“6 ուտեստ օլիգարխի համար”. այսպես է կոչվում “Vivarte” նորաստեղծ թատերախմբի առաջին ներկայացումը, որի պրեմիերան կայացել է երեկ` հունիսի 17-ին, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Գաննա Սլուցկիի “Վեց ուտեստ մեկ հավից” պիեսի հիման վրա ստեղծված կատակերգության ռեժիսոր Իրինա Հարությունանը, ով նաեւ թատերախմբի գեղարվեստական ղեկավարն է, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ պաշտոնական նամակով թույլտվություն են վերցրել փոխելու պիեսի անունը` այն դարձնելով ավելի գրավիչ:
Յուրի Իգիթխանյանը եւ Յուլիա Ֆինկը
Իրինա Հարությունյանը տարիներ առաջ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կրկին բեմադրել էր այս պիեսը, սակայն ներկայացումն այժմ ռեժիսորական ու բեմանկարչական նոր լուծումներով է, իսկ դերակատարները ռուսական թատրոնից դուրս եկած դերասաններն են:
Ըստ սյուժեի` գործարարի մայրը որոշում է որդու համար արժանի կին գտնել եւ ամուսնական գործակալության միջոցով տուն է հրավիրում տարբեր կանանց: Գլխավոր հերոսին, ինչպես առաջին բեմադրության, այնպես էլ այս անգամ մարմնավորում է Յուրի Իգիթխանյանը, դերասանական կազմում են նաեւ Ելենա Եսայանը, Տաթեւ Մելքոնյանը, Յուլիա Ֆինկը, Յանա Գաբրիելյանը, Անուշ Բրուտյանը:
Յուրի Իգիթխանյանը եւ Անուշ Բրուտյանը
“Vivarte” ընկերության պրոդյուսերը դերասանուհի Յուլիա Ֆինկի ամուսինն է` “Արմենիա”-ի “Ժամը” լրատվական ծրագրի մեկնաբան Արտյոմ Կարապետյանը, ով հայտնել է` այժմ խաղում են բնագրի լեզվով` ռուսերեն, սակայն ծրագրում են թարգմանել պիեսը եւ հանդիսատեսին ներկայացնել նաեւ հայերենով:
Իրինա Հարությունյանը եւ Արտյոմ Կարապետյանը
Իրինա Հարությունյանը վաղուց է ճանաչում իր այժմյան գործընկերներին. “Միասին աշխատել ենք ռուսական թատրոնում, բայց բոլորս տարբեր պատճառներով դուրս ենք եկել այնտեղից. Յուլիան` 7 տարի առաջ, Յուրին` նախորդ տարի, իսկ ես` 8 ամիս առաջ: Տիկնիկային թատրոնը հյուրընկալեց մեզ, դերասանները միանգամից հարմարվեցին բեմին ու մթնոլորտին: Նրանց խաղն ինձ գոհացրեց, հանդիսատեսի ջերմությունն էլ կրկնապատկեց մեր թիմի ուրախությունը”,-ասել է նա եւ հավելել, որ հաջորդ անգամ նաեւ կխաղա` փոխարինելով մոր դերակատարին.“Կարծում եմ` հանդիսատեսին դուր կգա գործողությունների արագ ընթացքով ներկայացումը, եւ լավ տրամադրությամբ կհեռանան դահլիճից: Միգուցե ինչ-որ բան կքաղեն հումորի միջոցով ներկայացված մայրեր ու որդիներ խնդրից”:
“6 ուտեստ օլիգարխի համար” ներկայացման պրեմիերային
Կատակերգական ներկայացումը համեմված է հումորով եւ դրամատիզմով, երաժշտական ու պարային լուծումներով, նախատեսված է 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Իսկ թե ինչ խորհուրդ ունեն 6 ուտեստը եւ ում է ընտրում հերոսը, կիմանաք` դիտելով ներկայացումը հունիսի 18-ին, 24-ին կամ 25-ին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: