×


Ժակ

Ժակ

“Կյանքում հենց այնպես ոչինչ չի դասավորվում” Կապ չունի` մարդիկ ճանաչում են հաղորդավար Ժակին անձնապես, թե ոչ: Այնպիսի տպավորություն է, որ նա բոլորի ընկերն է:  Հավասարակշռված, սակայն երբեմն խենթություններ անող, հիմնականում երկրային` “գետնին կպած”, բայց տիկնոջ համար վարդերից պուրակ պատրաստելուն պատրաստ, ցանկացած արտահայտմամբ պարտքի զգացումը չսիրող, ինքնատիպ ոճի տեր ու հայկական հեռուստատեսության ու ռադիոյի ամենավառ կերպարներից մեկը` Ժակը, նույն ինքը Հակոբ Պապիկյանը այսօր մեր հերոսն է: Jak Ժակի հետ հանդիպեցիք իր երեկոյան եթերի ընթացքում: Մեր զրույցը ընդմիջվում էր դադարներով, որոնց ընթացքում Ժակը փոխում էր եթերում հայտնվող երաժշտությունը ու չէր մոռանում տեղյակ պահել իր լսողներին, ինչով է զբաղված: “Մի քանի րոպեից կմիանամ ձեզ, հիմա հարցազրույց եմ տալիս Bravo.am կայքին: Կարող եք կարդալ հարցազրույցը, ինչպես նաեւ էլի շատ ու շատ հետաքրքիր նորություններ Bravo.am-ում”,- “Radio Van”-ի ուղիղ եթերում հնչեց մեր կայքի անվճար գովազդը, որից հետո էլ սկսվեց զրույցը Ժակի հետ: - Ժակ, գիտեմ որ հաղորդավար դառնալը քեզ մոտ դասական սցենարով է եղել` երազել ու դարձել ես:): - Գիտես, այնքան ժամանակ է անցել, ու ամեն տարիքում տարբեր հայացքներ ես ունենում: Ես երջանիկ եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքի այն տարբերակն են գտնում, որն իրենց մեծ հաճույք է պատճառում, ու նրանք վարձատրվում են դրա համար: Տարիքի հետ զուգահեռ իմաստությունը մեծանում է, եւ սկսում ես ուշադրություն դարձնել այն փաստին, որ կյանքում հենց այնպես ոչինչ չի դասավորվում: Ընդհուպ մինչեւ ԲՈՒՀ ընդունվելը իմ ծնողներն էին իմ փոխարեն ընտրություն կատարում: Սովետական մոդելի ընտանիքում եմ մեծացել`բարձրագույն կրթություն, պետական հիմնարկներում աշխատանք: Ու ծնողներիս համար զարմանալի էր, որ այս մասնագիտությունն ընտրեցի: Բայց երջանիկ եմ, որ որպես մարդ ձեւավորման ընթացքում հասկացա, թե որ աշխատանքի մեջ ես կկարողանամ լիարժեք ինքնաարտահայտվել եւ կայանալ: Jak - Փաստորեն, հաղորդավարությունը քո կոչումն է, կամ առաքելությունը: - Կարծում եմ, յուրաքանչյուրս այս կյանքում ինչ-որ առաքելություն ունենք, որը պիտի իրականացնենք: Չեմ ասում, որ հենց սա է իմ առաքելությունը: Միգուցե գործի ընթացքում ես չեմ էլ նկատել, բայց առաքելությունս փոխվել է: Միգուցե ինչ-որ սիրահար զույգ բարիշել է հենց հաղորդման ընթացքում հնչած խոսքերի, երաժշտության ներքո :): Ես շփվող անձնավորություն եմ, բայց դժվար է շփվել տարատեսակ մարդկանց հետ: Օրինակ` իմ ծննդյան տարեդարձս չեմ սիրում: Բացի նրանից, որ եւս մեկ տարով էլ եմ մեծանում, հանգիստ չեմ զգում ինձ, ուզում եմ հասցնել բոլորի հետ շփվել ու գոհացնել: - Այդ դեպքում, ո՞րն է սիրելի տոնդ: - Դստերս ծննդյան տարեդարձը: Ամենից լավ օրն է ինձ համար: Հունիսի 23-ին 6 տարեկան է դառնալու:): Իմ մեթոդը այն է, որ ես օրինակ եմ ծառայում, բայց երբ մեծանա, թող ինքնուրույն որոշումներ կայացնի ու հասկանա, ես միայն աջակցում եմ: - Հիշու՞մ ես առաջին աշխատավարձդ ինչի վրա ես ծախսել: - Հա, հիշում եմ: 1998 թվականին եմ ստացել :): Հանրային ռադիոյում էի այդ ժամանակ աշխատում: Վազեցի խանութ ու երկու հատ գինի գնեցի` մաղարիչի համար: Ու այնքան էի շտապում, որ երկու գինիներն էլ ընկան, ու մեկը ջարդվեց: Նորից գնացի ու գինի գնեցի :): Lulu & Jak - Սկսեցիր ռադիոյից, հետո հայտնվեցիր նաեւ հեռուստատեսությունում: Այնուամենայնիվ, ո՞րն է քոնը: - Երբ 4-5 տարի աշխատում ես ռադիոյում, մարդիկ հետաքրքրվում են ու ուզում են տեսնել քեզ: Ընդհանրապես, Հայաստանում մարդիկ ստիպված են համատեղել միանգամից մի քանի աշխատանք` ռադիո, հեռուստատեսություն, գովազդային տեքստեր, տարբեր միջոցառումներ: Քեզ տեսան, սիրեցին, բայց գալիս է մի պահ, որ դա արդեն այդքան էլ հետաքրքիր չէ: Գիտես, սա նույնն է, որ երեխային հարցնում են, ծնողներից ում ես ամենից շատ սիրում:): - Խոսեցիր դստերդ մասին: Դու եւ կինդ մեր շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն եք: Ձեզ հաճախ կարելի է հանդիպել տարբեր միջոցառումների ընթացքում: Ինչպիսի՞ն ես ընտանիքում, տանը: - Բախտս բերել է: Իմ ընտանիքը` ծնողներս, կինս, դուստրս ճիշտ ու հասկացող մարդիկ են, ու դրա համար արտառոց խնդիրներ երբեք չենք ունենում: Վստահ եմ, որ այս հարցում եւս ոչինչ պատահական չէ: Կան զույգեր, որ միմյանց դավաճանում են, կամ չեն դավաճանում, խաբում են, կամ ազնիվ են: Մի կողմ թողնենք բացառությունները, բայց յուրաքանչյուրը արժանի է իր երկրորդ կեսին: Օրվա ընթացքում այնքան զբաղված եմ լինում, որ հաճախ համատեղում եմ աշխատանքն ու հանգիստը: Միասին շատ համերգներ ենք այցելում: - Եթե, այնուամենայնիվ, հաջողվում է կտրվել աշխատանքից, ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ: - Ամեն օր աշխատավայրից շտապում եմ տուն` ընտանիք, որտեղ ինձ սպասում են շատ սովորական առօրյա խնդիրներ: Սեփական տանն եմ բնակվում, ու սերը դեպի բնությունը, պարտեզը դեռ մանկուց է: Պարտեզում հատուկ անկյուն ունենք, որտեղ հաճախ թեյ ենք ըմպում: Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ: Հաճախ համերգներ եմ հաճախում: Վերջին անգամ, ոչ աշխատանքային առիթով, ներկա եմ գտնվել Լարա Ֆաբիանի համերգին: Ինտերնետը եւս անբաժան մասնիկ է կազմում: Jak - Սոցիալական կայքերի հետ ինչպե՞ս ես: - Շփման մեջ այդքան ակտիվ չեմ: Նախկինում իմ ֆեյսբուքյան էջում մերժում էի անծանոթ մարդկանց ընկերությունը: Բայց հետո հասկացա, որ հանրության հետ եմ աշխատում, ու եթե քեզ ընկերություն են առաջարկում, ուրեմն ուզում են ավելի լավ ճանաչել, շփվել: Ու ես պատրաստ եմ ընկերանալ ու, որքան ժամանակը բավարարի, շփվել նրանց հետ: Այդ բանակը արդեն քո թիմն է դառնում: Ի դեպ, “Odnoklassniki”-ում էջ չունեմ: - Աշխատանքդ հիմնականում երաժշտության հետ է կապված: Չե՞ս հոգնում անդադար երգեր լսելուց եւ գործից դուրս երգեր լսու՞մ ես: - Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց չեմ կարողանում լսել այն երաժշտությունը, որը մատուցվում է ռեստորաններում: Դա իմ հոգուն հարազատ չէ: Իմ երաժշտական ճաշակը բազմազան է: Ինձ ուժ տվող երաժիշտը Մայքլ Ջեքսոնն է, երբ “էներգաքամ եմ” լինում, նրան եմ լսում: Սիրում եմ Jamiroquai, երբեմն ասում եմ ` “Ջեքսոն ջան, կներես, քեզ մի քիչ դավաճանում եմ” :): Աշխատանքի բերումով հաճախ նոր անուններ եմ հայտնաբերում: - Ասացիր, որ հասել ես այն ամենին, ինչին քիչ թե շատ ձգտել ես: Կայացած հաղորդավար ես, երջանիկ ես ընտանիքում, պահանջված ու սիրված անձնավորություն: Էլ ի՞նչն ես ուզում հաղթահարել: - Իրեղեն ձեռքբերումների շարքին կարելի է դասել տանս կառուցման ցանկությունը: Հիմա անգլերեն եմ պարապում: Հա, ի դեպ, պլաններում կա համալրել մեր ընտանիքը որդիով :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW