×


Փարիզը` ռետրո ոճում եւ դիջեյ Բոբ Սինքլերի երաժշտության ներքո :)

Նորաձեւության մայրաքաղաքին վերջին օրերին 1950-1990-ականների շունչ էր հաղորդվել։ “Salon du Vintage” կոչվող ցուցահանդեսին ներկայացվել են հենց այդ տարիների նորաձեւության, կահույքի եւ աքսեսուարների նմուշներ, որոնք կարելի էր նաեւ գնել: Փարիզում բազմապիսի սալոններ անցկացվում են գրեթե ամեն օր, սակայն յուրօրինակ եւ ինքնատիպ ուղղվածություն ունեցողներն անթիվ չեն, իսկ դրանց շարքին կարելի է դասել ռետրո ոճի այս սալոնը, որն արդեն 12-րդ տարին է կազմակերպվում եւ որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ի թղթակիցը:

Փարիզում տեղի է ունեցել այս տարվա "Salon du Vintage”-ը


Մարե թաղամասի “Garage Turenne” կոչվող վայրում հարյուրին մոտ ցուցադրող-վաճառողներն այս տարի ընդունել են հազարավոր այցելուների։ Սափրված գլխով եւ լաքապատ կոշիկներով կնոջ կողքին` ռետրո ոճով կանացի կերպար ստեղծած աղջնակներ. հետաքրքիր եւ ինքնատիպ ոճեր կարելի էր տեսնել ե'ւ վաճառողների, ե'ւ գնորդների շարքում։ Իսկ այս ամենը հետաքրքիր երաժշտությամբ էր ողողել միջոցառման “կնքահայր” հանրահայտ դիջեյ Բոբ Սինքլերը։

Փարիզում տեղի է ունեցել այս տարվա "Salon du Vintage”-ը

 
Հատուկ կազմակերպված միջոցառումների կողքին ցուցադրվում եւ վաճառվում էին նաեւ անձնական հավաքածուներ։ Ժամանակին նորաձեւության “զոհ” դարձած անձինք այստեղ էին բերել իրենց հագուստներն ու աքսեսուարները, որոնք այլեւս չեն կրում։ Նկարչուհի Դանա Միլիկն իր գունապնակի պես բազմագույն զգեստապահարան է ունեցել, դրանք սալոնում ներկայացնում է Մերլին Մոնրոյի մեծ լուսանկարներով զարդարված տաղավարում. “Այս հագուստներն այլեւս չեմ կարող կրել, դրանք փոքր են, բացի այդ, այսպիսի հագուստով դուրս չեմ գալիս”,-ասում է նա։ Փարիզում, իր կարծիքով, շատ չեն այն համարձակները, որոնք իրենց թույլ են տալիս օրիգինալ հագնվել. “Այստեղ բոլորը կրում են “ժողովրդական կոստյում””,-շեշտում է նա` ի նկատի ունենալով միանման հագուստները։ Այս պահին Դանան եւս “ժողովրդական կոստյումով”` սեւ շրջազգեստով է, որն ամեն տեղ կարելի է կրել.“Ինքս էլ շատ համարձակ չեմ հագնվում. եթե Լոնդոնում լինես, չեն զարմանա եւ տարօրինակ չեն նայի, նույնիսկ գովեստի խոսքեր կասեն, Փարիզում երբեւէ չեմ լսել որեւէ հաճոյախոսություն”,-նշում է արվեստագետը։

Նկարչուհի Դանա Միլիկը


Մինչ անհատները փնտրում են համարձակների, մասնագետներն արդեն գիտեն, թե որտեղ կարելի է գտնել իրենց գնորդներին. հատուկ ինտերնետային կայք, խանութ եւ բարձրորակ հագուստների վաճառքն ապահովված է: Նրանց ճանաչում են եւ գալիս յուրօրինակ նմուշներ գնելու։ “Dressing factory”-ի ներկայացուցիչները համոզված են, որ վինտաժը մեծ պահանջարկ ունի, քանի որ կարելի է գտնել բարձրորակ հագուստ ճանաչված ապրանքանիշերի կողմից, այն էլ` համեմատաբար մատչելի գներով: “Երբեմն պատահում է, որ հարսանեկան որեւէ հանդեսի մասնակիցների զգեստները նույնն են լինում, նման տհաճ դեպքերից խուսափելու համար շատ աղջիկներ եւ կանայք նախընտրում են օրիգինալ զգեստ գտնել հենց ռետրո ոճում։ Մենք տարիներ շարունակ հավաքածուներ ենք ստեղծում եւ վաճառում դրանք”,-նշում են նրանք։

Փարիզյան "Salon du Vintage”-ի` մեր եռագույնով ոգեշնչված այցելուներից :)


Ասում են` նորաձեւ է այն, ինչ Ձեզ սազում է, ուրեմն հնաոճը եւ ռետրոն եւս կարող են նորաձեւ լինել։):

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Էլլադա Բարսեղյանի եւ  “Salon du Vintage”-ի կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW