×


Անուշն ու Ինգան էքստրեմալ պայմաններում տեսահոլովակ են նկարահանել:)

“You Will Not Be Alone”. այսպես է կոչվում Ինգա եւ Անուշ Արշակյանների այն ստեղծագործությունը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը առաջիկայում կհանձնվի հանդիսատեսի դատին:

Անուշ եւ Ինգա Արշակյանները


Երգի երաժշտությունը հատուկ Արշակյան քույրերի համար գրել է Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը Միքայել Բագրատունին է: Նկարահանումներն իրականացվել են Տորոնտոյի ափը երիզող Օնտարիոյի լճափին եւ տեւել են մեկ օր: Նկարահանման հրապարակում են եղել նաեւ աղջիկների պրոդյուսեր Արթուր Ասատրյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:

Տեսահոլովակի հեղինակը Դավիթ Մարտիրոսյանն է, որը միաժամանակ հանդես է եկել եւ որպես ռեժիսոր, եւ որպես օպերատոր: Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է Ինգա եւ Անուշ Արշակյանների PR մենեջեր Իզաբելլա Մանասարյանը, ըստ ռեժիսորի մտահղացման, երգչուհիները մարմնավորել են 2 տարբեր կերպար, որոնք միեւնույն ժամանակ շարունակում են մնալ որպես մեկ ամբողջություն:

Ինգա եւ Անուշ Արշակյանները


 “Եղանակային պայմանները ոգեւորող չէին. այնքան ցուրտ էր ու քամոտ, որ աղջիկները նկարահանման դադարների ընթացքում փաթաթվում էին պլեդով: Մեկ այլ փորձություն էին ժայռերի վրա նկարվող կադրերը, քանի որ բարձրակրունկ կոշիկներով ու երկար զգեստներով բարձրանալ մեծ ու անհարմար քարերի վրա այդքան էլ հեշտ չէր”-նշել է քույրերի PR մենեջերը՝ հավելելով, որ խնդիրները հեշտությամբ հաղթահարվել են:

Անուշն ու Ինգան “You Will Not Be Alone”-ի նկարահանումներին


 Իզաբելլա Մանասարյանը նաեւ հետեւյալն է ասել. “Որպես հետաքրքիր փաստ, նշենք, որ դեռեւս երգը ձայնագրելիս քույրերը միմյանց միջեւ քննարկում էին, որ ստեղծագործությունն ինչ-որ կերպ ասոցացվում է ափամերձ տարածքի եւ մռայլ եղանակի հետ: Եվ շատ ուրախ են, որ իրենց ասոցիացիաները անսպասելիորեն համընկել են ռեժիսորի պատկերացումների հետ: Դե իսկ եղանակն էլ իր հերթին նպաստել է ամբողջական մտապատկերը ստանալու գործին”:
 
“You Will Not Be Alone”-ի տեսահոլովակը ներկայումս մոնտաժման փուլում է: Մինչ պրեմիերան առաջարկում ենք լսել երգը ստորեւ: 
 
BRAVO.am
Լուսանկարները՝  ingaanush.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW