Պարապլաներիստը երկնքում թռչունների պես է:) Երկինքը առաջին անգամ նա “փորձեց” 2000 թվականին, բայց “թռչուն” դառնալու համար դեռ մեծանալ էր պետք:): “Այդ ժամանակ 15 տարեկան էի, պարապլաներիզմով զբաղվելը բավական թանկ արժեր, ես էլ չէի ցանկանում ծնողներիս նեղություն տալ, դադարեցրի պարապմունքների գնալ: Հետո ընդունվեցի համալսարան, սկսեցի գումար վաստակել, իմ սեփական պարապլանը գնեցի, ու սկսվեց...”,- Bravo.am-ին պատմեց ֆիզիկոսի մասնագիտությամբ 26-ամյա Արմեն Սարգսյանը: Փոքր ժամանակ Արմենը մյուս երեխաների պես չի երազել թռչել. “Ուղղակի ինքնաթիռների մասին էի երազում, որոնք կկարողանամ հեռակառավարման վահանակով թռցնել: Դա էլ ավիամոդելիզմի բերեց: Մի օր ստեղծածս ինքնաթիռը փորձարկելուց պարապլանով թռչող մարդ տեսա, ու ամեն ինչ այդ ժամանակ մեջս փոխվեց”: Պարբերական թռիչքների սկիզբը դրվեց երեք տարի առաջ, վերջին անգամ Արմենը երեկ է երկնքից իջել:): Նշում է` ազատությունը շատ կարեւոր բան է, դրա համար էլ փորձում է թռչունների պես լինել:): Չգիտենք` նրան սիրելին երկնքում “սավառնելիս” է տեսել ու գայթակղվել, բայց մի անգամ միասին են ամպերին հասել ու... Ի՞նչ ու. իսկական ռոմանտիկա:): Բուլղարական երկինք ու 6-րդ հորիզոնական Ռոմանտիկայից եւ ժամանցից բացի պարապլաներիզմը թռիչքային մարզաձեւ է, Արմեն Սարգսյանն էլ մասնակցել է Բուլղարիայի Սոպոտ քաղաքում վերջերս կայացած միջազգային մրցույթի: “Պարապլանով թռչելու լիցենզիա չունեմ, որը միջազգային կազմակերպություն է տալիս, բայց կապվեցի կազմակերպիչների հետ, ասացի` սարերում թռչելու մեծ փորձ ունեմ, անչափ շատ եմ ցանկանում մասնակցել, զիջեցին: Մրցումները օգոստոսին անցկացվեցին. 6 օր տեւեց: Մրցակիցներս մոտ 120-ն էին` Ռուսաստանից, Ուկրաինայից, եվրոպական պետություններից: Մեր տարածաշրջանից ես միակ ներկայացուցիչն էի: Առհասարակ, Հայաստանը առաջին անգամ էր նման մրցույթի մասնակցում”,- ասաց նա: Հայ պարապլաներիստը 6-րդ տեղն է գրավել. “Սոպոտի սարերը… Դրախտային տեղ էր այս սպորտաձեւով զբաղվելու համար: Ավելի բարձր հորիզոնական կարող էի զբաղեցնել, ուղղակի, եղանակային պայմաններից ելնելով, մի առաջադրանքը կեսից դադարեցրին, բայց ես տեղյակ չէի եղել, շարունակել էի թռիչքս ու ինձ շատ հաջող դրսեւորել: Լավագույն հնգյակում բուլղարացիներն էին, դե իրենք ծանոթ էին միջավայրին, հմուտ էին: Առաջին երեք հորիզոնականները գրավողներն ու ես մրցանակի արժանացանք:)”: Արարատ սարից` Երեւան. բա որ կրակե՞ն Արմեն Սարգսյանին խոստացել են նաեւ պարապլաներիզմով զբաղվելու միջազգային լիցենզիա տալ: Թեեւ առանց դրա էլ մեծ հաճույքով շատ անգամներ թռչել ու թռչում է հայաստանյան երկնքում. “Արթնանում եմ, տեսնում կապույտ երկինք, ուրեմն թռչելու համար հաջող օր է… Հատիս լեռան վրայից է հարմար թռչել: Արարատ սարը չի ձգում, որովհետեւ Թուրքիայի կողմ պետք է գնաս: Շատ կուզեի դեպի Երեւան թռչել. եթե բարձրանաս, թռչես, մինչեւ Երեւան կհասնես, բայց սահման ես հատում, օդում կկրակեն:)”: “Պարապլանով պետք է թռչունի նման թռչել` առանց թեւերը թափահարելու, տաք հոսանքներ ման գալով ու դրանցով վերեւ բարձրանալով: 3 հարյուր մետր բարձրությունից կարող ենք թռչել ու այդ տաք հոսանքներով բարձրանալ մինչեւ ամպերը: Ես ծովի մակերեւույթից 4300 մետր եմ բարձրացել, երեւանյան ռեկորդը 4800 մետրն է: Երկնքում ազատ ես, թռչունների պես թեթեւ, տարբերությունն այն է, որ իրենք որսի են դուրս գալիս կամ հեռավոր ճամփա կտրելու:): Արծիվների հետ ենք շատ թռչում. անվնաս են: Պարապլաներիզմը սթրեսից հանում է, երկնքում ամեն հոգս մոռանում ես, թեեւ թռնելն էլ է սթրես. ուշադիր ու զգույշ պետք է լինես:)”,- նշեց Արմեն Սարգսյանը: Դաժան պայմանները երբեմն օգտակար են լինում:) Տարեկան պետք է մոտ 100 ժամ օդային թռիչք կատարես լավ մարզավիճակում գտնվելու համար: Հոկտեմբերին Բրազիլիայում է մրցում լինելու, եթե Արմենը հովանավոր գտնի, նոր պարապլան էլ կգնի ու անպայման կմասնակցի. “Լուրջ եմ զբաղվում այս սպորտաձեւով, ցանկանում եմ աշխարհի առաջնությանը մասնակցել, բայց “վերջը” դա 1000 կմ կտրելն է. մեկնարկը տրվում է գերմանական ինչ-որ քաղաքից, միայն պարապլան են քեզ տալիս, գիշերները կարող ես ոտքով տեղաշարժվել, որ հետ չընկնես մյուսներից, ով շուտ հասնի վերջնակետին, հաղթում է: Շատերը այդ դաժան օրերից հետո հավեսը կորցնում են պարապլաներիզմի հանդեպ”: Արմեն Սարգսյանը Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի անդամ է, ասում է` Հայաստանում էլ կարող են մրցումներ անցկացնել, բայց. “Ճանապարհները լավը չեն, սար բարձրացնող ճոպանուղիներ չկան: Այստեղ դաժան պայմաններ են, բայց դա էլ իր դրական կողմն ունի. կոփված ենք, օգնում է մրցումների ժամանակ լավ դրսեւորվել:)”: Ի դեպ, հայ պարապլաներիստը խոստովանում է` մեկ-մեկ ցանկանում է քնել երկնքում. “Նման դեպքում կարող է էլ չարթնանաս:): Գետնին չես, ավտոմեքենա չի, որ կանգնես, մի քիչ քնես, հետո ճամփադ շարունակես”: Մինչ ձյան գալը Արմենը թռչելու է… Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Արմեն Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: