Ստեղծագործել են Արմեն Բուբուշյանի ուսանողները :)
“Մեծ ցուցադրություններ ունենաք, արդեն` անհատական’’. նման արտահայտություններով էին ընկերներն ու բարեկամները շնորհավորում երեկ “Ալբերտ եւ Թովե Բոյաջյաններ’’ ցուցասրահում հավաքված Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայն բաժնի 2-րդ խմբի ուսանողներին: Խմբի ղեկավար Արմեն Բուբուշյանի ղեկավարությամբ` կայացել է ուսանողների ցուցահանդեսը:
Գրաֆիկական դիզայնին նվիրված ցուցահանդեսին ներկայացված է երեք թեմա. 15 պաստառ “Մանկական Եվրատեսիլ”-ի մոտիվներով է, 16-ը նվիրված է Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին, եւ մեկ ամբողջ ցուցասրահ էլ լի է գրաֆիկական ասոցիացիաներով, որոնք արտահայտում են հեղինակների երեւակայությունն ու ստեղծագործական մոտեցումն երաժշտության, գրքերի, իրավիճակի, կուռքերի վերաբերյալ:
Պաստառները պատրաստվել են մոտ երկու ամսվա ընթացքում: Գրաֆիկական աշխատանքներից յուրաքանչյուրը պատրաստվել է աշխատանքային մեկ օրվա ընթացքում:
25 տարվա դասավանդման փորձ ունեցող Արմեն Բուբուշյանը պատմում է, որ մշտապես փորձում է հետաքրքիր, յուրօրինակ եւ ակտուալ թեմաներ ընտրել ուսանողների աշխատանքների համար: Այս ցուցահանդեսը եւս բացառություն չէ. “եվրատեսիլյան” եւ օլիմպիական խաղերի թեմաները չափազանց արդիական են:
Որպես խմբի ղեկավար Արեն Բուբուշյանը բազմաթիվ ցուցահանդեսներ է կազմակերպել ուսանողների հետ: Ամեն ինչ սկսվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շրջանակներում կազմակերպված թեմատիկ ցուցահանդեսից:):
Այս ցուցահանդեսի կազմակերպման գործում մեծ է նաեւ Արմեն Բուբուշյանի որդու դերը: Ռուբենը նույնպես դասավանդում է Գեղարվեստի պետական ակադեմիայում, օգնում է նախագծային աշխատանքներում, մասնավորապես` համակարգչային տեխնոլոգիաների հարցում: Հենց նա է վերածել ուսանողների ձեռքի աշխատանքները համակարգչային ֆայլերի, որոնք էլ հետագայում վերածվել են տպագիր աշխատանքների:
Դիզայներ Արմեն Բուբուշյանը հույս է հայտնել, որ “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի եւ օլիմպիական խաղերի հայկական գրասենյակների կազմակերպիչները շահագրգռված կլինեն եւ ուշադրություն կդարձնեն աշխատանքներին, որոնք էլ հետագայում կկարողանան օգտագործել իրենց նախագծերում:
Դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ Արմեն Բուբուշյանը BRAVO.am-ին իր նշանաբանի մասին է պատմել. “25 տարի առաջ, երբ սկսեցի դասախոսել, չէի պատկերացնում` ինչ է լինելու, որովհետեւ որպես պրոֆեսիոնալ դիզայներ եմ աշխատել: Եվ ինձ համար նշանաբան դարձավ հետեւյալը` եթե ես տալիս եմ իմ էներգիան ու ժամանակը ուսանողներին, ուրեմն պետք է արդյունք ստանամ: Հիմնականում այդպես էլ լինում է’’:
Ի դեպ, ցուցահանդեսին ներկա էին նաեւ պարոն Բուբուշյանի նախկին շրջանավարտները, ովքեր որպես դիզայներ արդեն իսկ աշխատում են տարբեր ընկերություններում:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի եւ Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: