Երեւակայում են ԵԹԿՊԻ-ի ուսանողները Հունվարի 14-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի /ԵԹԿՊԻ/ ուսանողները մեկ օր էլ պահպանեցին տոնական տրամադրությունը: Gaudi կարաոկե-ակումբում կազմակերպված դիմակահանդեսին ներկա էին լեգենդար Զոռռոն, փերիներ, ոստիկաններ, բժիշկներ… Քաղաքական գործչի կերպարով հյուր էլ կար: Զոռռոյի կերպարով էր “Հիպոկրատի երդվյալները” սերիալում բուժքրոջ դերում հանդես եկող Անահիտ Կիրակոսյանը: Դերասանուհին փորձում է ամեն տարի յուրովի ներկայանալ: “Այս միջոցառումը թույլ է տալիս, որ մենք` դերասաններս, երեւակայենք, կերպարներ ստեղծենք: Այսօր տղամարդու կերպարով եմ. կարողացել եմ այնպես անել, որ ինձ չճանաչեն: Երկու տարի առաջ Թումանյանի Անուշի կերպարով էի, անցյալ տարի էլ Արլեկինո էի”,-ասաց Թատերական ինստիտուտի ուսանող, Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը: Դիմակահանդեսի կազմակերպիչ, ԵԹԿՊԻ “Դրամատիկական թատրոնի ռեժիսուրա” բաժնի երկրորդ կուրսի ուսանող Ֆրունզե Գեւորգյանը ասում է, որ իրենք շատ ուրախ մարդիկ ենք ու ցերեկույթ են կազմակերպել, որովհետեւ “կարեւոր չի` երեկո լինի, հենց ցերեկն էլ կարող ենք լիաթոք ուրախանալ”: Դիմակահանդեսի ժամանակ տարբեր ոճի երաժշտություն էր հնչում. ժողովրդական, ռաբիսից մինչեւ լատինաամերիկյան: Ուսանողները կարաոկե էլ երգեցին, խաղերի ժամանակ իրենց դերասանական վարպետությունը ցույց տվին: Ամեն տարի դիմակահանդես կազմակերպելը Թատերական ինստիտուտում ավանդույթ է դարձել: Արդեն չորս տարի միջոցառումը վարում է դերասան Կարապետ Բալյանը. “Միշտ Ձմեռ պապու կերպարով էի լինում, այս տարի իմ կերպարը… իմ մեծ քիթը միշտ ինձ հետ է, դրանով եմ ներկայանում:)”: ՄԻջազգային լուրերի մեկնաբան Էրիկ Բարսեղյանը ԵԹԿՊԻ-ում դերասանի վարպետություն եւ ռեժիսուրա է դասավանդում: Նա կատակեց, որ դիմակահանդեսին եկել է քաղաքական գործչի կերպարով: “Թատերական ինստիտուտի կազմակերպած փարթիների ժամանակ կերպարների առումով ուսանողները շատ լավ են պատրաստվում, շատ գունավոր են իրենց մտահղացումներով”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: