×


Տիգրան Մանսուրյանի եւ իր երաժիշտ ընկերների խմբանկարը

“Ես նվազ հաղորդակից եմ ակումբային ձեւաչափով համերգներին, քանի որ հիմնականում գրում եմ դասական երաժշտություն, սակայն այս համերգին կհնչեն նաեւ ֆիլմերի համար գրված գործերս եւ կլինի խոսք ու զրույց, կպատմեմ երգերը գրելու շարժառիթների մասին: Իր տեսակի մեջ իմ առաջին համերգն է”,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 6-ին հայտնել էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը


“Mezzo” ակումբում մայիսի 7-ի երեկոյան կայացել է անվանի երաժշտի համերգը, որի շրջանակում, ինչպես եւ նշել էր մաեստրոն, ներկայացրել է իր եւ երաժիշտ ընկերների համատեղ խմբանկարը: Ելույթ են ունեցել Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ) եւ այլք` հնչեցնելով Մանսուրյանի երգերը` գրված Չարենցի, Զարյանի, Սահյանի բանաստեղծությունների հիման վրա:

Կոմպոզիտորը ներկաներին պատմել է, որ իր մտերիմներից Համո Սահյանի հետ ոչ միայն համագործակցել է, այլեւ հարեւաններ են եղել.“Երկուսս էլ ապրում էինք նույն շենքի  5-րդ հարկում եւ դեմ դիմաց դռների հարեւաններ էինք: Այս անգամ կհնչի 4 երգից երկուսը` “Գալու է աշունը դարձյալ” եւ “Մայրամուտ Մասյաց գագաթին””:

Ցուցադրվել են հատվածներ այն ֆիլմերից, որոնց երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը


Էկրանին ցուցադրվել են երաժշտական հատվածներ “Նռան գույնը”, “Աշնան արեւ”, “Գիքոր”, “Կտոր մը երկինք”, “Հին օրերի երգը”, “Մեր մանկության տանգոն” ֆիլմերից: Տիգրան Մանսուրյանը, ընդունելով, որ իրեն ավելի շատ ճանաչում են բերել ֆիլմերի համար գրված գործերը, այնուամենայնիվ, նշել է, կինոերաժշտությունը կիրառական արվեստ է, որի ստեղծմանը բացի իրենից, մասնակցում է ֆիլմի անձնակազմը, իսկ ինքն ուզում է ջութակի կոնցերտ կամ մեկ այլ գործ գրելիս միայնակ աշխատել:

“1964 թվին կոնսերվատորիայի ուսանող էի, երբ մի ռեժիսոր առաջարկեց փաստագրական ֆիլմի համար երաժշտություն գրել, որով էլ իմ մուտքը եղավ կինոյի չափազանց գրավիչ աշխարհ. եթե դուրս գալու ուժ չունեցար, կտանի քեզ: Իմ դեպքում դա տեւեց մինչեւ 1985 թվականը: Հիմա առաջարկ չկա ու լավ է, որ չկա, որովհետեւ դժվար եմ մերժում, ամեն օր ինձ համոզում եմ, որ մերժել սովորեմ:): Բացի այդ, այժմ լավ երաժշտություն գրողներ կան, երիտասարդ սերունդը թող գրի”, - իրեն բնորոշ համեստությամբ ու անմիջականությամբ ասել է 74-ամյա կոմպոզիտորը` չմոռանալով նշել հայկական կինոյի լեգենդների անունները.“Անհնար է չհիշատակել մեծ արվեստագետների անունները, որոնց հետ բախտ է վիճակվել աշխատել` Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Գալյա Նովենց…”:

Նելլի Մանուկյանը, Արամ Թալալյանը եւ Իրինա Զաքյանը


Համերգի եզրափակիչ հատվածում Տիգրան Մանսուրյանը նվագել է “Չորս հայրեններ”-ը. “Քուչակյան հայրենների հիման վրա երաժշտությունս աշխարհահռչակ երաժիշտ Քիմ Քաշքաշյանի առաջակով փոխադրեցի ալտի համար, որ նա կատարի: Այս գործում ինձ աջակցել է Յանա Դարյանը, այս անգամ միասին կներկայացնենք”,-ելույթից առաջ ասել է նա:

Տիգրան Մանսուրյանը նվագել է “Չորս հայրեններ”-ը


Մաեստրոն նշել է, որ երաժշտությունն իր մխիթարանքն է.“Եթե երաժշտությունը չլիներ, իմ կյանքը սխալ մի բան էր լինելու, բայց երաժշտությունը նաեւ իմ տառապանքն է: Ոմանք հավատացած են, թե “շեդեւր” գործերը ծնվում են ձեռքի մեկ շարժումով, իսկ մյուսները մտածում են, որ այն տառապալի գործ է: Ես պետք է շատ չարչարվեմ եւ չգիտեմ` դրանից հետո արդյունք կլինի, թե` ոչ, որովհետեւ գեղարվեստական մեկ կատարյալ մարմին ստեղծելը գրեթե անհնարին մի բան է”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW