Բարեգործական բացօթյա տոն՝ Կասկադում:) Գաֆեսճյան արվեստի կենտրոնի “Երեք սուզորդները” բացօթյա հարթակում օրերս ամառային երեկույթ էր, որը տարբերվում էր իր հյուրերով ու անցկացման նպատակով: Կասկադում հավաքվել էին “Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ի աշխատակիցները, նրանց հովանավորյալ գյուղերի երեխաները, հիմնադրամի բարերարները, միջազգային եւ տեղական կազմակերպությունների անդամներ, նաեւ Համահայկական 5-րդ խաղերի մասնակիցներ: “Հայաստանի մանուկներ հիմնադրամը” բարեգործական կազմակերպություն է, որն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի գյուղական համայնքներում, մասնավորապես՝ Արմավիրի ու Արագածոտնի մարզերի գյուղերում: Երեկույթի ընթացքում էլ ներկայացվեց գյուղերի զարգացման ծրագիրը: Վերջին վեց տարվա ընթացքում, հիմնադրամի տվյալներով, Բաղրամյանի տարածաշրջանի մոտ 22 000 գյուղաբնակ, այդ թվում՝ 5000 երեխա, օգտվել է բարելավված դպրոցներից, մանկապարտեզներից, սպորտային համալիրներից, սոցիալ-հոգեբանական կենտրոններից, բուժական ամբուլատորիաներից եւ այլն: Կազմակերպության հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Գարո Արմենը իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր շարունակաբար օժանդակել են հիմնադրամին: Խոսելով Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի համայնքներում արձանագրած հաջողության մասին՝ Գարո Արմենը կոչ արեց համախմբվել ու Հայաստանի մյուս մարզերի գյուղերի երեխաների եւ երիտասարդների համար եւս հնարավորություններ ստեղծել: Գայանեն մեկն է այն դեռահասներից, որ ապրում ու սովորում է Դալարիկ գյուղում, իր ակտիվությամբ աչքի է ընկնում, մասնակցում է մի քանի խմբակների, տեղյակ է հիմնադրամի գործունեությունից. “Հիմնադրամը 2006-ին ոտք դրեց մեր գյուղ, վերանորոգեց մեր դպրոցը, բուժկենտրոնը: Աշխատակիցներն օգնում են ոչ միայն նյութապես, այլեւ միշտ մեր կողքին են, կամավորները մեզ անգլերեն են սովորեցնում: Գյուղատնտեսական խմբակ ունենք, որի շրջանակներում 5 երեխա գնացել է Միացյալ Նահանգներ, նաեւ առողջ ապրելակերպի, իրավունքի, բանավեճի խմբակներ ունենք: Ամռանն էլ ճամբար է գործում, որի ընթացքում Երեւանի թանգարաններն ենք այցելում”: Երեկույթի ընթացքում հյուրերի համար երեխաները պատրաստել էին երգի, պարի, ասմունքի համարներ, ձեռագործ աշխատանքներ, նաեւ Վիլյամ Սարոյանի “Նռնենիներ” ստեղծագործության հիման վրա փոքրիկ բեմադրություն ներկայացրին: Հնչեց նաեւ դասական երաժշտություն՝ “Նաիրի” լարային քառյակի կատարմամբ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: