր դերակատարները:

Դերասան Ստեփան Ղամբարյանի խաղը, օրինակ, այնքան համոզիչ էր Սթենլի Կովալսկու կերպարում, որ նրա կնոջը՝ Անի Ամիրյանին, ոմանք ներկայացման ավարտին հարցնում էին՝ արդյոք նա տանն էլ է այդպիսին: «Նրան այսպիսի դերով առաջին անգամ էի տեսնում: Բայց ասեմ, որ Սթենլին կտրուկ տարբերվում է Ստեփանից, թեեւ նա շատ լավ է կերտել իր դերը: Իհարկե, դեռ ներկայացման ազդեցության տակ եմ: Շատ տպավորված եմ, շատ գեղեցիկ էր ամեն ինչ: Ինձ համար Ստեփանը շատ տաղանդավոր դերասան է, եւ ուրախ եմ, որ առիթ ունեցավ նման լուրջ դերով հանդես գալ: Սա հենց այն էր, ինչի մասին նա երկար ժամանակ մտածում էր ու պատկերացնում, որ կարող է խաղալ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Անին: Ինքը՝ դերասան Ստեփան Ղամբարյանը, խոստովանեց՝ շատ բարդ ու պարտավորեցնող է Սթենլիի կերպարը, որը հնարավորություն է տալիս ներկայացնել դերասանական ողջ կարողությունները:

«Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերային


Ներկայացման բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, իհարկե, չէր սխալվել, երբ Լուիզա Ղամբարյանի մեջ տեսել էր Բլանշին ու վստահ եղել, որ նա կարող է այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա: Դերասանուհուն հաջողվել էր Բլանշ Դյուբուային ներկայացնել իր ողջ ներկապնակով: Դրա մասին էին փաստում հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններն ու բրավոները: Խոսելով իր կերպարի մասին՝ Լուիզան նշեց՝ նա կին է, ով ունի հարուստ ներաշխարհ, շատ զգայուն է եւ անցել է ցավոտ ու դժվարին ճանապարհ: Այդ ամենը, իհարկե, իր հետքն է թողել նրա ներկա հոգեվիճակի եւ ապրելակերպի վրա:


«Շատ հետաքրքիր է աշխատել նման կերպարի վրա, քանի որ Բլանշն այն պարզունակ եւ առաջին հայացքից մատչելի կերպարներից չէ, որոնք միանշանակ սիրվում են կամ չեն սիրվում: Այսինքն՝ բարդ, հոգեբանական կերպար է, մի կին, ով հարուստ է իր ներկապնակով, տարօրինակություններով, իր ճշմարտությամբ եւ անկեղծությամբ»,- ասաց դերասանուհին:

Արամոն, Ստեփան Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Սուրեն Շահվերդյանը


Մեր նախորդ զրույցում Սուրեն Շահվերդյանը հայտնել էր, որ իր նոր բեմադրության մեջ ինքն առաջին անգամ միջամտելու է ներկայացմանը. ռեժիսոր լինելուց բացի, հանդես է գալու նաեւ որպես դերակատար: Առաջնախաղի ժամանակ արդեն պարզ դարձավ նրա դերը ներկայացման մեջ: Նա կարծես պիեսի ներքին ձայնը լիներ, որը հուշում էր հերոսներին ինչպես վարվել տարբեր իրավիճակներում: Ներկայացման ավարտին էլ նա Բլանշին ուղեկցեց այնտեղ, որտեղ հերոսուհու երջանկությունը կախված էր միայն մեկ մարդու բարությունից...

Երգիչ, դերասան Արամոն, ով նույնպես ներգրավված էր ներկայացման մեջ, մարմնավորում էր Միտչին՝ համեստ, ազնիվ, մաքուր եւ ինքն իր միայնության մեջ պարփակված կերպարի: Նրա խաղը դիտելու էր եկել կինը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանը, ով մեզ հետ զրույցում նկատեց՝ Արամոն ավելի հայտնի է որպես երգիչ, թեեւ շատ բազմաշերտ դերասան է, որը հնարավորություն ունի նորանոր դերեր կերտելու եւ նորովի բացահայտվելու.«Շնորհավորում եմ բոլորին, ինձ համար շատ սիրելի թիմ է ձեւավորվել: Սուրենի հետ ընկերությունն Արամոյին բերեց նոր համարձակություն՝ լինել թատրոնի բեմում: Վստահ եմ, որ նրա համար շատ կարեւոր է դա, քանի որ կինոն լրիվ այլ արվեստ է, թատրոնը՝ այլ` շնչող ու կենդանի»:

«Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերային


Ներկայացման ավարտին հանդիպեցինք նաեւ դերասան Մկրտիչ Արզումանյանին, ով նույնպես դիտելու էր եկել գործընկերների նոր խաղը: Իր խոսքում նա ընդգծեց՝ «Տրամվայ «Ցանկություն»»-ը շատ բարդ գործ է, որը միշտ հետաքրքրել է թե՛ տարբեր ռեժիսորների, եւ թե՛ հանդիսատեսին.«Սուրենն այսօր շատ հետաքրքիր լուծումներ էր գտել եւ ի ուրախություն ինձ՝ կարողացավ ողջ էմոցիաներն արտահայտել: Մենք ստացանք այն, ինչի համար եկել էինք: Շնորհավորում եմ ընկերներիս լավ ներկայացման համար ու ցանկանում եմ, որ այն երկար կյանք ունենա խաղացանկում»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW