“Չեմ համբուրի, որ արքայազն դառնա” :) Երգչուհու եվրոպական հանգիստը Աստղիկ Սաֆարյանը 12 տարեկանում առաջին անգամ տեսավ Եվրոպան ու սիրահարվեց: Արքայազնին ու համբույրին դեռ կանդրադառնանք, երգչուհու առաջին եվրոպական սերը Հունաստանի, ավելի ճիշտ` Կասանդրա թերակղզու տեսքով էր:).“Նման սերիալ էլ կար, չնայած այդ ժանրի սիրահար չեմ, բայց նույնանուն թերակղզին շատ լավն էր: Սիրեցի ճանապարհորդությունը, շատ-շատ վայրերում եմ եղել”: Այս տարի նորաձեւ է Թունիսը “վայելել”, փոփ-ռոք երգչուհին էլ նոր վայրեր այցելել սիրում է, բայց սիրով վերադառնում է այն վայրերը, ուր իրեն շատ հանգիստ է զգում: Վերջերս է վերադարձել իսպանա-ֆրանսիական ուղեւորությունից, անցկացրած հանգստից գոհ է:): “2010-ին շատ եմ ճամփորդել ու քիչ եմ եղել Երեւանում: Բարսելոն եւ Փարիզ արդեն որերորդ անգամ էի այցելում, ամեն տեսարժան վայր տեսել էի, այս անգամ ուղղակի գնացի լավ ժամանակ անցկացնելու, ընկերներիցս մեկն էլ ամուսնացավ: Հարսի ծաղիկ էլ քույրս բռնեց, բոլորս ուրախացանք. հաջորդը նա է:)”,- Bravo.am-ին պատմեց Աստղիկ Սաֆարյանը: Աստղիկն ու ընկերուհիները իրենց “Eurotour”-ին ակումբներով չեն ընկել:) Երգչուհին իր երկրորդ հայրենիքը համարում է Ֆրանսիան. Փարիզն է շատ սիրում, իրեն հանգիստ զգում: 2008 թվականի իր ճանապարհորդությունը շատ է տպավորվել. “Ընկերուհիներով որոշեցինք “Eurotour” կազմակերպել եւ նշել մեր մտերմության տասնամյակը: Երեւանից մեկնեցինք, Ֆրանսիայում սպասում էին մեր երկու ընկերուհիները, եւս երկու ընկերուհի մեզ միացան Միացյալ Նահանգներից ու Ֆլորենցիայից”: Աստղիկ Սաֆարյանը նշեց, որ ընկերուհիների հետ ֆրանսիական ակումբներով չի ընկել. “Արվեստն էր ուղղությունը. շատ գեղեցիկ էր նկարիչների քաղաքը, եղել ենք օծանելիքի արտադրության գործարանում, հետեւել արտադրությանը, թե ինչպես են հայտնի բրենդերը պատվիրում մի քանի բույրերի հավաքածու, եւ դա դառնում է, օրինակ, Շանելի բույրը: Շատ հետաքրքիր էր. թանգարաններ, տեսարժան վայրեր, ամիս ու կես տեւեց ուղեւորությունը, հետո միասին Իսպանիա գնացինք, եւս երկու քաղաք տեսանք:)”: Երգչուհին բազմաթիվ ընկերներ ունի արտերկրում, ցանկացած քաղաք, որ գնում է, իրեն անպայման դիմավորում են ու “չեն թողնում մի վայրկյան պարապ մնա”: Ճանապարհորդելը Աստղիկ Սաֆարյանի համար բնավորություն է դարձել, բայց չի կարծում` պահ կլինի, որ չցանկանա Երեւան վերադառնալ. “Չի բացառվում էն առումով, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է: Մոտակա շրջանում նման պլաններ չկան, կարող է գնամ, երկար ժամանակով մնամ, բայց, այնուամենայնիվ, կվերադառնամ Հայաստան. իմ աշխատանքն այստեղ է, ու սիրում եմ իմ հայրենիքը, մանավանդ որ այստեղ եմ լավ ստեղծագործում”: Աստղիկը ֆրանսիացի տղաներին ու աղջիկներին շատ գրավիչ է համարում. շարմ ունեն: Որ երկիրն էլ գնում է, տվյալ խոհանոցի ամենահայտնի ուտեստն է անպայման փորձում ու ասում` ամեն քաղաքին բնորոշ է պետք ապրել: Այ հիմա համբույրի ու արքայազնի պահն է:): Երգչուհին մի անգամ գորտի հետ է շատ մոտիկից շփվել, բայց չի համբուրել, որ արքայազն դառնա. “Լավ է, շնորհակալ եմ: Կերել եմ ու բավական հավանել:)”: Երգչուհին անգլերենին լավ է տիրապետում, հիմա իսպաներեն ու ֆրանսերեն է սովորում. անհրաժեշտ է: Հիմա մտածում է Ասիայով մեկ ճանապարհորդել: Ասում է` արտասահմանում գումարը ամենաշատը հագուստի վրա է ծախսում: “Շոփինգամանիա չունեմ, բայց քանի որ հիմնականում հագուստներս արտասահմանից եմ գնում, պլանավորում եմ մի քանի օր տրամադրել դրան: Չեմ կարող անտարբեր վերաբերմունք ցուցաբերել հագնվելու նկատմամբ, դա ինձ համար կարեւոր է”,- ասում է Աստղիկ Սաֆարյանը: “Կուրորտային սիրավեպ չեմ ունեցել”. Աստղիկ ՍաՖարյան Օգոստոսի կեսին նա կրկին կմեկնի Բարսելոնա, այս անգամ գործնական ուղեւորություն է լինելու, սեպտեմբերին էլ Մարսելում է երգելու: “Սեպտեմբերի 3-ին իմ ծննդյան օրն է, 4-ին համերգի եմ հրավիրված, Մարսելում կամ էլ օդում կանցկացնեմ ծնունդս:): Նույն ամսվա կեսին կվերադառնամ ու ձայնասկավառակիս աշխատանքները կշարունակեմ: Ձայնագրությունների մեծ մասն արված է, CD-ի համար ֆոտոսեսիան արվել է գեղեցիկ քաղաքներից մեկում: Շուտով միանգամայն նոր երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի”,- նշեց երգչուհին: Արձակուրդների համատեքստում:): Ի դեպ, Աստղիկ Սաֆարյանը այսքան ճանապարհորդել է, բայց կուրորտային սիրավեպ չի ունեցել երբեւէ :). “Գեղեցիկ է, երբ կողքից նայում ես, գեղեցիկ պատմություններ են երեւում, բայց չես կարող ասել` իրականում ինչ կլինի, երբ դու հայտնվես այդ իրավիճակում: Ինձ հետ դեռ չի պատահել նման բան, որ լինի ու շարունակություն ունենա, անպայման կպատմեմ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: