“ՌեԱնիմանիա” անիմացիոն ֆիլմերի միջազգային 6-րդ փառատոնն արդեն պատմություն է: Հոկտեմբերի 25-ից 31-ը կայացած կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին BRAVO.am-ի հետ զրույցում ամփոփել է այս տարվա արդյունքները եւ պատմել առաջիկա ծրագրերի մասին:
Վրեժ Քասունին
Ձեռքբերումներ
Այսօրվա ձեռքբերումները` հանդիսատեսի քանակը, արտերկրի հյուրերի թիվը, կազմակերպվածությունը, նախորդ տարիների աշխատանքի ու նվիրվածության արդյունքն են: Մեր գործընկերների, աջակիցների, հանդիսատեսի շնորհիվ առ այսօր փառատոնը գործում է, տարբեր երկրների անիմատորներ ցանկություն են հայտնում մասնակցել Երեւանում տեղի ունեցող անիմացիոն տոնին, նաեւ անվճար վարպետության դասեր են անցկացնում հայ երիտասարդների համար:
6-րդ "ՌեԱնիմանիա"-ին
Շուրջ 20 հազար հանդիսատես
“ՌեԱնիմանիա”-ն արդեն ունի իր հիմնական հանդիսատեսը, ովքեր հատուկ գալիս են անիմացիոն ֆիլմ դիտելու: Եթե առաջին տարիներին մեզ հետեւում էր մոտ 1000 հոգի, այս տարի մեկ շաբաթվա ընթացքում հանդիսականի թիվը հասել է մինչեւ 20.000-ի: Հայաստանի համար սա լավ արդյունք է. տարածաշրջանում անիմացիոն ամենամեծ փառատոնն ենք իրականացնում: Կցանկանամ, որ կառավարությունն ավելի մեծ բյուջե նախատեսի այն ավելի մասշտաբային դարձնելու համար:
Բացթողումներ
Բացթողումներ ունեցել ենք, որոնք առաջին հերթին կապված են ֆինանսի հետ, բայց սխալներն ուղղելով` առաջ ենք գնում ու զարգանում: Դեռ չեմ տեսել միջազգային փառատոն, որ չունենա տեխնիկական խնդիրներ, իսկ մեր երկրում դա մեծապես կախված է ֆինանսից: Որքան բյուջեն մեծ է լինում, այնքան տեխնիկական կողմը լավ է կազմակերպվում:
6-րդ "ՌեԱնիմանիա"-ի փակմանը
Հայտերը կընդունվեն Ամանորից հետո
7-րդ կինոփառատոնի նախապատրաստման աշխատանքներն արդեն սկսել ենք:
Ամանորից հետո կընդունենք 2015 թվականի փառատոնի հայտերը: Եթե նախորդ տարի ստացել ենք 400 հայտ, ապա այս տարի` 850, հաջորդ տարվա համար ակնկալում ենք ավելի քան 1500 հայտ: Սակայն հայտերի քանակը որակ չի ապահովում, հիմնական որակն ապահովում են մրցութային ծրագրից դուրս ցուցադրվող ֆիլմերը: Մեր նպատակն է մեծացնել հայտերի ընդունման աշխարհագրությունը: Վերջին երկու տարին արտերկրից ունեցել ենք հյուրեր, որոնք իրենց միջոցներով են ժամանել Հայաստան` փառատոնին անպայման մասնակցելու համար:
Հաճելի փաստ
Մրցանակները հանձնված են, դժգոհողներ դեռ չենք ունեցել: Ուրախալի է, որ մեր փառատոնին մասնակցած առնվազն 3 ֆիլմ արդեն նոմինացված է “Օսկար”-ի: Մեզ համար հաճելի փաստ է, որ մրցութային ծրագիրը կազմելիս ճիշտ ընտրություն ենք կատարել:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: