70-ամյակը` երիտասարդության ավարտ եւ հասունության սկիզբ : )
Վարդուհի /«Սեր եւ ծիծաղ»/, Գերտրուդ /«Համլետ»/, Վալենտին Ռենո /«Ուղեւորն առանց ծանրոցի»/, Մադլեն /«Չաո»/, Կին /«Անվերջ վերադարձ»/, Ջուլիա /«Մամա Միա»/, Ադելա /«Ցիանակալիում... կաթով կամ առանց կաթի»/, Էլեանոր Դյուրով /«Վճարովի պատրանք»/ եւ շատ այլ կերպարներ, որոնց մասին լսելով` յուրաքանչյուր թատերասեր հիշում է այն դերասանուհուն, ով իր յուրովի խաղով կերտել է դրանք ու կենդանություն տվել:
ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը օրերս Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն էր հրավիրել իր հանդիսատեսին` եւս մեկ անգամ վայելելու «Մսյո Ամիլկար» պիեսի հիման վրա ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի բեմադրած «Վճարովի պատրանք» տրագիկոմեդիան: Ներկայացումն ու դրան հաջորդած միջոցառումը հոբելյանական էր` նվիրված Էվելինա Շահիրյանի 70-ամյակին:
1941 թվականին ծնված, «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական բաժինն ավարտած դերասանուհին 1960-ականներին մտավ հանդիսատեսի սիրտը: Հեռուստատեսությամբ ներկայացված «Սոխակներն են երգում» բեմադրության մեջ հանդես եկող դերասանուհին իր Ինգա կերպարով, որպես բարության խորհրդանիշ, հաստատեց, որ 16-17 տարեկան հասակում էլ պետք է խաղալ նման դերեր, հիմնել անկեղծության եւ ճշմարտության թատրոն:
Արդեն 70-ամյա դերասանուհին իրեն երիտասարդ է զգում, եւ ինչպես փաստում են երեկոյի հյուրերն ու իր խաղընկերները` 70-ամյակը նրա երիտասարդության ավարտն է եւ հասունության սկիզբը: Հոբելյանական երեկոյի ժամանակ «Վճարովի պատրանք» ներկայացումից հետո դերասանուհին մի շարք շնորհավորանքների, խոստովանությունների ու հաճոյախոսությունների արժանացավ, որոնցից անպակաս էին ծաղկեփնջերը, հուշանվերներն ու ծափերը, ինչն արտիստի լավագույն մրցանակն է:):
Հայ թատերարվեստում ունեցած երկարամյա վաստակի, ինչպես նաեւ ծննդյան 70-ամյակի առթիվ Էվելինա Շահիրյանին պարգեւատրեցին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Մեդալը հանձնեց նախարարության ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը` կասկած չունենալով, որ դերասանուհին շուտով արժանանալու է ժողովրդական արտիստի կոչմանը:
Էվելինա Շահիրյանը ոսկե մեդալ ստացավ նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից, որը հանձնեց միության նախագահ Հակոբ Ղազանչյանը. «Այն խաղը, որը ես տեսել եմ դեռ իմ պատանեկության տարիներին, մինչ օրս դրոշմված է իմ հիշողության մեջ եւ կմնա ինձ հետ մինչ կյանքիս վերջ: Ես այսօր բեմում տեսնում եմ նույն գեղեցկուհուն, անսահման բարի այն անձնավորությանը, ով խաղալուց բացի, դեռ շարունակում է թատրոն հաճախել. ցավոք, այսօր քիչ են այն դերասաններն, ովքեր ներկայացում նայելու են գնում: Կասկած չունեմ, որ Էվելինայի գեղեցկությունը, երիտասարդությունն ու դերասանական եռանդը դեռ երկար է ուղեկցելու նրան, հիացնելու մեզ»:
Էվելինա Շահիրյանն արժանացավ նաեւ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Զինվոր» կոչմանը: «Ես պետք է խոստովանություն անեմ: Ես 2 անգամ ներկայացումների մեջ սիրահարված եմ եղել Էվելինային. բոլորս էլ սիրում ու սիրահարված ենք նրան, նրա դերասանական խաղին ու տաղանդին»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:
Հոբելյարին շնորհավորեցին նաեւ արտերկրից` հեռագրի եւ ձայնային հաղորդագրության միջոցով: «Բարի երեկո, իմ շատ, շատ, շատ սիրելի մամ ջան...»,-ասվում էր Էվելինա Շահիրյանի թոռան`հեռուստահաղորդավար Արման Մարգարյանի` Մոսկվայից ուղարկված ձայնային հաղորդագրության մեջ: Տատիկին շնորհավորելով` Արմանը նրան դիմում էր իրեն հարազատ ոճով` հիշելով նաեւ հեռուստատեսությունում իր սկսած ուղին ու դրանում տատիկի, ում նաեւ մայրիկ է անվանել, ունեցած մեծ դերն ու ճիշտ ուղղորդելը. «Ես հպարտ եմ ու երջանիկ, որ Էվելինա Շահիրյանի թոռն եմ»:
Դերասանուհուն մեկ առ մեկ շնորհավորեց նաեւ հարազատ թատրոնի անձնակազմը` յուրաքանչյուրը մեկ վարդ նվիրելով Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկին, զինվորին ու սիրելի դերասանուհուն:):
«Ես էլ եմ ուզում խոստովանություն անել. ես իմ ողջ կյանքում անմնացորդ սիրով սիրահարված եմ եղել դրամատիկական թատրոնին: Ինչ էլ որ խոսվի իմ 40-ամյա աշխատանքի մասին, չեմ կարող չհիշել այն անունները, որոնց հետ կապված է դրամատիկական թատրոնն ու իմ խաղը: Մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ հիշողություն ունի. մենք չպետք է մոռանանք նրանց»,-ասաց Էվելինա Շահիրյանն ու իր շնորհակալական խոսքը հայտնեց երեկոյի կազմակերպիչներին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին, դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմին, իր հանդիսատեսին ու խաղընկերներին:
BRAVO.am-ը եւս միանում է շնորհավորանքներին:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները`Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: