“Տանգոյի 12 ամիսներ” բանաստեղծական-երաժշտական ներկայացումը մի քանի օրով հյուրընկալվել էր Հայաստանում: Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վենիամին Սմեխովը, իր դուստրը` Ալիկա Սմեխովան եւ “Pasional Orquesta” նվագախմբի 4 երաժիշտը հայ հանդիսատեսի համար ներկայացումը խաղացել են երեք անգամ:
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վենիամին Սմեխովը
Ռուսական ներկայացումը ապրիլի 16-ն ներկայացվել է Գյումրու Վարդան Աճեմյանի, ապրիլի 17-ին` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոններում, վերջին “կանգառն” էլ եղել է ապրիլի 18-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Վենիամին Սմեխովի եւ Ալիկա Սմեխովայի ասմունքով, երգով ու պարային թեթեւ շարժումներով ներկայացման մեջ Վենիամինը նախորդ դարի 30-ական թվականների լեհական տանգոյի երաժշտության ներքո համադրել եւ իր մեկնաբանությամբ հանդիսականին է ներկայացնում իր գրչին պատկանող գրական տեքստերը, ինչպես նաեւ “արծաթե” դարի պոեզիա է կարդում` Ալեքսանդր Բլոկ, Աննա Ախմատովա, Վլադիմիր Մայակովսկի, Վլադիմիր Նաբոկով, Իգոր Սեւերյանին:
Դերասանի բանաստեղծական տեքստը տարվա բոլոր ամիսների, եղանակների մասին է, որն ուղեկցվում է երաժշտությամբ ու էկրանային պատկերներով: Ամեն եղանակին համահունչ գույնի զգեստով Ալիկան երգում է, նաեւ ասմունքում:
Վենիամին Սմեխովի դուստրը՝ Ալիկա Սմեխովան
Ռուս արտիստների` Հայաստանում կազմակերպած ելույթի հեղինակներից մեկն Արմեն Մազմանյանն է, որը նշել է` վերջիններս մեր երկիր են հյուրընկալվել պետական հրավերով: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորը կարեւոր է համարել մարզերի հանդիսատեսին ներկայանալու հանգամանքը. “Միասին որոշեցինք, որ այս հաճույքը չվայելի միայն Երեւանը”:
Ներկայացման ավարտին հանդիսատեսի ծափերը դերասաններին “բիս”-ի են հրավիրել, Սմեխովն էլ ներկաներին առաջարկել է ընտրել որեւէ ամիս:): Հանդիսատեսի ցանկությամբ, որոնց շարքում գերակշռել են թատերական ոլորտի մարդիկ` դերասաններ, բեմադրիչներ, ուսանողներ, արտիստները կրկնել են օգոստոս ամսվա հատվածը:
Նազենի Հովհաննիսյանը “Տանգոյի 12 ամիսներ” ներկայացմանը
Ինչպես գիտեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012-ին հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, քանի որ այս ներկայացման հիմքում էլ ռուսական պոեզիան է, եռօրյա տանգոն նվիրվել է գրքի տոնին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: