“Երջանիկ շոկային վիճակում եմ”:) Դերասանուհի Զառան մի օր հասկացավ, որ սիրահարվել է, առանց իր երկրորդ կեսի այլեւս չի պատկերացնում հետագա կյանքը, ժամանակն է կտրուկ փոփոխությունների` ամուսնանալ ու երջանիկ շոկային վիճակում հայտնվել: :) Զառան իր հարսանիքին յուրօրինակ լուծումներ էր տվել. բարձրակրունկների փոխարեն հագնել երկարաճիտ սպորտային կոշիկներ, խախտել հայկական հարսանեկան ավանդույթներն ու չխաղալ շոու-բիզնեսային չգրված կանոններով::) Սեպտեմբերի 27-ին Վահագնի թաղամասի “Գոլֆ” ակումբում տեղի ունեցավ դերասանուհու հարսանեկան արարողությունը: Ինչպես Զառան նշեց, մոտ 1 ամիս առաջ ԶԱԳՍ-ում ինքն ու Դավիթը ամուսին ու կին են հայտարարվել եւ ամուսնական համատեղ կյանքով են ապրել մինչ հարսանիքը. “Եղբայրս առողջական խնդիրներ ուներ, որի համար էլ հետաձգեցինք հարսանիքը: Ավելի շատ երիտասարդական տոն էր մեզ համար, մեծ մասը ջահելներ էին, որոնց համար ամենակարեւորը քեֆ անելն ու ուրախանալն է առանց ձեւականությունների: Հարսանիքս այնքանով էր հայկական, որ հայ եմ:)”: Նախկին “32”-ցի Զառայի հարսանիքին մեղր ուտել, լավաշ գցել, ափսե ջարդել, կարմիր խնձոր տանել ու նմանատիպ ավանդույթները չեն կիրառվել: Կարմիր խնձորի մասին երգող Զառան կարծում է` ամոթ է այդ մասին բարձրաձայնելը, հարեւաններին ցույց տալն ու հարսին նվաստացնելը: Ասում է` կաղապարների մեջ ոչինչ չի անում. “Կուսությունն այնքան նուրբ հարց է, երկուսի գաղտնիքն է , պետք չէ դրա մասին բարձրաձայնել ցուցադրաբար: Ինչպես չես կարող սիրո մասին բառերով պատմել, այնպես էլ կան մանրուքներ, որոնք միայն զույգին են վերաբերում: Պարտադրաբար ոչինչ չենք արել, մեր տոնին ուզում էինք լիարժեք ուրախանալ: Հարսի զգեստի ձեւն էլ ես եմ ընտրել ու պատվիրել, որ պրակտիկ ու հարմարավետ լինի ինձ”: Հյուրերի շրջանակը նեղ է եղել` մոտ 100 հոգի: Դերասանուհին շոու-բիզնեսի դեմքերին չի հրավիրել, որովհետեւ. “Ոչ մեկին ցույց տալու, զարմացնելու խնդիր չունեմ: Չեմ հրավիրել շոու-բիզնեսի հայտնի մարդկանց, որ ասեմ` հարսանիքիս երգել են կամ ներկա են եղել: Ինձ շատ հարազատ ու մոտ մարդիկ են ուրախությունս կիսել”: Նորապսակները եկեղեցի չեն գնացել, փոխարենը հարսանիքի վայրում բաց երկնքի տակ Աստծու օրհնությունն են ստացել. “Կարեւորը օրհնության պահն է, այլ ոչ թե վայրը, թե որտեղ ես օրհնվում: Աստված ամենուր է, մեր մեջ է, երկնքի տակ մենք էլի իր տանն ենք”: “Միշտ չէ, որ երազանքներդ համընկնում են հնարավորությունների, կլիմայի հետ: Երազել եմ ծովափնյա հարսանիքի մասին, բայց հարազատներիս հետ Հայաստանում նշեցի: Ի վերջո, երազանքներիս մեծ մասը ներքին բովանդակություն ունեն, հոգեվիճակիս հետ են կապված: Ներդաշնակ ու երջանիկ եմ: Կյանքիս այս փուլում չէի մտածում ընտանիք կազմելու, ամուսնանալու մասին: Կտրուկ փոփոխության է ենթարկվել կյանքս: Երջանիկ շոկային վիճակում եմ”: :) Զառան ամուսնու` Դավիթի հետ ծանոթացել է նախկին “32 ակումբի” Տիգրանի միջոցով. “Մեկ տարի առաջ ծանոթացա Դավիթի հետ, որ իմ տեսահոլովակներով, երաժշտական գործերով զբաղվի: Ունեի գաղափարներ, որոնք իրականացնելու համար ինձ պրոդյուսեր էր հարկավոր: Բայց արդյունքում այնպես ստացվեց, որ սերը հաղթեց, ու հիմա ամուսիններ ենք: Բալիկի եմ սպասում, բայց այդ մասին կխոսեմ մայրանալուց հետո”::) Նկարահանումներ, երգերի ձայնագրություններ… Զառան կարիերան մի կողմ չի դրել:) Զառան հարսանեկան իրարանցումին զուգահեռ նկարահանվում է “Yere1” նախագծում, մտերիմ է նաեւ նորաստեղծ “Վիտամին” ակումբի տղաների հետ. “Ես իմ թիմի հետ եմ, ուղղակի պայմանագիր ունեմ “Արմենիա” հեռուստաընկերության հետ ու չէի կարող այլ ալիքում աշխատել: Իմ լավ ընկերներն են, նորմալ հարաբերություններ ունենք, բայց հիմա “Yere1” նախագծում եմ աշխատում”: Դերասանուհին ասաց, որ շարունակելու է երգել, տեսահոլովակներ նկարահանել, բայց դեռ երգեր է ընտրում, որ երկար դադար չունենա. “Անիմաստ է մեկ տեսահոլովակ նկարել ու հետո չշարունակել երգել: Հիմա երգերի պաշարներ եմ հավաքում, արդեն մի քանի երգ եմ ձայնագրել, որ անընդհատ նորություններ ունենամ ու տարիներով դադարներ չանեմ: Ձայնասկավառակի մասին էլ դեռ չեմ մտածում, թվաքանակ չեմ լրացնում, որ ունենամ. դա երազանքս չի…”::) Bravo.am-ն ի սրտե շնորհավորում է նորաստեղծ ընտանիքին, մաղթում երջանկություն ու անսահման սեր: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Զառայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: