“Օրրան”-ի երեխաները, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ հունիսի մեկն անց են կացրել երգով, պարով ու հյուրընկալությամբ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ցերեկային խնամքի կենտրոն հաճախող փոքրիկները ոգեւորությամբ կատարել են “Մեկը հունիսի, մեկը հունիսի” նոր երգը, արտասանել են, իսկ պատերին փակցված են եղել նրանց ձեռքի աշխատանքները:
Քրիստինե Պեպելյանը “Օրրան”-ի հունիսմեկյան տոնին
Այս տարի “Արմենիա Մարիոթ”-ը երեխաների համար հյուրասիրություն էր կազմակերպել հենց “Օրրան”-ում. հյուրանոցի խոհարարը եւ հյուրընկալված հայտնիները բակում համբուգեր, աղցան են պատրաստել վերջիններիս համար, պիցցա հյուրասիրել, ինչպես նաեւ իրենք էլ մասնակցել են համտեսին:
8-ամյա Մարին եւ 11-ամյա Լիլիթը մյուս երեխաների նման տոնական տրամադրությամբ երգել ու պարել են. “Հիշում եմ` անցած տարի էլ երգիչներ էին եկել, բայց ավելի շատ ուրախանում ենք, որ հանդես ենք անում: Համ էլ հունիսի մեկին իմ փոքր եղբոր ծնունդն է”, - պատմել է Լիլիթը, Մարին էլ ավելացրել, որ ցանկանում է տոնական ավելի շատ օրեր անցկացնեն:
“Oրրան”-ի հունիսմեկյան խնջույքին
Երգիչներից ոմանք իրենց երեխաների հետ էին եկել, իսկ “Ես Yes!” ամսագրի խմբագիր Անի Քոչարն առաջին անգամ էր տոնը նշում իր առաջնեկի հետ, որը բարձր երաժշտությունից ու մարդկանց բազմությունից իրեն վատ չէր զգում. “Կարծում եմ` մարդն այնքան ժամանակ է մանուկ, քանի դեռ երեխա չունի, բայց, իհարկե, ցանկացած տարիքում մարդ պետք է հոգով երեխա լինի”:
“Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ հյուրերը պատահական մարդիկ չեն. “Մեր հին բարեկամներն են, որոնք տարիներ շարունակ երեխաների կողքին են: Շատ ուրախանում ենք, որ նրանց թիվն ավելանում է, ուրախ առիթի դեպքում հավաքվում ենք”:
Հրաչ Մուրադյանը եւ Էմմին "Օրրան"-ի հունիսմեկյան խնջույքին
Արմինե Հովհաննիսյանի խոսքով` տարեցտարի ավելի շատ մարդիկ են տեղեկանում ցերեկային խնամքի կենտրոնի մասին եւ ցանկանում ինչ-որ կերպ աջակցել երեխաներին. “Եթե առաջ մենք էինք խնդրում օգնության ձեռք մեկնել, հիմա տարբեր կազմակերպություններ զանգում են, նվերներ ուղարկում պաղպաղակի, հյութերի, խաղալիքների տեսքով”:
Երեխաները նաեւ համտեսել են մուլտֆիլմային պատկերով տորթը, շաշկի ու շախմատ խաղացել, իսկ երեկոյան տոնը շարունակել են “Օրրան”-ից դուրս:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: