×


“Սվարովսկի բյուրեղյա պալատ”-ով կարող ենք հիանալ Կասկադում:)

Հինգ հանրահայտ դիզայների բյուրեղյա արվեստի նմուշները Կասկադում “հավաքվել” են կողք կողքի: Աստղերի հարթակում` Հատուկ միջոցառումների սրահի հարեւանությամբ, երեկ բացվել է “Սվարովսկի բյուրեղյա պալատ”-ը:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ներկայացված "Կասկադ" բյուրեղյա ջահը


Պաշտոնական բացմանը ներկա են եղել արվեստագետներ, քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը հյուրերին տեղեկացրել է, որ “Հայաստանում եւ ընդհանրապես մեր տարածաշրջանում իր տեսակի մեջ սա եզակի ցուցահանդես է, ինչը հպարտանալու առիթ է տալիս”:

“Սվարովսկի բյուրեղյա պալատ”-ի Կովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջանային վաճառքի մենեջեր Արմոնդ Ավանեսյանը նշել է, որ ցուցանմուշները պատրաստվել են վերջին տասը տարվա ընթացքում: Նա հատկապես հավանել է “Կասկադ” ջահը. “Համահունչ է` “Կասկադը” Կասկադի մեջ: Մեր տարածաշրջանի երկրների մարդիկ, այդ թվում` հայերը, թուլություն ունեն բյուրեղյա քարերի նկատմամբ, հուսով եմ` կհավանեն այս նմուշները”:

Դիզայներ Թորդ Բունթյեի “Ծաղկունք” շարքի ջահերից


Ցուցահանդեսին ներկայացված են Վինսենթ Վան Դույզենի, Թորդ Բունթյեի, Գեորգ Բալդելի, Մայքլ Անաստասիադեսի, “Դիլլեր Սկոֆիդիո եւ Ռենֆրո” դիզայներական ընկերության ստեղծած Սվարովսկի բյուրեղյա ջահերը:

Սրահի կենտրոնում տեղադրված է հենց “Կասկադ” ջահը, որը ստեղծել է բելգիացի ճարտարապետ եւ դիզայներ Վինսենթ Վան Դույզենը 2003 թվականին: Հոլանդացի դիզայներ Թորդ Բունթյեի “Ծաղկունք” շարքն իրենից ներկայացնում է թանկարժեք քարերի ճյուղերից միահյուսված “ծաղկային” համադրություն: Իսկ ավստրիացի դիզայներ Գեորգ Բալդելի “Լուսատուփը” բյուրեղներից պատրաստված ջահ է, որը համալրել է Սվարովսկի բյուրեղյա պալատի հավաքածուն 2002 թվականին: “Լուսատուփը” ստեղծված է մի շարք հորինվածքներով, այդ թվում` հորիզոնական եւ ուղղահայաց:

Սվարովսկու զուգագուլպաները


Ի դեպ, մեկ հարթակ ներքեւ տեղադրված նմուշը Կասկադի աշխատակիցները հավաքել են Սվարովսկու չմշակված քարերից, որոնք մշակվելու եւ հետո դառնալու են բյուրեղներ:  

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը BRAVO.am-ին հայտնել է, որ բյուրեղյա ջահերը Երեւան են տեղափոխվել վերջին մի քանի ամսվա ընթացքում, իսկ մտահղացումն ու տեղափոխման գործընթացը սկսվել է դեռ նախորդ տարվանից. “Նախկինում սրահում ունեինք միայն Սվարովսկու զուգագուլպաները, այժմ մեր սրահը լի է տարբեր դիզայներների արվեստանմուշներով”:

Դիզայնի ու լույսի համադրությամբ ստեղծված բյուրեղապակյա նրբաճաշակ աշխատանքներն արվեստի կենտրոնում դրված են մշտական ցուցադրության:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW