×


Քրիստինա Բաբայան.“Իմ` “Միսս Հայաստան 2000” տիտղոսով չեմ հպարտանում”

Շարունակելով ներկայացնել տարբեր տարիներին “Միսս Հայաստան” տիտղոսին արժանացած հայուհիներին` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Քրիստինա Բաբայանի հետ, ով գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթում հաղթել է ուղիղ 15 տարի առաջ, սակայն չցանկանալով մոդելի կարիերա կերտել, իրականացրել է մանկության երազանքը:

"Միսս Հայաստան 2000" Քրիստինա Բաբայանը


“Թեեւ չշարունակեցի մոդելային աշխատանքը, բայց մասնագիտությունս կապված է  գեղեցկության հետ. մաշկաբան-կոսմետոլոգ եմ, փորձում եմ ավելի գեղեցկացնել մեր աղջիկներին ու կանանց եւ հաճույք եմ ստանում դրանից”,-տեղեկացրել է նա` հավելելով, որ ղեկավարում է սպա-կենտրոն:

Քրիստինան պատմել է, որ դեռ չորս տարեկանից ցանկացել է բժշկուհի դառնալ, իսկ մոդելինգին վերաբերվել է որպես հոբբի. “Հիշում եմ` բոլոր տիկնիկներիս ներարկումներ էի կատարում, երազում էի մեծանալ եւ մարդկանց բուժել: Ուրախ եմ, որ 15 տարի առաջ հաստատուն մնացի իմ որոշման հարցում եւ ընտրեցի բժշկի մասնագիտությունը: Եթե այդպես չվարվեի եւ ուսումս թողնեի երկրորդ պլանում, ապա լավ բժիշկ դառնալ չէի կարող”:  

"Միսս Հայաստան 2000" Քրիստինա Բաբայանը


Մասնակցությունը “Միսս Հայաստան”-ին նա համարում է հետաքրքիր փորձառություն, կարեւորում է նաեւ հաղթանակը.“Ինձ համար մեծ քայլ էր այդ ամենը 17 տարեկանում հաղթահարելը: Ձեռք բերեցի ինքնավստահություն եւ ինքնուրույնություն, ինչն օգնում է կյանքում: Հետագայում եւս մի քանի մրցույթի եմ մասնակցել: Ուկրաինայում առաջարկեցին մասնակցել “Միսս աշխարհ”-ին, բայց, ցավոք, այդ ժամանակ մեր պետությունը չուներ նման հնարավորություն”:

Քրիստինան նշել է, թե երբեք չի հպարտացել “Միսս Հայաստան 2000” տիտղոսով. “Դեռ այն ժամանակ ամաչում էի, երբ ինձ այդպես էին ներկայացնում: Այսօր էլ իմ այցելուներն անգամ չգիտեն այդ մասին: Ես չեմ հպատրանում, որ “Միսս Հայաստան”  եմ ճանաչվել, փոխարենը կարող եմ հպարտանալ մասնագիտությանս մեջ իմ առաջադիմությամբ, որ այցելուներիս օգնել եմ առողջանալ”:

"Միսս Հայաստան 2000" Քրիստինա Բաբայանի դուստրը


Քրիստինան բացի սիրելի աշխատանքից, ունի իր ընտանիքը: Նրա հնգամայա դուստրը տեղյակ չէ ժամանակին մայրիկի գրանցած հաղթանակի մասին, փոխարենը նույնպես երազում է բժշկուհի դառնալ.“Իմ բոլոր թագերը, դիպլոմներն ու նկարները ծնողներիս տանն են: Մայրիկիս խնդրել եմ պահել դրանք, եւ դեռ առիթ չի եղել, որ ցույց տամ եւ պատմեմ աղջկաս:)”: 

Զրույցի վերջում Քրիստինա Բաբայանն իր խոսքն ուղղեց գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին: “Միսս Հայաստան 2000”-ի խորհուրդը հետեւյալն է.“Անկախ նրանից` կմասնակցեք գեղեցկության մրցույթի, թե ոչ, միշտ խնամեք ձեզ, հետեւեք առողջ սննդակարգի, եղեք ինքնավստահ եւ բարձր ինտելեկտով, հատկապես վերջինը շատ կարեւոր է”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Քրիստինա Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW