Սոֆի Դեւոյանն աշխատանքային նորություններ ունի, որոնց մասին պատմել է BRAVO.am-ին։ Պարուհի-պարուսույցը մարտի 26-ին կմասնակցի հայ-եվրոպական առաջին երաժշտական մրցանակաբաշխությանը՝ մենապարով ներկայանալով Ջիվան Գասպարյանի ելույթի ժամանակ. «Միասին նախկինում աշխատել ենք: Այս անգամ նոր զգեստով նոր բեմադրություն եմ պատրաստել։ Ընդամենը մեկ օրով եմ մեկնելու, իսկ իմ պարուհիները եւ Զարուհի Բաբայանը ներկա չեն լինի»։
Սոֆի Դեւոյանը
Մեր հարցին՝ որքանով է կարեւորում մրցանակները, վաստակավոր արտիստուհին պատասխանել է.«Մրցանակ ստանալը հաճելի է, բայց չեմ կենտրոնանում դրա վրա, չեմ նեղանում, որ մինչ օրս ժողովրդական արտիստի կոչում չունեմ։ Կարեւորը՝ զգում եմ հանդիսատեսի սերը, գիտեմ՝ աշխատանքս անիմաստ չի անցնում, կոչումն էական բան չի փոխում։ Մարդ պետք է կյանքում ինքնաբավ լինի, ես մանկուց այդպիսին եմ եղել, հաճույքով եմ աշխատում, շրջապատված եմ բազմաթիվ երեխաներով, մի՞թե դա երջանկություն չէ»։
Մեզ հետ զրույցում բացելով փակագծերը՝ նա պատմել է, որ նոր ներկայացում է բեմադրում իր Պարի եւ հոգու թատրոնում.«Հետաքրքիր ու անսովոր, ազգային մեկ ամբողջական ներկայացում կլինի։ Փարիզից վերադառնալուց հետո կկենտրոնանամ այդ բեմադրության վրա, որում կպարեն հիմնական խմբիս պարուհիները։ Բացի այդ, հունիսին կունենանք գալա համերգ, որին կմասնակցեն բոլոր դպրոցներիս բոլոր սաները։ Քանի որ խմբերը շատ են, դասավանդում եմ միայն թատրոնում, զբաղվում եմ նաեւ զգեստների, երաժշտության ընտրության հարցերով։ Պարուսույցներիս հետ խորհրդակցում ենք, որ երեխաների տարիքին համապատասխան պարեր բեմադրեն»։
Սոֆի Դեւոյանը՝ թոռնուհու եւ հարսի՝ Զարուհի Բաբայանի հետ
Թոռնուհին՝ Սոֆի Դեւոյան կրտսերը, արդեն ընդգրկված է Պարի եւ հոգու թատրոնի մեծահասակների կազմում, այժմ սովորում է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում.«Հիանալի նկարում է, լրջորեն պարով է զբաղվում, հետո պրոֆեսիոնալ կրթություն կստանա, իսկ թե որ ճյուղն ընտրել, ինքը կորոշի։ Նա դաստիարակված աղջիկ է, չեմ նկատել, որ մյուս պարուհիներն իրեն նախանձեն։ Համեստ երեխա է եւ մյուսների մոտ նախանձ չի առաջացնում։ Երբ դպրոց եմ մտնում, ցույց չի տալիս, որ իր տատիկն եմ, բոլորի նման է իրեն դրսեւորում»։
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սոֆի Դեւոյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: