BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել հայկական նորաձեւության ոլորտում իր ինքնատիպ ոճով առանձնացող դիզայներ Վահան Խաչատրյանի հետ, ում այս շրջանում ոգեշնչում են պատմամշակութային արժեքները, տեղեկացել վերջերս նրա գրանցած հաղթանակների եւ ապագայի պլանների մասին: Վահանի հեղինակած նոր աշխատանքներից մի քանիսը կտեսնեք ստորեւ ներկայացված ֆոտոշարքում:
Վահան Խաչատրյանը
-Ի՞նչ եք կարծում, այսօրվա Ձեր հաջողությունը տարիներ առաջ “Dolce & Gabbana” նորաձեւության տանն աշխատելու արդյունք է:
-Աշխատանքային էթիկա սովորելու եւ փորձ ձեռք բերելու հարցում, անկասկած, ազդեցություն եղել է: Ներսից տեսնել, թե այդ աշխարհն ինչպիսին է, բնականաբար, օգնել է աճել: Հիմա փոքր քայլերով առաջ եմ գնում եւ դրսում, որպես այդպիսին, լուրջ հաջողություն դեռ չունեմ: Հայաստանյան շուկայում, այո, “Dolce & Gabbana” անունը օգնեց հաջողության հասնել, քանի որ հայերը սիրում են անուններ:
-Երբ հեղինակավոր ապրանքանիշի կողմից համագործակցության հրավեր ստացաք, ոգեւորությունը մեծ էր, բայց շուտով թողեցիք ամեն բան եւ վերադարձաք հայրենիք: Ի՞նչն էր պատճառը, չէ՞որ նման հնարավորություն երբեմն կյանքում մեկ անգամ է տրվում:
-Նմանատիպ հրավեր արդեն ստացել եմ “Blumarine” ընկերության կողմից: Իրենց գլխավոր դիզայների հետ հիմա քննարկում ենք համագործակցության տարբերակները: Իսկ աշխատանքս “Dolce & Gabbana”-ում թողեցի եւ հետ եկա այն պատճառով, որ ունեի նպատակ հիմնել սեփական նորաձեւության տունը: Ճիշտ է` շատ հետաքրքիր աշխատանք էր, եւ հավակնություններս, գուցե տարիքս նշանակություն ունեցան հրաժարվելու հարցում:
Վահան Խաչատրյանի աշխատանքներից
-“Dolce & Gabbana”-ի հավաքածուներից մեկն ակնհայտ նմանություն ունի Ձեր` ավելի վաղ հեղինակած զգեստների էսքիզներին: Ստացվում է` հայտնի բրենդը գողացե՞լ է Ձեր գաղափարը: Չփորձեցի՞ք պաշտպանել Ձեր իրավունքները:
-Չեմ ուզում գողանալ կամ գրագողություն բառն օգտագործել: Այդ էսքիզներն ավարտական հավաքածուիցս են եւ ներառված են իմ պորտֆոլիոյում, որի շնորհիվ էլ ստացա աշխատելու առաջարկը: Չի բացառվում, որ մարդիկ, ովքեր այն թերթել են, ոգեշնչվել են: Իհարկե, ցավալի է, որ այդ ամենը տեղի ունեցավ առանց իմ տեղեկության, մյուս կողմից էլ հաճելի է, որ միտքս իրենց շատ է դուր եկել: Իսկ իրավունքներ պաշտպանել չէի կարող, քանի որ նորաձեւության ոլորտում եթե հագուստի նույնիսկ մեկ դետալ է փոխված, արդեն կրկնօրինակում չի համարվում:
Շատերը վատաբանելով կամ հաճոյախոսելով ասում են, թե իմ աշխատանքները նման են “Dloce & Gabbanna”-ի գործերին: Պետք է մի բան հասկանալ. ոճային նմանությունը կրկնօրինակում չէ, եւ եթե մեր ոճերը նման չլինեին, նրանք ինձ աշխատանքի չէին հրավիրի:
-Վերջերս եք Միլանից վերադարձել հաղթանակով: Կներկայացնե՞ք մրցույթի մանրամասները:
-Հրավեր ստացանք ռուս-իտալական ընկերության կազմակերպիչներից, որոնք փորձում են նախկին Խորհրդային Միության երկրների դիզայներների արվեստը ներկայացնել եվրոպացիներին: 100-ից ընտրվեց 14 դիզայներ: Մեր աշխատանքները ներկայացրինք ցուցահանդեսի ժամանակ, եւ պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին ցանկալի մրցանակն ինձ շնորհեց, այն է` ամռանն իմ գործերը կվաճառվեն Միլանի “N30Milano” խանութ-սրահում:
Վահան Խաչատրյանի աշխատանքներից
-Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա հայկական նորաձեւությունը: Համաշխարհային նորաձեւության հարթակներում հայտնվելու հեռանկար կա՞:
-Այն, որ տեղի են ունենում նորաձեւության տարբեր ցուցադրություններ, անկախ որակից փաստում է, որ շարժ կա: Այստեղ մարդիկ փորձում են հեծանիվ հորինել, որը վաղուց հորինված է, բայց մեղադրելի չէ, քանի որ երկար ժամանակ կտրված ենք եղել տեղեկատվական դաշտից: Համաշխարհային նորաձեւության հարթակներում հայտնվելն իմ նպատակն է:
-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
-Երբեք չհանձնվելու, սեփական ուժերին հավատալու կարողությունն ու ճիշտ մարդկանցով շրջապատված լինելը, որոնք դժվարության պահին էլ կվստահեն քեզ: Հավատալ, շատ աշխատել, բայց նաեւ նկատի ունենալ, որ այդ ճանապարհին անում ես զոհողություններ. օրինակ` ժամանակ չի մնում անձնական կյանքիդ համար: Նպատակիդ հասնելու համար պետք է սիրես աշխատանքդ:
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: